

ԱրմԻնֆո
Հայաստանի էկոլոգները ստորագրահավաք են նախաձեռնել ընդդեմ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման: Նամակը կուղարկվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Ստորագրության ներկայացվող Բաց նամակ-պահանջագրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բնակիչների անունից պահանջվում է անմիջապես չեղյալ հայտարարել Լոռու մարզում Թեղուտի պնձամոլիբդենային հանքի շահագործման նախագիծը և դադարեցնել կատարվող բոլոր նախապատրաստական աշխատանքները:
«Այս ծրագիրը խախտում է ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ մի շարք օրենքներ ու միջազգային իրավական նորմեր: Թեղուտի հանքավայրի շահագործման դեպքում մեր երկիրը կզրկվի իր առանց այն էլ չնչին անտառային տարածքի զգալի մասից, կոչնչանա Լոռու այս տարածքի բնաշխարհն ու ողջ էկոհամակարգը: Շրջակա գյուղերի բնակիչները կզրկվեն իրենց մշտական գյուղատնտեսական աշխատատեղերից` փոխարենը ստանալով առավելագույնը մինչև 50 տարվա ժամանակավոր աշխատատեղեր: Թունավոր թափոնները (ծծումբ, կապար, մկնդեղ և այլն) կներթափանցեն հողի, օդի ու ջրերի մեջ, իսկ դրանցում ծանր մետաղների բարձր խտությունները, հայտնի է, որ հանգեցնում են քաղցկեղի, չբերության, մարմնական ու մտավոր թերզարգացած երեխաների ծնունդների, ինչին արդեն ականատես ենք լինում այլ մետաղական հանքերին կից բնակավայրերում (Քաջարան, Կապան, Ալավերդի և այլն): Մեր փոքրիկ երկիրը չի կարող միաժամանակ երաշխավորել և՛ համատարած հանքահանություն ու թունավոր թափոնների պոչամբարներ, և՛ մարդու կյանքի ու առողջության համար բարենպաստ պայմաններ: Մենք անշուշտ կարևորում ենք երկրի տնտեսական զարգացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը, սակայն պահանջում ենք, որ մեր իշխանությունները որդեգրեն երկրի զարգացման այլընտրանքային մոտեցումներ ու քաղաքականություններ, որոնք հաշվի կառնեն քաղաքացիների շահերը, ներկա և ապագա սերունդների առողջությունն ու բարեկեցությունը, մեր երկրի և մոլորակի բնությունը»,- ասվում է նամակ-պահանջագրում, որի տակ ստորագրահավաք է անցկացվում Երևանի բազմամարդ փողոցներում` ժամը 19:00-ից մինչև 21:00-ն:
Մայիս 25, 2009
