

ԷկոԼուր- «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
«Vallex Group» ընկերությունը մեկնաբանել է «ԷկոԼուր»-ի «Երեք տարվա ընթացքում Թեղուտի անտառի էկոհամակարգի վերականգնումը կազմել է 32 հազարից քիչ ավելի դոլլար» նյութը: Ընկերության կարծիքով` նյութում սխալներ կան, ընդ որում հենց վերնագրում: «ԷկոԼուր»-ին ուղղված ընկերության նամակում նշված է. «Հայտնում ենք, որ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի www.ecolur.org կայքում 03.05.2011 թ., ժամը 13:02 թվագրմամբ տեղակայված՝ «Երեք տարվա ընթացքում Թեղուտի անտառի էկոհամակարգի վերականգնումը կազմել է 32 հազարից քիչ ավելի դոլլար» վերնագրով հոդվածում (այսուհետ՝ Հոդված) տեղ են սխալ մեկնաբանություններ:
Մասնավորապես՝ սխալ պնդում պարունակվում է արդեն իսկ Հոդվածի վերնագրում: Ինչպես պարզ է դառնում Հոդվածի ներածական մասից՝ վերնագրում դոլարային մոտավոր արտահայտությամբ ներկայացվող թիվը հաշվարկվել է ըստ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման շրջանակներում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին մինչ օրս իրականացված վճարումների գումարի: Այդ թիվը, ըստ Հոդվածի, երեք տարվա ընթացքում Թեղուտի անտառի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված ամբողջ գումարն է:
Այս առնչությամբ հայտնում ենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից պաշտոնապես տրամադրված և հոդվածում ներկայացված տեղեկատվությունը վերաբերում է միայն այն գումարներին, որոնք ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով հաշվարկվել և հատկացվել են շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին: Մինչդեռ դա չի արտացոլում բոլոր այն միջոցները, որ «Վալլեքս» խմբի ընկերություններն ուղղել են Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող անտառահատումներով հասցվող վնասի փոխհատուցման ծրագրերին: Մասնավորապես՝ այդ գումարը չի ներառում ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարների հրամանով հաստատված անտառապատման ծրագրի շրջանակներում արված աշխատանքների (220 հա նախագծային աշխատանքներ, 140 հա ծառատունկ, տարածքի ցանկապատում, տնկված ծառերի խնամք և այլ աշխատանքներ) դիմաց համապատասխան մասնագիտացված կազմակերպություններին մինչ օրս իրականացված վճարումները, որոնք կազմել են ավելի քան 100 մլն ՀՀ դրամ:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ «Թեղուտ» ՓԲ ընկերության գործունեության հետևանքով ընկերության կողմից բնապահպանական վճարների վճարման պարտավորություն չի առաջացել, և նման վճարումներ դեռևս չեն իրականացվել: «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցչի կողմից «Ռադիո Վան»-ի «Five o’clock» ռադիոհաղորդման ս.թ. մարտի 25-ի ուղիղ եթերով (http://www.radiovan.am/wp-content/uploads/2011/03/5-Oklock-24.03.11TEXUT.mp3) չի ասվել, թե Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում բնապահպանական վճարներ են վճարվել, և անհիմն է Հոդվածում այդ առնչությամբ արված հղումը «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցչին»:
Մայիս 11, 2011 at 15:52
