VALLEX GROUP-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԸ

VALLEX GROUP-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԸ

ԷկոԼուր

Թեղուտ եւ Շնող համայնքների մոտ 3000 մետր վարչական տարածքում նոյեմբերի 14-ին տնկվեց շուրջ 1000 հացենի: Ծառատունկին մասնակցեց մոտ 140 մարդ Հայաստանի մանկավարժական, Ագրարային, Երևանի պետական, ճարտարապետական,  Երևանի ճարտարապետաշինարարական, Հայ-ռուսական սլավոնական,  Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական բժշկական համալսարաններից, Վանաձորից, Ալավերդուց, տարբեր հաստատություններից, Թեղուտից եւ Շնողից: Ծառատունկը կազմակերպել էր «Vallex Group»-ը:

Նշենք, որ նմանատիպ ուսանողական ծառատունկ նույն տնկարանում ընկերությունը կազմակերպել էր նաեւ գարնանը: Այն ժամանակ տնկվել էր  931 ծառ` ընկուզենի, կեռասենի, տանձենի: Սակայն գարնանը տնկված ծառերի կպչողականության մասին տարբեր մարդիկ տարբեր կարծիք ունեին:  Ըստ «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Պապոյանի տնկիների մոտ 90%-ը կպած է: Մինչդեռ  Լալվար անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանի կարծիքով ծառերի 60-70%-ն է կպած: «Երկու տարի հետո նոր սրա աճը կերեւա: 10 տարում սա մոտավորապես մի 7-8 մետր բոյ կքաշի»,-ասաց Կամո Շահնազարյանը: Չնայած մասնագետի հուսադրող դիտարկումներին, Ալավերդու «Անահիտ կանանց աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լարիսա Փարեմուզյանը լավատես չէ: «Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ կպչողականությունը շատ ցածր է այս հատվածում: Ծառի կպչողականությունը ես 10% էլ չեմ համարում իմ դիտարկումներից հետո»,- էկոլուրի հետ զրույցում նշեց Լարիսա Փարեմուզյան: (Տե՛ս լուսանկարները):

Ողջ տնկարանը ծածկված էր մացառներով, որոնք եւս խանգարում են տնկիների աճին:  Կամո Շահնազարյանը նկատեց, որ մացառները պետք է մաքրվեն: Երբ ծառերը կմեծանան, այն ժամանակ միայն մացառները նրանց համար վտանգ չեն ներկայացնի:

Հիշեցնենք, որ այս ծառատունկը որեւէ առնչություն չունի ընկերության բնապահպանական կառավարման պլանով նախատեսված ծառատունկի հետ: Այդ ծառատունկը իրականացնում են «Vallex Group»-ի հայտարարած մրցույթում հաղթած «Տրի գրեն» և «Աղավնատուր» ՍՊԸ-ները:  Ըստ  «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Պապոյանի` ընկերություններն այս պահին իրականացնում են 135 հա անտառատնկում` 67 հա Թեղուտ-Շնող համայնքներում, մնացածը՝ Տաշիրում:

Նոյեմբեր 17, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր