Մերժել «Գնդասար Էներգո» ՍՊԸ-ին՝ «Հորս-1» ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով ՋԹ-ի տրամադրումը

Մերժել «Գնդասար Էներգո» ՍՊԸ-ին՝ «Հորս-1» ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով ՋԹ-ի տրամադրումը

էկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն անհրաժեշտ  է համարում մերժել «Գնդասար Էներգո» ՍՊԸ-ի՝  Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական տարածքում «Սպիտակի» կոչվող 4 աղբյուրներից «Հորս-1» ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) ՝ 110 լ/վրկ ջրհոսքով նախագիծը: 

ՓՀԷԿ-ի նախագծային հզորությունը կազմելու է 400 ԿՎտ: Նախատեսվում է կառուցել ջրընդունիչ կայան, որը գտնվելու է Գնդասար լեռի՝ ծովի մակերևույթից 2205մ բարձրության վրա, որտեղ էլ հավաքվում են աղբյուրներն ու ջրերը։ Ակնկալվում է տարեկան արտադրել և իրացնել 2.990.000 ԿՎ/ժ էլեկտրաէներգիա։ 

Մերժման առաջարկը «ԷկոԼուրը» ներկայացրել էր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը ՋԹ-ի հանրային քննարկման ժամանակ: 

Համաձայն ընկերության կողմից գործակալություն ներկայացված փաստաթղթերի՝ նշված աղբյուրները գտնվում են Թառաթումբ գետակի ջրահավաքում: Ջրահեռացումը կկատարվի Հորս գետակ։ Նշված գետակները հոսում են համապատասխանաբար Թառաթումբ և Հորս գյուղերով և լցվում են Սալի գետ, որն էլ հանդիսանում է Եղեգիս գետի վտակ:

Այսպիսով, «Հորս-1» ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում կվնասվի արդեն իսկ խաթարված Եղեգիս գետի ավազանի էկոլոգիական համակարգը: Եղեգիս գետի ծանրաբեռնվածությունը գործող ՓՀԷԿ-երով գերազանցում է 40%-ը: ՓՀԷԿ-երի պատճառով փոփոխվել է Եղեգիս գետի ջրի որակը, տեղի են ունեցել հիդրոլոգիական, ֆիզիկա-քիմիական փոփոխություններ: 

Եղեգիս գետի ավազանում վտանգված է ձկնաշխարհը՝ իր էնդեմիկ և կարմիրգրքյան տեսակներով, և նոր ՓՀԷԿ-ի կառուցումը կնպաստի այս տեսակների ոչնչացմանը:

Նշենք նաև, որ ըստ նախագծի օգտագործվելու են «Սպիտակ» կոչվող չորս աղբյուրները, ինչն իր մեջ պարունակում է ջրային ավազանի ձևավորման խոչընդոտման մեծ ռիսկ: 

Ջրային ռեսուրսների գործակալությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ Ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Սևակ Մաթիլյանն ասաց. «Բնակիչներն այդ աղբյուրներից չեն օգտվում: Երևի անհրաժեշտություն չունեն»։ 

15:53 Փետրվար 04, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news