«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն պատասխանել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հարցմանը՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ։ Նա հերքել է Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով ընկերության աշխատանքների դադարեցման մասին տեղեկությունը, հայտնել, որ Թեղուտի պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքներն ավարտվել են և պլանավորվում է երկարեցնել պոչամբարից դուրս եկող ջրի կոլեկտորի խողովակաշարը:
Պատասխան նամակում նշված է.
«Տեղեկությունն այն մասին, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների արդյունքում «Թեղուտ» ՓԲԸ-ն անորոշ ժամանակով ամբողջությամբ դադարեցրել է իր արտադրական գործունեությունը, սուտ է:
Աշխարհում տիրող քաղաքական և տնտեսական իրավիճակի պատճառով «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից արտադրված պատրաստի արտադրանքի մատակարարման լոգիստիկ շղթան խաթարվել է, այդ պատճառով ներկայումս ստիպված ենք այն վերակառուցել։
Ստեղծված իրավիճակում Ընկերությունը վերանայել է իր պլանները վերանորոգման և պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքների վերաբերյալ:
Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ 1-ին փուլի ավարտմամբ պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքներն ավարտվել են, և իրականացվել է պատվարի բեռնում շուրջ 1 մլն տոննա ապարով, սկսվել են 2-րդ փուլի աշխատանքները, որի ընթացքում նախատեսվում է մինչև 2022 թվականի մարտի 31-ը կատարել արմատուրային և բետոնային աշխատանքներ՝ պոչամբարից դուրս եկող ջրի կոլեկտորի խողովակաշարի երկարեցման համար, որոնք չեն կարող իրականացվել առանց հարստացուցիչ ֆաբրիկայում հանքաքարի վերամշակման դադարեցման։
Վերանորոգման ու վերականգնման աշխատանքներում, ինչպես նաև լեռնահարստացուցիչ կոմբինատի պահպանության մեջ չներգրավված անձնակազմը ոչ աշխատակցի մեղքով պարապուրդի կմատնվի՝ հարկադիր պարապուրդի դիմաց վճարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան»։
Մարտ 14, 2022 at 15:07