2022թ. մարտի 14-ից կդադարեցվի Թեղուտի լեռնահանքային համալիրի հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը: Ինչպես հայտնում են «Թեղուտ» ՓԲԸ-ից՝ պատճառը մասշտաբային պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներն են։
««Թեղուտ» ՓԲԸ տեղեկացնում է, որ՝ մասշտաբային պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2022թ. մարտի 14-ից դադարեցվում է Թեղուտի լեռնահանքային համալիրի հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը:
Տեղեկացնում ենք նաև, որ դադարեցվում են ուղևորափոխադրումները «Թեղուտ» ՓԲԸ-Ալավերդի-«Թեղուտ» ՓԲԸ երթուղով, ինչպես նաև կադրային հարցերով քաղաքացիների ընդունելության կազմակերպումը:
Վերագործարկման վերաբերյալ կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության դադարեցման մասին օրեր առաջ բարձրաձայնել էին ընկերության աշխատակիցները, ըստ որոնց՝ ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցների պատճառով ընկերությունն ունի հումքի արտահանման խնդիր։
Մարտ 11, 2022 at 21:10