Երևանում սրվել է աղբահանության խնդիրը. ո՞րն է պատճառը

Երևանում սրվել է աղբահանության խնդիրը. ո՞րն է պատճառը

Արդեն գրեթե մեկ շաբաթ է Երևանի բնակիչնեը բողոքում են մայրաքաղաքում աղբահանության վատ վիճակից: Աղբամաններն ուշ-ուշ են մաքրվում, ինչը հակասանիտարական վիճակ է առաջացնում:

Աղբահանության այս խնդիրը քննարկվեց 2023թ. հուլիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Ունենք որոշակի խնդիրներ աղբահանություն իրականացնող տեխնիկայի հետ կապված: Պետք է նախ խոսենք այդ խնդիրների մասին, նաև երևանցիներին որոշակի ժամանակացույց ասենք, թե որ տեխնիկան ինչ ժամկետում է համալրվում, հստակ իմանան մարդիկ՝ ո՞րն է այս ամենի պատճառը»: 

Արձագանքելով Տիգրան Ավինյանին՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց. «Երեք օրերի ամենօրյա շրջայցի ընթացքում տեսանք, որ որոշ վարչական շրջաններում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, առկա են աղբամանների գերբեռնվածություն և կուտակումներ: Անհրաժեշտ է բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելով մաքրել: Հիմնական պատճառը տեխնիկան է: Եղել եմ պարկում: Այն ինչ նկատելի է՝ առանձին քննարկման առարկա է: Եվ պետք է պահանջել տնօրինությունից, որ ժամանակացույց սահմանվի փչացած տեխնիկան վերադարձնելու երթուղիներ: Պատճառները տարբեր են, մտահոգությունը՝ մեկն է, որ այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի նկատմամբ հսկողությունը, մասնագիտական շահագործման նկատմամբ հսկողությունը, ամենօրյա սպասարկումը»: Կամո Արեյանն ընդգծեց, որ պետք է ներկայացվի յուրաքանչյուր մեքենայի անսարքության պատճառն ու վերականգնման ժամկետը՝ քաղաքը լիարժեք շարժակազմով սպասարկելու համար: «Ամեն ինչ պետք է անենք, որ հանկարծ գործընթացը չխորանա, և այս երևույթը կանխենք»,- ընդգծեց նա: 

Իր հերթին Տիգրան Ավինյանը նշեց. «Ձեռք բերված տեխնիկան պետք է 10 տարի առնվազն ծառայեր և փչանալու ցուցանիշը մեծ մտահոգությունների տեղիք է տալիս. ինչպե՞ս են վարվում այդ տեխնիկայի հետ, որքա՞ն արագ ենք կազմակերպում վերանորոգումները: Հետագա զարգացման պլան պետք է ունենալ անկախ առկա դժվարություններից: Սա արդեն ահազանգ է այն մասին, որ այս տեխնիկայով հեռու չենք գնալու»: 

Ըստ  փոխքաղաքապետի՝ շուտով Հայաստան կհասնի հավելյալ 4 աղբատար մեքենա:

Հիշեցնենք, որ Երևանում նոր աղբատար մեքենաները սկսել են շահագործվել 2019թ-ից:   

Նշենք, որ Երևանում աղբի կուտակումները ոչ միայն աղբամաններում են և դրանց շուրջ, այլ նաև փողոցներում, տարբեր սեփականատերերի տարածաքներում: Մասնավորապես, Հանրապետության փողոցում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ, որտեղ հատկապես մեծ է զբոսաշրջիկների հոսքը, առկա են աղբի կուտակումներ: Այս խնդիրը ևս ուշադրության կարիք ունի:  

Հուլիս 19, 2023 at 16:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր