Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքը գտնվում է հանքարդյունաբերական ենթակառուցվածքների ազդեցության գոտում: Այս համայնքում առկա խնդիրները վերաբերում են շրջակա միջավայրի աղտոտվածությանը, դրա հետևանքով մարդկանց առողջությանը հասցված վնասներին, այդ վնասների համար փոխհատուցումների հնարավոր սահմանմանն ու համայնքում հանքարդյունաբերությանն այլընտրանք որևէ գործունեություն ստեղծելուն: Վերջինիս իրագործումը կարող է նաև աշխատատեղերի պակասը լրացնել՝ կանխելով համայնքից բնակիչների արտահոսքը դեպի մեծ քաղաքներ կամ արտերկիր:
2021թ. նոյեմբերի 19-ին «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում Ախթալայում համայնքի ակտիվ բնակչության ու տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ համայնքային խնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ քննարկումներ եղան: Համայնքի սոցիալ-էկոլոգիական խնդիրները ներկայացրեց ծրագրի փորձագետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը:
Ախթալա խոշորացված համայնքը ձևավորվել է Ախթալա, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց և Շամլուղ համայնքների միավորման արդյունքում: Այն ունի 7719 բնակիչ: Համայնքի աղքատության ցուցանիշը կազմում է 28.5%: Մանրամասնելով համայնքի խնդիրների շրջանակը՝ Ռոզա Ջուլհակյանն առաձնացրեց համայնքի զարգացման հիմնական խոչընդոտները: Դրանք են՝ համայնքի բարդ և աղետավտանգ ռելիեֆը, ջրահեռացման համակարգի վատ վիճակը և մաքրման կայանի բացակայությունը, հողերում թունավոր նյութերի առկայությունը և դրանցից մաքրման համար անհրաժեշտ միջոցների բացակայությունը, զբաղվածության ցածր մակարդակը և միգրանտների դինամիկայի աճը, մրգերում և հատապտուղներում ծանր մետաղների առկայությունը, զբոսաշրջության ենթակառուցվածքների բացակայությունը կամ թույլ զարգացվածությունը, համայնքում ժամանակակից աղբավայրի, աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման համար հնարավորությունների բացակայությունը, քաղաքի մի շարք թաղամասերի և բնակավայրերի չգազաֆիկացումը, աշխատատեղերի սղությունը և գործազրկության բարձր մակարդակը, համայնքում սոցիալական խոցելի խմբերի առկայությունը։
Հանքարդյունաբերության ազդեցությունը համայնքի վրա
Հանքարդյունաբերական «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն մեծ ազդեցություն և դերակատարություն ունի համայնքում՝ առաջին հերթին որպես հիմնական գործատու: Այստեղ է աշխատում համայնքի մոտ 300 բնակիչ: Մինչդեռ ինչպես նշված է Լոռու մարզի պաշտոնական կայքում. «Ըստ ընկերության պայմանագրի՝ այն պետք է ապահովեր առնվազն 650 աշխատատեղ, մինչդեռ այսօր աշխատում են ընդամենը 500 մարդ, որոնցից մոտ 200-ը այլ համայնքներից»: Ախթալա համայնքի մասին տեղեկատվության մեջ նաև նշված է, որ տարեցտարի նվազում են աշխատողների աշխատավարձերը, ինչը պատճառ է դառնում արատագաղթի նոր ալիքի։ 2011-2013թթ. ընթացքում աշխատանքի պայմանների անբավարարության ու ցածր աշխատավարձի պատճառով համայնքից արտագաղթել է 80 ընտանիք: «Կոմբինատի աշխատանքը սեփականատիրոջ կամայական որոշումներով ընդհատվում է, բանվորներին ուղարկում են հարկադիր պարապուրդի: Ժամանակ առ ժամանակ աշխատողների մոտ առաջանում են գործադուլի առիթներ: «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն համայնքի նկատմամբ որևէ կոորպորատիվ պատասխանատվություն չի ստանձնել: Համայնքի էներգետիկ անվտանգության առումով ևս սեփականատերը ոչինչ չի անում, չնայած մեր բազմաթիվ ահազանգերին: Համայնքի առողջարանի՝ (նախկին Արամյանցի Տունը) ՀՀ կառավարությունից գնման պայմանագրով, Կոմբինատի սեփականատերը պարտավորվել էր առողջարանը դարձնել տուրիստական կենտրոն` ստեղծել նոր աշխատատեղեր: Սակայն առողջարանը վեր է ածվել անձնական դղյակի և 27 հա հողամասը դարձել անօգտագործելի: Այն, որպես պատմամշակութային արժեք, պետք է պահպաներ իր նախնական տեսքը: Սեփականատերը խեղել է Արամյանցի Տունը»,- նշված է մարզպետարանի կայքում:
«Ախթալայի ԼՀԿ»-ի ենթակառուցվածքները
«Ախթալայի ԼՀԿ»-ի ենթակառուցվածքները գտնվում են Ախթալա խոշորացված համայնքի մի քանի բնակավայրերում: Շամլուղում է գտնվում 426,2 հա մակերես ունեցող Շամլուղի պղնձի հանքավայրը: «Ախթալայի ԼՀԿ»-ի 3 պոչամբարներից Նահատակը գտնվում է Մեծ Այրում բնակավայրում՝ բնակելի տներից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Նահատակ պոչամբարից արտահոսքերը ժամանակ առ ժամանակ հոսում և խառնվում են Դեբեդ գետի ջրերին, որոնցով Այրումի և այլ շրջակա գյուղերի բնակիչները ոռոգում են իրենց այգիները: Այս և բնակելի տներից պոչամբարի մոտ լինելու հետևանքով Մեծ Այրում գյուղի բնակիչները գտնվում են քաղցկեղածին ռիսկի գոտում. տեղի բնակիչների հողատարածքների և կենսանյութերի փորձանմուշների հետազոտությունները վկայում են մկնդեղի, կադմիումի, կապարի և այլ ծանր մետաղների բարձր պարունակության մասին: Նահատակ պոչամբարն ունի 3,2 միլիոն խմ նախագծային հզորություն: 2021թ. տվյալներով պոչամբարի մակերեսը կազմում է 17,82 հա: Նշենք, որ 2021թ. հուլիսի 22-ին պոչամբարի ռեկուլտիվացման նախագիծն ստացել է ՇՄԱԳ ԲՓ 0132-21 դրական եզրակացությունը։
Նազիկ ռեկուլտիվացված պոչամբարը տեղակայված է Ախթալայի վանական համալիրի հարևանությամբ, մակերեսը մոտ 2 հա է, նախագծային հզորությունը՝ 0.5 միլիոն խմ, լցվածությունը կազմում է 0.4 միլիոն խմ։ Պոչամբարի մակերևույթը ռեկուլտիվացված է և ծածկված է բուսականությամբ: Սակայն, այդ աշխատանքները կատարված են ոչ լիարժեք, պոչամբարի պատվարը ենթարկված է էրոզիայի, դրանում կուտակված ընդերքօգտագործման թափոնների մեկուսացումը ապահով չէ: Ջրահեռացման համակարգը բացակայում է: Նազիկ կոնսերվացված պոչամբարի մակերեսի ոչ բավարար մեկուսացման պատճառով մթնոլորտային տեղումները ներծծվում են, դուրս են գալիս պատվարի հատակային մասից դրենաժային հոսքաջրերի տեսքով և թափվում Ախթալա գետը: Պոչամբարը ներկայում կրկնակի ռեկուլտիվացման կարիք ունի: 2020թ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ Ախթալա գետին հարակից հատվածում՝ Նազիկ փակված պոչամբարում, արձանագրվել է կուտակված թափոնները վրածածկող և թափոնների տարածումը կանխող հողային շերտի բացակայությունը: Միևնույն ժամանակ, 2020թ. Նազիկ պոչամբարի տարածքում վերականգնողական, պոչամբարում կուտակված թափոնների շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանն ուղղված աշխատանքների ֆինանսավորման հարցն, ըստ ՏԿԵՆ-ի պատասխանի, ներկայացվել է 2021-2023 ՄԺԾԾ հայտի շրջանակներում:
Երրորդ պոչամբարը կրում է «Պահեստի ձոր» անվանումը և գտնվում է Շամլուղ տանող ճանապարհին: Վերջինս նույնպես շրջակա միջավայրի աղտոտման բաց աղբյուր է:
Պոչամբարներից բացի աղտոտման պատճառ են նաև Ախթալա համայնքի տարբեր հատվածներում կուտակված թափոնակույտերը, տիրազուրկ ընդերքօգտագործման թափոնների լքված արտադրական լցակույտերը, բաց հանքուղիները, որոնցից դուրս եկող արտահոսքերը պարբերաբար միախառնվում են տարածքով հոսող Ախթալա և Դեբեդ գետերին:
2020թ. պետական մոնիտորոնգի տվյալների համաձայն՝ հանքարդյունաբերական գործունեության հետևանքով ծանր մետաղներով հատկապես աղտոտվում են Ախթալա գետի գետաբերանի հատվածը, Դեբեդ գետը Այրումից վերև և ՀՀ սահմանի մոտ։ Դեբեդ գետի գետաբերանի՝ Այրումից 0,5 կմ վերև, ջրի որակի ընդհանրական դասը 4-րդ է, ըստ մանգանի և վանադիումի՝ 3-րդ, ըստ մոլիբդենի, երկաթի և կախված նյութերի՝ 4-րդ։ Սահմանի մոտ նույնպես Դեբեդի ընդհանրական որակի դասը 4-րդ է։ Ախթալա գետի գետաբերանի մոտ ջրի որակի ընդհանրական դասը 5-րդ կարգի է:
2018-2021թթ. մարզի գետերի հարակից հանքարդյունաբերական տարածքներում կատարած ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ համայնքի գետերում թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցել են ցինկ, պղինձ, արսեն, քրոմ, նիկել, կապար մետաղների պարունակությունները։ Հողերի աղտոտվածությունը հաստատում են թե՛ տեղական, թե՛ միջազգային կառույցների մասնագետների կողմից կատարված բազմաթիվ ուսումնասիրությունները։
Շրջակա միջավայրին ու տեղի բնակչությանը մեծ վնասներ պատճառելով՝ «Ախթալայի ԼՀԿ»-ն որևէ կերպ չի մեղմացնում այդ վնասների ազդեցությունը: Ընկերությունը համայնքի սոցիալ-տնտեսական աջակցության պարտավորություններ չի ներառել իր ընդերքօգտագործման պայմանագրում։ 2016թ. ընկերությունը Ախթալա համայնքին վճարել է 2025014 դրամ գույքահարկ, 249758 դրամ հողի հարկ, 3600000 դրամ անշարժ գույքի հարկ և 3943494 դրամ վարձակալության վճար, 2017թ. համապատասխանաբար՝ 1940234, 249938, 3600000 և 5149329 դրամ: 2018թ. ընկերությունը համայնքին վճարել է 1934236 դրամ գույքահարկ, 125146 դրամ հողի հարկ, 3600000 դրամ անշարժ գույքի հարկ և 5974008 դրամ հողի վարձակալության վճար: 2019թ. համայնքին վճարել է 1853384 դրամ գույքահարկ, 302226 դրամ հողի հարկ, 5974008 դրամ հողամասի վարձակալության համար։ Հաշվետու տարում վարձակալած անշարժ գույքի դիմաց համայնքին վճարված գումարը կազմում է 3600000 դրամ։ Կատարած բարեգործական հատկացումները, նվիրատվությունները կամ այլ ձևով անհատույց օտարումները 2016թ. կազմել են 2 865 562 դրամ, 2017թ.՝ 1247210 դրամ, 2018թ.՝ 45000000 դրամ: Արդեն 2019թ-ին՝ 60000000,0 դրամ, Նեղոցի դպրոցին՝ 200000 դրամ, Շամլուղի դպրոցին՝ 240000,0 դրամ։
Համայնքի նկատմամբ սոցիալ-տնտեսական աջակցության պարտավորություններ իրենց ընդերքօգտագործման պայմանագրերում չեն ներառել նաև «Թումանյանի ՃՇՇ» ԲԲԸ-ն, Այրումի բազալտի և քվարցային դիորիտների հանքավայրը շահագործող «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն: Դեբեդ գետի վրա կառուցված «Այրում» ՓՀԷԿ-ը շահագործող «Սալէներգո» ՍՊԸ-ի գործունեությունն էլ բացասաբար է անդրադառնում համայնքի ոռոգման համակարգի վրա՝ ջրի հասանելիության խնդիր առաջ բերելով գյուղացիների համար:
Նշենք, որ 2020թ. Ախթալա համայնքում իրականացվել է Ճոճկան բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման սուբվենցիոն ծրագիր, որի համար համայնքի բյուջեից հակտացվել է 15 300 000 դրամ, իսկ ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է 10 524 150 դրամ: 2021թ. հաստատված ծրագրերի ցանկում կրկին ներառվել է Ճոճկան բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմել է 45274454 դրամ: Համայնքի ներդրումը կազմել է՝ 15846058 դրամ, պետականը՝ 29428396,0 դրամ։
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ախթալա համայնքին 2018թ. տրվելիք սուբվենցիայի գումարների չափը կազմել է 886,6 հազար դրամ, իսկ 2019թ.՝ 3311,1 հազար դրամ։ Նույն թվականների համար Մեծ Այրում, Ճոճկան, Նեղոց, Շամլուղ բնակավայրերի համար այդ գումարի չափը եղել է 0։ 2019թ. համայնքին բնապահպանական ծրագրերի իրականացման սուբվենցիաներ չի տրամադրվել։
«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Հունվար 04, 2022 at 15:12