

ԷկոԼուր
Հասարակությունը կոչ արեց Ասիական զարգացման բանկին (ADB) աշխատել թափանցիկ, հատկապես Սևան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երի ֆինանսավորման հարցում՝ նշելով, որ Սևանա լիճը Հայաստանի համար մեկ բնապահպանական խնդիրն է:
Այս հարցը քննարկվեց ADB-ի հայաստանյան մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին ADB-ի ծրագրերի գլխավոր համակարգող Արեգ Բարսեղյանը, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, «Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի տնօրեն Արամ Գրիգորյանը, «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի անդամ Մոնիկա Երիցյանը:
Ասիական զարգացման բանկը 25 միլիոն դոլլարի վարկ է հատկացրել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ին՝ Սեւան-Հրազդան կասկադի վերակառուցման համար: «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ի բաժնետեր հանդիսացող «ՌուսՀիդրո» ԲԲԸ-ն տրամադրել է կորպորատիվ երաշխիկ այդ գործարքի համար:
Ինչպես նշված է վարկային ծրագրի նկարագրում. «Այն նպատակ ունի խթանել կայուն տնտեսական զարգացումը՝ բարելավելով էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը: Ծրագրի իրականացման արդյունքում կկրճատվեն նաեւ ջրի արտահոսքը ջրահեռացման ուղիներից, ինչպես նաեւ այն կնպաստի ջրային ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանը»:
Սիլվա Ադամյանը նշեց, որ Սևանա լճից ջրբացթողումների քանակի ավելացումն ուղղակի կապ ունի Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների համալիրի շահագործման հետ: Խնդրի շուրջ դեռևս սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացվել էր հանդիպում շահագրգիռ կողմերի և նախարար Արամայիս Գրիգորյանի հետ: Սակայն հանրությունը հանդիպումը գնահատել էր ոչ արդյունավետ, քանի որ լուրջ հիմնավորումներ այն մասին, որ Սևանա լճից լրացուցիչ ջրբացթողումները կապ չունեն կասկադի էլեկտրաէներգիա արտադրելու հետ, չէին բերվել: Բացի դրանից վերոնշյալ հանդիպմանը ADB-ն չէր մասնակցել:
Արամ Գրիգորյանն ասաց. «Այս խնդիրը մեզ համար հրատապ է, դա տարածաշրջանային խնդիր է: Բնապահպանների ուշադրությունը սևեռված է այս խնդրի վրա, ինչը չի կարելի ասել կառավարության մասին: Եթե մի տեղ կա բիզնես, մարդիկ ուղղորդված են միայն բիզնեսով, իսկ մյուս կողմը՝ բնապահպանական, տուժում է: Ընկերությունը, որը ունի 100 տոկոս ռուսական կապիտալ, բիզնես է անում Հայաստանի էկոլոգիական խնդիրների հաշվին: Մեր վերլուծությունները հենված են զուտ ընկերության տվյալների վրա, և փաստերը ցույց են տալիս, որ երբ Սևանա լճից ջրբացթողումները ավելանում են, ընկերության արտադրանքի հզորությունները և ֆինանսական հոսքերը նույնպես ավելանում են», - ասաց Արամ Գրիգորյանը:
ADB-ի ծրագրերի գլխավոր համակարգող Արեգ Բարսեղյանն ասաց. «Սևան և Հրազդան ՀԷԿ-երը աշխատում են ոռոգման այն շրջանում, երբ Սևանից ջուր է բաց թողնվում, իսկ երբ Սևանից ջուր բաց չի թողնվում, դրանք չեն աշխատում: Մնացած ՀԷԿ-երը աշխատում են ողջ տարին: Ջրի կորուստ կա, քանի որ ջրանցքը հին է, կատարվում է 54 կմ ջրանցքի վերանորոգում: Վերանորոգման արդյունքնում ջրի կորուստը 30 տոկոսով կնվազի»:
Հարցին, թե որքան գումար է բանկը արդեն փոխանցել ընկերությանը, Արեգ Բարսեղյանը պատասխանեց, որ դա մասնավոր ծրագիր է և իրենք չեն կարող նշել՝ որքան գումար են արդեն փոխանցել:
Անդրադառնալով բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի վերաբերյալ հանրության իրազեկման և մասնակցության հարցին՝ Արամ Գրիգորյանը նշեց, որ բանկը պետք է որոշակի աշխատանք իրականացնի հանրության հետ:
«Եթե հարցերը քննարկվեին մինչ ծրագրի հաստատելը, մի գուցե այս խնդիրը չլիներ: Սա հանրային ծառայություն է, և ամեն ինչը պետք է լինի թափանցիկ: Մենք բանկին կոչ ենք անում ակտիվ կապ պահել հանրության հետ», - ասաց Արամ Գրիգորյանը:
Հանդիպման ավարտին բանկի ներկայացուցիչները նշեցին, որ հանդիպումները հանրության հետ կլինեն շարունակական, իսկ հանրության ներկայացուցիչներն առաջարկեցին դրանք իրականացնել եռակողմ ձևաչափով, որտեղ ներկա կլինեն նաև ընկերությունները, որոնց բանկը տրամադրում է վարկեր:
Հանդիպման ժամանակ բարձրացված այլ հարցերի վերաբերյալ «ԷկոԼուր»- ի հաջորդ հրապարակումներում:
Սեպտեմբեր 29, 2014 at 16:19