«Էներգացանցշին» ԲԲԸ-ն ցանկանում է սակավաջուր Մարմարիկի ջրամբարից ՓՀԷԿ-ի համար ջրառ ստանալ

«Էներգացանցշին» ԲԲԸ-ն ցանկանում է սակավաջուր Մարմարիկի ջրամբարից ՓՀԷԿ-ի  համար ջրառ ստանալ

ԷկոԼուր

«Էներգացանցշին» ԲԲԸ-ն «Նարեկ» ՓՀԷԿ-ի շահագործման նպատակով ցանկանում է նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Ընկերության ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ ՓՀԷԿ-ի համար նոր ջրառը նախատեսվում է Մարմարիկի ջրամբարի իրիգացիոն ջրթող թունելից՝ տարեկան 21625 հազար խմ/տ: Եվ չնայած ջրամբարի խիստ սակավաջրութանը՝ պատասխանատու գերատեսչությունները նախնական քննարկումներով դեմ չեն ՓՀԷԿ-ի համար ջրառին: Սակայն ՓՀԷԿ-ի ջրառի համար կան մի շարք սահմանափակումներ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարին փոխարինող Հ. Բատիկյանի՝ «Էներգացանցշին» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Լ. Միքայելյանին ուղղված գրության մեջ, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով Սևանա լճի էկոհամակարգի պահպանման խնդիրը, Սևանա լճից սահմանված չափաքանակից ավելի ջրբացթողումներից խուսափելու համար, ինչպես նաև այն, որ ՀՀ կառավարության 2014թ. սեպտեմբերի 18-ի «Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրության և երաշտի մասին» N1111-Ն որոշման պահանջներով ՓՀԷԿ-ի ջրառի վայրում հայտարարված է սակավաջրություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դեմ չէ ջրօգտագործման թույլտվության երկարաձգմանը՝ պայմանով, որ այն տրամադրվի Մարմարիկի ջրամբարի լցվածությունն ամբողջ ծավալով՝ 24 մլն մ3 ապահովելուց հետո»: Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վերջին՝ ս.թ. մարտի 27-ի տվյալներով Մարմարիկի ջրամբարը 6 անգամ պակաս է լցված իր ծավալից. ջրամբարում 24 մլն մ3-ի փոխարեն կա ընդամենը 4 մլն մ3 ջուր:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղված նամակում նշել է, որ, հաշվի առնելով Մարմարիկի ջրամբարի շահագործման առանձնահատկությունները, «Ջրառ» ՓԲԸ-ի և «Էներգացանցշին» ԲԲԸ-ի միջև 2019 թվականի դեկտեմբերի 19-ին կնքվել է Ջրային համակարգից օգտվելու մասին պայմանագիր, և հայտի քննարկման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել պայմանագրով նախատեսված կետերը։ Պայմանագրում նշված է, որ Մարմարիկի ջրամբարից ՓՀԷԿ-ի համար ջրառ կարող է իրականացվել միայն ոռոգման շրջանում՝ ոռոգման ջրապահանջարկի ապահովման նպատակով իրականացվող ջրահոսքերի սահմաններում՝ փոփոխական ռեժիմով: Պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ ՓՀԷԿ-ը պարտավոր է նվազեցնել կամ դադարեցնել ջրառը, եթե ապահովված չէ ոռոգման ջրատարներում անհրաժեշտ ջրաքանակը խողովակաշարից սնվող վեց համայնքների համար: Ոռոգման շրջանից դուրս ՓՀԷԿ-ին կարող է ջուր տրվել, եթե ջրամբարն ամբողջ ծավալով լցված է՝ հեղեղային ջրահոսքերի հաշվին, կամ ոռոգման շրջանից դուրս ժամանակահատվածում հարկադրված թողքերի հաշվին: Ոռոգման շրջանի սկիզբ համարվում է մարտ ամիսը, ավարտը՝ հոկտեմբերը:

«Նարեկ» ՓՀԷԿ-ը կառուցվել է Կոտայքի մարզում: Ըստ փաստաթղթերի՝ նախկինում շահագործվել է ավելի քան 10 տարի, երբ դեռ չէր գործում Մարմարիկի ջրամբարը, և ՓՀԷԿ-ի աշխատանքը համապատասխանում էր Մարմարիկ գետի ջրային ռեժիմին: ՓՀԷԿ-ը դերիվացիոն տիպի է, ջրառ հանգույցը տեղակայված է Մարմարիկի ջրամբարի ներքևում՝ 1845 մ նիշի վրա: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը 630 կՎտ է:

Նշվում է, որ ՓՀԷԿ-ի վերագործարկումից հետո արտադրված էլեկտրաէներգիան կվաճառվի «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին, իսկ ավելցուկը կմատակարարվի Հրազդանի ՋԷԿ-ին: Մարմարիկի ջրամբարից սնվում են Սևան-Հրազդան ոռոգման համակարգը և «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքերը ձևավորվելու են Մարմարիկի ջրամբարից բաց թողնվող Սևան-Հրազդան ոռոգման համակարգի ջրային պահանջարկի ելքերի հաշվին:

Նշվում է, որ ՓՀԷԿ-ի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազագույն է լինելու, քանի որ չկա լրացուցիչ հողատարածքներ զբաղեցնելու և շինարարության կարիք:

«Նարեկ» ՓՀԷԿ-ի շահագործման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի հանրային քննարկումները նշանակված են ս.թ. մարտի 31-ին՝ ժամը 16:00-ին և անցկացվելու են հեռավար կարգով: Ձևաչափի մասին նախարարությունը դեռ չի հայտնել:

Մարտ 30, 2020 at 20:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր