

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
2009թ. սեպտեմբերի կեսին Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն ստացել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած հաղորդումն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը Թեղուտի պղնձի հանքավայրի շահագործման վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում խախտել է Օրհուսի կոնվենցիայի դրույթները: Հաղորդման հեղինակներն այն կարծիքին են, որ տեղի է ունեցել իրենց իրավունքների խախտում հանրային մասնակցության եւ արդարության մատչելիության առումով:
Ս.թ. սեպտեմբերի 22-25-ին տեղի ունեցած իր 25-րդ նիստի ընթացքում համապատասխանության կոմիտեն նախնական կարգով որոշել է, որ հաղորդումն ընդունելի է: Այն ուղարկվել է շահագրգիռ կողմին ընդունման վերաբերյալ նախնական որոշման հետ մեկտեղ: Շահագրգիռ կողմին առաջարկվել է պատասխանել հաղորդմանը հնարավորինս շուտ եւ ամենաուշը` հինգ ամսվա ընթացքում:
Նոյեմբեր 06, 2009
