Նամակ բնապահպանության նախարարին` անթույլատրելի է նոր ՓՀԷԿ-երի կառուցումը Արտավանի եւ Հայաստանի բազմաթիվ այլ գետերի վրա

Նամակ բնապահպանության նախարարին` անթույլատրելի է նոր ՓՀԷԿ-երի կառուցումը Արտավանի եւ Հայաստանի բազմաթիվ այլ գետերի վրա

ԷկոԼուր

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ), «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն եւ Էկոլոգիական հասարակական դաշինքը ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին կարծիք են ուղարկել Հայաստանում նոր փոքր ՀԷԿ-երի եւ, մասնավորապես,  Արտավան գետի վրա «Արտավան» 2 ՓՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Հասարակայնության ներկայացուցիչները անթույլատրելի են համարում նոր ՓՀԷԿ-երի կառուցումը Արտավանի եւ Հայաստանի բազմաթիվ այլ գետերի վրա: Նախարարին ուղղված նամակում ասված է.

«Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացվել Վայոց Ձորի մարզի Արտավան գետի վրա կառուցվող երկու նոր փոքր ՀԷԿ-երի նախագծերը: Արտավան գետն ունի ընդամենը 19 կմ երկարություն, որից 3,7-ը վերցված է խողովակների մեջ արդեն շահագործվող ՓՀԷԿ-ի կողմից: Եթե կառուցվեն ևս երկուսը, ապա գետի 35%-ը (6,7 կմ) բնական հունի փոխարեն կհոսի խողովակներով, ինչը, ներկայումս գործող էկոլոգիական թողքերի հաշվարկման մեթոդիկան հաշվի առնելով՝ կհանգեցնի գետի և հարակից էկոհամակարգերի վիճակի կտրուկ վատթարացման: Շրջակա միջավայրի վրա կուտակային բացասական ազդեցությունն ու այս ոլորտում առկա օրենսդրական բացերն անթույլատրելի են դարձնում նոր ՓՀԷԿ-երի կառուցումը ոչ միայն Արտավան, այլ նաև Հայաստանի բազմաթիվ այլ գետերի վրա:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս ոլորտի աննախադեպ զարգացման ու բազմաթիվ օրենսդրական բացերի հետևանքով արդեն իսկ առաջ են եկել էկոլոգիական և սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ մենք հստակ առաջարկներ ենք ներկայացրել ՀՀ կառավարությանը, որոնք այժմ գտնվում են քննարկման փուլում (http://www.armecofront.net/mamlo-haghordagrutyunner/arajarkner-hek/, http://ecolur.org/hy/news/water/ecolur-to-send-proposals-on-small-hpps-to-head-of-national-water-council-ra-prime-minister-hovik-abrahamyan/6438/): 

Առավել ևս, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը վերոնշյալ առաջարկների վերաբերյալ և փոքր ՀԷԿ-երի առաջ բերած խնդիրները նվազագույնի հասցնելու համար նախընտրելի է համարել․ 

- հրաժարվել բնական ջրահոսքերի (գետերի) վրա նոր փոքր ՀԷԿ-եր կառուցելու քաղաքականությունից և կառուցել դրանք միայն ոռոգման համակարգերի վրա,

- ստեղծված իրավիճակը թելադրում է էկոլոգիական թողքի հաշվարկման նոր մեթոդիկայի մշակման անհրաժեշտություն,

- ձևավորել մեխանիզմներ բնապահպանական թողքի քանակը կարգավորող ավտոմատ համակարգերի ներդրման համար,

- անհրաժեշտություն է առաջացել վերանայել փոքր ՀԷԿ-երի լիցենզիաների տրամադրման ընթացակարգը, ըստ որի՝ կառուցման լիցենզիա պետք է տրամադրվի

ՀԷԿ-ի նախագծային փաթեթի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո։ 

Հաշվի առնելով այս ամենը՝ մենք կարծում ենք, որ նախարարությունը պետք է շատ ավելի նախաձեռնող գտնվի և առաջարկի կառավարությանը միառժամանակ ձեռնպահ մնալ նոր ՓՀԷԿ-երի նախագծերի քննարկումից, քանի դեռ չեն գտնվել լուծումներ արդեն իսկ առաջ եկած խնդիրներին և չեն ընդունվել իսկապես էկոհամակարգային մոտեցումներ ապահովող օրենսդրական ակտեր, որոշումներ և չափորոշիչներ: Հակառակ դեպքում մենք հետագայում կբախվենք շատ ավելի լուրջ խնդիրների՝ ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալ-տնտեսական առումներով:

07.08.2014

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Էկոլոգիական հասարակական դաշինք»:

Օգոստոս 07, 2014 at 14:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր