Այսօր` կեսօրին, Գագարին բնակավայրի հատվածում ձկնորսները, ի նշան բողոքի, փակել էին Երևան-Սևան միջպետական ճանապարհը: Բողոքի ակցիայի պատճառը սիգի որսի արգելքն է: Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023թ. նոյեմբերի 25-ից մինչև 2024թ․ հունվարի 20-ը Սևանա լճում արգելվում է սիգի որսը։
Ձկնորսները պահանջում էին հանդիպում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։ ԷկոԼուրին Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնեցին, որ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների կողմից բացատրական աշխատանանքների արդյունքում հնարավոր եղավ համոզել ցուցարարներին բացել ճանապարհը: «Խելամիտ պահանջ չէ: Որսի արգելքը տևում է ընդամենը մեկ ամիս, և դա արվում է այն նպատակով, որ որսաշրջանի մեկնարկին ձկնորսները որսալու ձուկ ունենան: Մարզում պարբերաբար բացատրական միջոցառումներ են իրականացվում՝ իրազեկելու համար ձկնորսներին արգելքի մասին»,- նշեցին նախարարությունից:
Հիշեցնենք, որ 2023թ․ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը սահմանվել էր 600 տոննա։ Որսի իրականացման ժամկետը մինչև նոյեմբերի 15-ն էր։
Դեկտեմբեր 15, 2023 at 16:53