Ջրային կոմիտեի նախագահն ԱԺ-ում հայտարարեց Սևանա լճից հավելյալ 70 մլն խմ ջրառի անհրաժեշտության մասին

Ջրային կոմիտեի նախագահն ԱԺ-ում հայտարարեց Սևանա լճից հավելյալ 70 մլն խմ ջրառի անհրաժեշտության մասին

Սևանա լճից մոտավորապես 70 միլիոն խմ հավելյալ ջրառի անհրաժեշտություն կլինի: Այս մասին 2023թ. մայիսի 18-ին Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը: 

«Նախորդ տարի մենք Սևանից վերցրել ենք 165 մլն խմ ջուր, Արփա-Սևան թունելով մատակարարել ենք մոտ 170 մլն խմ: Այս պահի դրությամբ Սևանի բացասական սալդոն -15 սանտիմետր է: Նախորդ տարվա նույն օրվա համեմատ Հրազգդան գետն ունեցել է 26-27 խմ/վ ջրատվություն, իսկ այսօր՝ 8-9 խմ/վ ջրատվություն: Եթե նախորդ տարի Սևանից ջրառը սկսեցինք հունիսի 3-ից, այս տարի եղանակային պայմաններից ելնելով մեկ ամիս առաջ ենք սկսել: Արաքսի թևում նույնպես ունենք խնդիր՝ կապված նաև հարևանների հետ: Մենք կարծում ենք, որ Կարսի ջրամբարից այն դոտացիան, որը պետք է, չի լինի: Լուծումներից մեկն այն է, որ Սևանից մոտավորապես 70 միլիոն խմ հավելյալ ջրառի անհրաժեշտություն կլինի»,- նշեց Վահագն Գևորգյանը: 

Վահագն Գևորգյանի խոսքով՝ այս տարի սակավաջուր են նաև Հայաստանի ջրամբարները: «Ուսումնասիրել ենք հինգ խոշոր ջրամբարների 2018-2023թթ. վերլուծությունը՝ արձանագրել ենք ջրամբարների լցվածության բացասական շեղում: Ջրամբարներում կանխատեսվել է 520-560 մլն խորանարդ ծավալով ջրի կուտակում, սակայն սույն թվականի մայիսի 17-ի դրությամբ՝ այդ ջրամբարներում կուտակված ջրի ծավալը կազմում է շուրջ 363 մլն: Այս ցուցանիշը պակաս է, քան վերջին տաս տարիներում ամենից սակավաջուր համարվող 2014թ. նույն օրերի ցուցանիշից»,- նշեց նա: 

 



Մայիս 19, 2023 at 11:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր