«Վարդենիկ» ՓՀԷԿ-ը շահագործողը խոստացել է վճարել Վարդենիկ համայնքի փողոցային լուսավորության ծախսերը

«Վարդենիկ» ՓՀԷԿ-ը շահագործողը խոստացել է վճարել Վարդենիկ համայնքի փողոցային լուսավորության ծախսերը

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի և «Վարդենիկ» ՓՀԷԿ- սեփականատեր` ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդու Պարույր Հակոբյանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ ՓՀԷԿ-ը շահագործող «Ջրասահք» ընկերությունն իր վրա է վերցնում համայնքի փողոցային լուսավորության ամբողջ ծախսերը որպես ներդրում:

«ԷկոԼուր»-ի հետ զրույցում Վարդենիկի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ այդ նպատակով Վարդենիկի համայնքապետարանին կից ստեղծվում է հիմնադրամ, որտեղ էլ փոխանցվելու են գումարները: Հիմնադրամի ստեղծման մասին փաստաթղթերը պետռեգիստր են փոխանցվել հունիսի 7-ին: Հովհաննիսյանը չնշեց, թե որքան գումար է պարտավորվել փոխանցել ՓՀԷԿ-ը շահագործողը, միայն ասաց, որ համայնքի 90 տոկոսը լուսավորված է:

Հիշեցնենք, որ Վարդենիկի բնակիչները մեկ ամիս առաջ կանգնեցրել էին «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ի կայանի աշխատանքը, քանի որ ՓՀԷԿ-ը չէր ապահովում գետի էկոլոգիական թողքը: Բնակիչները պահանջեցին ապահովել ՓՀԷԿ-ի շահագործման բնապահպանական նորմերը և ներդրում անել համայնքի համար: Վարդենիկ այցելեց նախ Հակոբ Հակոբյանը, այնուհետև Պարույր Հակոբյանը, և սկսվեցին բանակցությունները համայնքի հետ:

«Հեղափոխության ժամանակ, տեսնելով այդ համախմբումը, մարդիկ ոտքի կանգնեցին: ՀԷԿ-ի սեփականատերերի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի այսուհետ համայնքը չառնչվի որևէ բնապահպանական խնդրի ՀԷԿ-ի շահագործման ընթացքում: Պայմանավորվել ենք, որ ջրաչափ է տեղադրվելու, օնլայն համակարգ», - ասաց Արմեն Հովհաննիսյանը:  Նա նշեց, որ այս փուլում բնակիչների բողոքի ակցիան համարում է հաջողված, իսկ որպես հաջողության հիմք առանձնացրեց համագործակցությունը բնակիչների և համայնքապետարանի միջև:

Արմեն Հովհաննիսյան

Վարդենիկի բնակիչները ԷկոԼուրի հետ զրույցում նշեցին, որ եթե տրված խոստումները չպահպանվեն, թույլ չեն տա ՓՀԷԿ-ի շահագործումը:

«Մեր գյուղի հույսը, հավատը, ապրելը մեր գետն է, մենք ափսոսանք ենք ապրում, որ չենք կարողացել նախկինում ինչ-որ բան անել, բայց այսօր ուզում ենք, որ նորմալ լինի, ամեն ինչ չափի մեջ լինի: Դա մի հիասքանչ վայր է, ինչու պետք է այն ամայանա, ջուր չլինի…Մեր սկզբնական պահանջը եղել է, որ ՀԷԿ-ում սարքավորումներ պետք է դրվեն, որպեսզի բոլորս ցանկացած պահի կարողանանք տեսնել գետի ջրի հոսքը: Դա մեր գյուղի 80-90 տոկոսի պահանջն է: Պարույր Հակոբյանը, որպես ՀԷԿ-ի սեփականատեր, ժողովրդի առաջ խոսք է տվել, որ կֆինանսավորի ջրաչափի և օնլայն համակարգի ծախսերը: Խոստացել է, պետք է անի, եթե չանի, չի աշխատի ՀԷԿ-ը», - ասացին վարդենիկցիները:

«5 տարի աշխատել է այդ ՀԷԿ-ը` բնապահպանական նորմերը չպահպանելով: Ես բազմիցս գնացել, տեսել եմ, որ գետի այդ հատվածում ընդհանրապես ջուր չկա կամ շատ քիչ կա: Դրա համար ոչ միայն մենք, պետությունը պետք է պայքարեր, բայց իշխանությունները աչք էին փակում դրա վրա: Սա միայն համայնքի խնդիրը չէ, սա պետության խնդիրն է, որը պետք է վերահսկի տնտեսվարողներին:

Ասեմ, որ այստեղ խնդիրը միայն բնապահպանական չէ, այստեղ հարցի բարոյական կողմն էլ կա: Յուրաքանչյուր վարդենիկցի պետք է հասկանա, որ ինքն էլ է այդ ջրի տերը, իր հետ էլ պետք է հաշվի նստեին: Մեր կարծիքն անտեսվել է այն ժամանակ, երբ հանրային լսում է եղել և դրան մասնակցել է Վարդենիկի 10 տոկոսը: Մենք չենք իմացել, երբ են եղել այդ լսումները: Եթե գետի վրա ինչ-որ բան էր կառուցվում, պետք է ամբողջ գյուղն իմանար այդ մասին», - նշեց տեղական «Համայնքի Զարկերակ» ԵՀԿ-ի նախագահ Արտուշ Խաչատրյանը:

Նա պատմեց, որ տարբեր համայնքների բնակիչներ զանգում են իրենց և հետաքրքրվում պայքարի իրենց փորձով: «Մենք հայտարարեցինք ՀԷԿ-ի օրինական աշխատանքի հիմք դնելը համայնքում, և սա դարձավ վարակիչ», - շեշտեց Արտուշ Խաչատրյանը:

«Վարդենիկ» ՓՀԷԿ-ը կառուցված է Սևանա լիճ թափվող Վարդենիս գետի վրա:



17:05 Հունիս 08, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news