Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն մտադիր է իրականացնել արտադրական և սպառման վտանգավոր թափոնների վերամշակում և դրանց պահման, տեղադրման տեղամասերի կազմակերպում: Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի վտանգավոր թափոնների գործածության գործունեություն (մշակում, վերամշակում, պահում և տեղադրում,)» նախատեսվող գործունեության հայտը: Փաստաթղթի վերաբերյալ հանրային քննարկումը նշանակված է ս.թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:30-ին, Քաջարան քաղաքի մշակույթի պալատում:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակված համառոտագրի համաձայն՝ աշխատանքների նպատակն է ապահովել կոմբինատի գործունեության ընթացքում առաջացած թափոնների պատշաճ կառավարումը, ներառյալ առանձնացված պահումը՝ բնապահպանական նորմերին համահունչ, դրանց որոշ տեսակների մշակումը, վերամշակումը, պարբերաբար փոխանցումը մասնագիտացված կազմակերպություններին կամ տեղադրումը սեփական տեղամասերում:
Ընկերության ներկայացրած փաստաթղթերում նշված է, որ նախատեսվող գործունեությունը հնարավոր է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Սակայն նշված չէ, թե ինչ ազդեցություն կարող է լինել, ինչպես այն կարող է արտահայտվել, այդ ազդեցությունները մեղմելու համար ինչ միջոցառումներ են նախատեսված:
Թափոնների պահման և տեղադրման համար նախատեսվելու են առանձին տեղամասեր, որոնք համապատասխանելու են վտանգավոր թափոնների պահման և տեղադրման պահեստարաններին ներկայացվող պահանջներին։ Կախված առաջացող թափոնների վտանգավորության հատկանիշներից՝ պահման/տեղադրման տեղամասերը կահավորվելու են համապատասխան օդափոխման համակարգերով կրակմարիչներով, անհատական և հատուկ պաշտպանության միջոցներով, հատակները և պատերի մշակվելու են յուղակայուն և թթվակայուն ծածկույթներով և այլն։ Որոշ թափոնատեսակներ վերամշակվում են կոմբինատի արտադրական ստորաբաժանումներում:
Հիշեցնենք, որ 2021 թ-ի սեպտեմբերի 30-ին ԶՊՄԿ-ի բաժնետեր ռուսական «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կառավարությանը նվիրաբերեց ԶՊՄԿ-ի կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն բաժնետոմսերի 25 տոկոսը:
Իսկ 2022թ-ի հունվարի 5-ին ՀՀ կառավարությունը որոշեց ԶՊՄԿ-ում ՀՀ-ի սեփականությունը հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը։
Հունիս 20, 2022 at 15:14