Թեղուտի դեպքն ընդունել որպես դաս և հրաժարվել Ամուլսարի հանքի շահագործումից, կոչ արեց պատգամավորը

Թեղուտի դեպքն ընդունել որպես դաս և հրաժարվել Ամուլսարի հանքի շահագործումից, կոչ արեց պատգամավորը

ԷկոԼուր

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը սույն թվականի փետրվարի 6-ին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ կոչ արեց պատկան մարմիններին սպառիչ բացատրություններ ներկայացնել հանրությանը Թեղուտի պոչամբարի խնդիրների վերաբերյալ և, Թեղուտի դեպքն ընդունելով որպես դաս, հրաժարվել Ամուլսարի հանքի շահագործումից: Ըստ Մանե Թանդիլյանի` ֆինանսական դժվարությունների պատրվակով «Վալլեքս» խումբը քողարկում է Թեղուտի պոչամբարի հետ կապված իրական վտանգները:

«Դեռ հունվար ամսից բնապահպաններն ահազանգում են, որ Թեղուտի պոչամբարի ամբարտակն ունի ճաքեր, և պոչամբարի թունավոր ջրերը լցվում են Շնող և Դեբեդ գետեր: Այս խնդիրն ակնհայտորեն քողարկվում է և հնարավորություն չի ընձեռվում մոտենալ տարածքին ու տեղում ծանոթանալ իրավիճակին: Փոխարենը «Վալլեքս»-ը փետրվարի 2-ին հայտարարեց, որ հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման ծավալների ավելացման ծրագրի կենսագործմամբ պայմանավորված` ընկերությունը դադարեցնում է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Նշվում է նաև, որ ներկայիս արտադրական ծավալներով ընկերությունը չի կարողանում սպասարկել իր ունեցած վարկային պարտավորությունները և հավելյալ արդյունք ձևավորել: Այդպիսով, լուծում է շուրջ 1200 աշխատակիցների պայմանագրեր:Ստացվում է, որ բնությանը և մարդկանց այդչափ վնաս հասցնելով` ընկերությունը չի կարողանում լուծել իր առջև դրված նպատակները: Որքան էլ այս հայտարարությունը վրդովմունք է առաջացնում, այնուամենայնիվ, այն նպատակ ունի քողարկելու պոչամբարի ամբարտակի ճաքերի հետ կապված խնդիրները: Սրա վառ վկայությունն է նաև «Վալլեքս»-ի  հայտարարության այն մասը, որտեղ նշվում է, որ ընկերությունն անցնում է իր տարածքի և գույքի պահպանության առավել խստացված ռեժիմի և այդ նպատակով ներգրավվում է պահնորդական ծառայություն», - հայտարարեց Մանե Թանդիլյանը:

Պատգամավորը հավելեց,  որ իր համար անհասկանալի է` ինչ նպատակներով են ծախսվել մոտ 300 միլիոն դոլլարի վարկային միջոցները` տրամադրված Թեղուտի ծրագրի համար:

«Ակնհայտ է, որ կատարված աշխատանքների արժեքը այդ գումարի շատ փոքր մասն է կազմում, և չի բացառվում, որ գործ ունենք նաև ֆինանսական միջոցների զգալի յուրացման հետ, ինչը նաև ֆինանսապես ավելի շահեկան է դարձնում ներդրումների հետագա դադարեցումը:Ընդ որում, հերթական անգամ գործ ունենք նաև ներդրումների անվերահսկելիության հետ, երբ պետության կողմից մասնավորին տրամադրում է հանրային բարիք, իսկ մասնավորը, չկատարելով իր կողմից ներդրումային պարտավորությունները, դեռ մի բան էլ վնաս է տալիս պետությունը: Անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել ներդրողի կողմից չկատարման երաշխիքները, որ գոնե հնարավորություն կտան փոխհատուցել պետության կրած վնասները», - ասաց Մանե Թանդիլյանը:  

Նշենք, որ 2018թ-ի հունվարի 12-ից դադարեցված է Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը անորոշ ժամանակով:

«Վալլեքս» խմբի մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն սկսեց Թեղուտի հանքավայրը շահագործել 2015 թ-ին: Չնայած բազմաթիվ ահազանգերի ու անգամ դատական կարգով պահանջների, շահագործումից ի վեր այդ ընկերությունում չեն անցկացվել տեսչական ստուգումներ: Այս տարի առաջին անգամ «Թեղուտ» ՓԲԸ-ում պետք է անցկացվեն ստուգումներ: Ինչպես «ԷկոԼուր»-ին փոխանցեց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը, անկախ հանքավայրի կանգառից իրենց ծրագրում փոփոխություններ չեն արվել:

Փետրվար 07, 2018 at 18:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր