Գործադիրը նոր կանոններ է սահմանում ՓՀԷԿ-երի կառուցման համար

Գործադիրը նոր կանոններ է սահմանում ՓՀԷԿ-երի կառուցման համար

ԷկոԼուր

Գործադիրը նոր կանոններ է սահմանում ՓՀԷԿ-երի կառուցման համար: Օգոստոսի 23-ին գործադիրը հավանություն տվեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծում ամրագրվեցին նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների (ՋԹ) հայտերի մերժման հիմքերը:

Նոր ՓՀԷԿ-ի կառուցման համար ՋԹ չի տրամադրվի, եթե այն նախատեսվում է կառուցել այն գետերի վրա`
• որոնցում առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր
• որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է
• որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը:

Կարգելվի ՓՀԷԿ-երի կառուցումը բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում, բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում, գետերի հոսքի ձևավորման տարածքներում, գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ, անտառային տարածքներում, որոնք հատվելու են շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելիս, բացառությամբ պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի:

Նշենք, որ օրինագիծի լրացումների մեծ մասը կատարվել է ՄԱԶԾ/ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ իրականացված «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի փորձագիտական խմբի առաջարկությունների հիման վրա: Ծրագրի առաջարկությունների վրա է հիմնված նաև www.e-draft.am կայքում շրջանառված «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որտեղ նշված է ՓՀԷԿ-երի կառուցման համար արգելված 22 գետերի ցանկը` Գավառագետ, Ծակքար, Լիճք, Կարճաղբյուր (Մաքենիս), Մասրիկ, Վարդենիս, Արգիճի, Մարտունի, Ձկնագետ, Հրազդան, Աղստև, Ախուրյան, Որոտան, Արփա, Ձորագետ, Եղեգիս, Ազատ, Մարցի, Գոշ, Մեղրիգետ գետերի և Ողջի գետի Կապուտջուղ և Քաջարանց վտակների վրա:

Որպես օրինագծի հիմնավորում նշված է. «Վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը էական վնաս է հասցնում բնությանը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով և հայտնվում ճգնաժամային վիճակում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է, որ այն որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես տնտեսական գործունեության դեմ ուղղված քայլ: «Անհրաժեշտ է կարգավորել փոքր ՀԷԿ-երի բնականոն գործունեությունը, մշակել բնապահպանական աղետալի իրավիճակի հաղթահարման կոնկրետ ճանապարհային քարտեզ, որպեսզի հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ժամկետներում ենք խնդիրները լուծելու: Խորհրդակցություններից մեկի ժամանակ ես անդրադարձա փոքր ՀԷԿ-երի կողմից ջրօգտագործման անոմալիաներին: Այստեղ ոչ թե պետք է սպառնալիքների լեզուն աշխատի, այլ մշակույթ ձևավորվի, որպեսզի մարդիկ հասկանան, որ պետք է հանրային ռեսուրսի օգտագործմանը վերաբերվեն ծայրահեղ պատասխանատու: Պետությունը յուրաքանչյուր օրինական տնտեսական գործունեության շարունակականությունը երաշխավորում է: Սա շատ կարևոր թեմա է և մտնում է կառավարության առաջնահերթությունների շարքի մեջ, որովհետև կարևոր ենք համարում էկո Հայաստանի հայեցակարգի շարունակական իրագործումը»,- ասել է վարչապետը:

Նշենք, որ «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում մշակվել և ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Փոքր հիդրոէլեկտրակայանների բնապահպանական անձնագրի վարման կարգը և ձևանմուշը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի նպատակն է` բարձրացնել ՓՀԷԿ-երի հաշվետվողականությունը, ներդնել ներքին վերահսկման (ինքնավերահսկման) և ՓՀԷԿ–երի գործունեության խթանման մեխանիզներ:

Օգոստոս 24, 2018 at 16:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր