

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանին հանձնարարեց կատեգորիկ արգելել Գիլան արգելավայրում կատարվող կապիտալ կառույցի շինարարության ընթացքը: «Մինչեւ հասկանանք, թե այստեղ ինչպես ենք կողմնորոշվում, կատեգորիկ բացառում եմ, եւ նույնիսկ թույլտվության շրջանակներում, եթե ինչ-որ մեկն իր ձեռքի տակ ունի ուղղակի հաստատված նախագծեր, որ պիտի դնի, քարով, բետոնով կառուցի, կատեգորիկ արգելում եմ, պատասխանատվությունը ձեզ վրա է, պարոն տնօրեն: Դուք պարտավոր եք մեզ ահազանգել, տեղեկացնել, եթե պետք լինի, ես անձամբ կգամ ու կդադարեցնեմ»,- ասաց բնապահպանության նախարարը հունիսի 22-ին էկոլոգիական հասարակական կազմակերպությունների՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց կատարած այցի ժամանակ: ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նախարարն ընդգծեց, որ նախ պետք է ուսումնասիրվեն բոլոր փաստաթղթերը, որից հետո պարզ կդառնա նախարարության անելիքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն ահազանգել էր Գիլանում վերսկսված շինարարության մասին, որը բնապահպանության նախարարության բնական ռեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը լրագրողներին ներկայացրեց որպես էկոտուրիզմի համար նախատեսված հանգստյան վայր: Հունիսի 18-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խոստացավ Էկոլոգիական հասարակական կազմակերպություների հետ միասին Գիլանի խնդիրը քննարկել հենց Խոսրովի արգելոցում: Հունիսի 19-ին Երեւանի Օրհուս կենտրոնում Գիլանի խնդրի վերաբերյալ տեղի ունեցավ Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի եւ WWF-Հայաստանի աշխատանքային հանդիպումը:
ՀԿ-ների հետ հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձավ նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում գտնվող Գիլանլար գյուղի բնակիչների խնդրին` ասելով, որ տեղի բնակիչներին փոխհատուցում կտրվի: «Ինչ վերաբերվում է գյուղին, այս խնդիրն իրոք կբարձրացվի: Մենք կփորձենք նաեւ այլընտրանքային լուծումներ գտնել հատուցումների եւ մնացած մասով: Ում որ տվեցինք հատուցում, նրա զբաղեցրած տարածքը հողին ենք հավասարեցնելու: Եթե դա չանենք, մեկ ուրիշն է գալու, ներս մտնելու եւ էսպես խնդիրներ լինելու են»,- նշեց նախարարը:
Հունիս 23, 2010
