

ԷկոԼուր
Արցախի Հանրապետությունում բողոքի ալիք է բարձրացել ՀԷԿ-երի կառուցման դեմ: «Քարվաճառն առանց ՀԷԿ-ի» հասարակական խումբը ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգում է. «160 կմ երկարությամբ արցախյան գլխավոր գետերն արդեն հոսում են խողովակաշարերի միջով։ Հենց այս պահին Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում կառուցվում են նորերը։ Ջրազրկում են տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքներ։ Մի քանի օլիգարխի ագահությունը հագեցնելու համար Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները զրկում են բնականոն զարգացման և լիարժեք վերաբնակեցման հեռանկարից»։
Ս.թ. հունվարի 20-ից քարվաճառցի մտավորական և հանրային գործիչ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է սկսել ՀԷԿ-երի կառուցման դեմ՝ պահանջելով դադարեցնել Տրտու (Թարթառ) գետի վերին ավազանում ընթացող բոլոր ՀԷԿ-աշինական աշխատանքները, այդ տարածքներից ամբողջովին դուրս բերել ողջ շինտեխնիկան, Արցախի կառավարությանը հանդես գալ հատուկ պաշտոնական հայտարարությամբ՝ Քարվաճառի շրջանում այսուհետ որևէ նոր փոքր ՀԷԿ կառուցելու մտադրությունից իսպառ և հիմնավորապես հրաժարվելու վերաբերյալ։ Քանանյանը նաև պահանջում է ձևավորել հատուկ հանձնաժողով, որը լիակատար թափանցիկությամբ պետք է ուսումնասիրի Արցախում Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի համատեղ կառավարման տարիներին կառուցած յուրաքանչյուր ՀԷԿ-ի համապատասխանությունը գործող բնապահպանական կարգավորումներին: Իսկ գործող ՀԷԿ-երը պետք է բերել բնապահպանական կարգավորումների համապատասխանության դաշտ, 2019 թ-ի վերջի դրությամբ կառուցվող և գործել չսկսած ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները սառեցնել: Քանանյանը նշում է, որ պահանջագրի պայմանները չկատարելու դեպքում հացադուլից կանցնի նաև ջրադուլի։
Ալեքսանդր Քանանյան
Աջակցելով Ալեքսանդր Քանանյանի պայքարին, ս.թ. հունվարի 27-ից հացադուլին է միացել նաև Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանը՝ պահանջելով.
1. դադարեցնել փոքր ՀԷԿ-երի շինարարությունները Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում՝ անկախ դրանց թերավարտության աստիճանից, ու շինարարական տեխնիկան անհապաղ հեռացնել շինհրապարակներից,
2. հրապարակայնացնել դրանց արտոնագրման և ֆինանսավորման հետ կապված ողջ ինֆորմացիան,
3. ստեղծել հատուկ քննող հանձնաժողով Հայաստանի պաշտոնյաների, քաղհասարակության և անկախ փորձագետների մասնակցությամբ՝ ստուգելու համար արտոնագրման, ֆինանսավորման և շահագործման օրինականությունը, ինչպես նաև համապատասխանությունը ազգային անվտանգությանը, ազատագրված տարածքների բնակեցման հրամայականին և կայուն զարգացման ռազմավարությանը։
Ալեքսանդր Քանանյանը և Մհեր Պողոսյանը
Իսկ ս.թ. հունվարի 29-ից ՀԷԿ-երի կառուցման դեմ պայքարին միացան նաև Քարվաճառի միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտները՝ հայտարարելով դասադուլ:
Երեկ Ալեքսանդր Քանանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են ճնշումներ գործադրել պայքարի դուրս եկած բնակիչների դեմ, այդ թվում՝ աշակերտների:
Արցախի նախագահի, պետնախարարի և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Քարվաճառի դասադուլավոր աշակերտները մերժել են դասադուլը դադարեցնելու պահանջը:
Լուսանկարը՝ Դավիթ Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից
Արդեն 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Քանանյանն այսօր հայտարարել է. «Քաղաքացիների, հատկապես դպրոցահասակ երեխաների հանդեպ որևէ բռնաճնշման կամ ահաբեկման փորձ չի ներվելու»:
Գլխավոր լուսանկարը՝ Ալեքսանդր Քանանյանի
Հունվար 30, 2020 at 14:49