

«Մուսահա» ՍՊԸ-ն նախատեսում է Շիրակի մարզում` Ամասիա գյուղի մոտակայքում, Ախուրյան գետի ձախ ափին, կառուցել «Ախուրյան» փոքր ՀԷԿ-2-ը: Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտը:
Ըստ ՇՄԱԳ հայտի՝ ՓՀԷԿ-ը կունենա 1418 մ երկարությամբ երկճյուղ մետաղական դերիվացիոն խողովոկաշար: Դերիվացիայի թողունակությունը կկազմի 8 խմ/վրկ: ՓՀԷԿ-ի շենքը վերգետնյա տիպի է, որտեղ նախատեսվում է տեղադրել երեք հիդրոագրեգատ: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը կկազմի 2180 կվտ, միջին տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը՝ 13,86 միլիոն կվտ/ժ: Նախագծվող ՓՀԷԿ-ը պետք է օգտագործվի Ախուրյան գետի 1767.40 մ և 1731 մ նիշերի միջև եղած հիդրոէներգետիկ պաշարները: ՓՀԷԿ-ի պատվարային ջրընդունիչը բաղկացած կլինի բետոնային ջրաթափային պատվարից, ձկնուղուց, լվացման սրահներից և ջրընդունիչից:
Բետոնային ջրթափային պատվարը կլինի 2,6 մ բարձրությամբ: Ձկնուղին լինելու է բաց ջրանցք ատամնավոր բետոնե հատակով, երկարությունը՝ 26 մ, լայնությունը 1,1 մ: ՓՀԷԿ-ի շինարարությունը կտևի երկու տարի: Կառուցման հետևանքով շրջակա միջավայրի վրա բացասական ներգործություն կլինի: «Ախուրյան» ՓՀԷԿ-2-ի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի հասցված տնտեսական վնասը կկազմի` 1 միլիոն140 հազար 259 դրամ/տարի:
Շինարարական աշխատանքների ավարտից հետո ՓՀԷԿ-ում կստեղծվի մշտական 7 աշխատատեղ:
Նշենք, որ Ախուրյան գետի վրա արդեն իսկ կառուցված է 5 ՓՀԷԿ` «Ջրաձոր», «Հեղնաջուր», «Մարմարաշեն», «Փարոս» և «Ամասիա»: Վերջերս որոշ ՓՀԷԿ-երի կողմից Ախուրյան գետավազանում ջրի ոչ հավասարաչափ բաշխման հետևանքով շահերի բախման խնդիր էր ի հայտ եկել: ՀՀ Դատախազության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ Ախուրյանի գետավազանում գործող մի շարք ՓՀԷԿ-երի կողմից շուրջտարյա ռեժիմով ջրօգտագործումը բացասական ազդեցություն է ունենում ՓՀԷԿ-երի և այլ ջրօգտագործողների վրա: Շուրջտարյա ռեժիմով ջուրն օգտագործելու պայմանում և դրանով պայմանավորված Ախուրյանի գետավազանում բավարար ջրաքանակի բացակայության պատճառով այլ ՓՀԷԿ-եր չեն կարողացել շահագործվել`կրելով էական վնասներ:
ՀՀ կառավարությունն օգոստոսի 18-ի նիստում հաստատել էր «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 240-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի՝ ոռոգման սեզոնին Ախուրյան գետից սնվող աջափնյա ջրանցքի ջուրը պետք է օգտագործվի միայն ոռոգման նպատակով: Վերանայվել էին սահմանված բնապահպանական թողքի արժեքները:
Սեպտեմբեր 07, 2021 at 11:23