ՀՀ բնապահպանության նախարարությունը մտադիր է փոխել էկոլոգիական թողքի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը

ՀՀ բնապահպանության նախարարությունը մտադիր է փոխել էկոլոգիական թողքի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսում է փոխել էկոլոգիական թողքի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը: Այս մասին սույն թվականի փետրվարի 5-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության Ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Դավիթ Գրիգորյանը:

Էկոլոգիական թողքի խնդրի լուծումը շատ հրատապ է փոքր ՀԷԿ-երի ոլորտում: Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի թիվ 927-Ն որոշմամբ էկոլոգիական թողքի արժեքը որոշելիս, որպես հիմք ընդունվում է տարվա սեզոնային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը։ Սակայն իրականության մեջ փոքր ՀԷԿ-երը կամ ընդհանրապես այդ թողքը չեն պահպանում, կամ էլ թողքն այնքան քիչ է լինում, որ պատճառ է դառնում գետային էկոհամակարգի հավասարակշռության խախտման, ձկնաշխարհի ոչնչացման:

Ներկայացնում ենք էկոլոգիական թողքի վերաբերյալ ասուլիսի ժամանակ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի եւ ՀՀ բնապահպանության նախարարության Ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Դավիթ Գրիգորյանի հարց ու պատասխանը:

Լևոն Գալստյան.

- Անցյալ տարի բնապահպանության նախարարությունը մտադիր էր փոփոխություն մտցնել էկոլոգիական թողքի հաշվարկման մեթոդիկայի մեջ: Ի՞նչ արդյունքներ եղան

Դավիթ Գրիգորյան.

 Անցյալ տարվա վերջին մենք հանդես եկանք նախաձեռնությամբ՝ ստեղծել մի աշխատանքային խումբ, որը կզբաղվի էկոթողքի կառավարության որոշման փոփոխմամբ, դրա ավելի կատարելագործմամբ: Մենք դա փորձեցինք անել USAID-ի ծրագրի շրջանակներում: Երկու օր առաջ մենք խոսել ենք USAID-ի հետ, իրենք արդեն համապատասխան համաձայնությունը տվել են, և աշխատանքային խումբը հավաքվելու է USAID-ի գրասենյակում, որպեսզի մոտեցումները ճշգրտի: Այդ մոտեցումներն ուժի մեջ են, ոչ ոք չի հետաձգել դա:…Բիզնեսն էլ է մեր կողմից: Եթե այդ ջրային ռեսուրսը հյուծվում և քայքայվում է, վերջին հաշվով դա էներգետիկ պաշար է, որը նաև նպաստում է իրենց բիզնեսին: Եթե այսպես շարունակվի շահագործվել, երկու անգամ ավելի օգտագործվել, կբերի մի իրավիճակի, որ նրանց բիզնեսը կվատնգվի, դրա համար իրենք էլ պետք է շահագրգիռ լինեն` ունենան ջրային ռեսուրսում այն իրավիճակը, որը իրենց շարունակական և ենթադրյալ բիզնեսը կապահովի: Ես հեռու եմ այն մտքից, որ այդ մարդիկ մեր կողմից չեն կամ մեր նման չեն մտածում, այլ մտածում են, գիտեք, օգտագործենք մինչև վերջ:

Լևոն Գալստյան.

- Նախարարի հետ հանդիպման ժամանակ ՓՀԷԿ-երի ներկայացուցիչները եկել էին, մի հոգի ասե՞ց, որ մենք ինչ-որ վնաս ենք տալիս: Չէ, բոլորն էլ պնդեցին՝ մենք ոչ մի վնաս չենք տալիս բնությանը: Բոլոր ՓՀԷԿ-երն էլ վերցնում են այնքան, ինչքան իրենց պետք է, կարող են ամբողջ ջուրը վերցնել և գետը ամբողջությամբ չորացնել: Դրանում բոլորս համոզված ենք, եկեք այդ փաստը ընդունենք: Մենք անձամբ եղել ենք 25 ՓՀԷԿ-ում, ամենուր էլ նույն վիճակն է, ոչ մի տեղ չի պահպանվել այն գրված մինիմալ էկոլոգիական թողքը: Մարդը վերցրել է այնքան ջուր, որ իր ՓՀԷԿ-ը աշխատի, միայն այն դեպքում է ինքը ՓՀԷԿ-ն անջատում, երբ գետում այնքան ջուր չկա, որ հնարավոր չի ուղղակի տեխնիկապես ՓՀԷԿ-ը աշխատեցնել: Բոլոր դեպքերում ինքը պատրաստ է ջրի մինչև վերջին կաթիլը վերցնելու: Երբ հարցնում ես՝ ասում է, ինձ ոչ ոք չի ասել, որ ես պետք է ջուր թողնեմ գետում: … Դուք գնում, 100.000 դրամ տուգանում եք, 100.000-ը ի՞նչ է իրենց համար: Դրա համար պետք է մեխանիզմներ մշակել, ոչ թե 100.000 դրամ, այլ, օրինակ, 5 միլիոն դրամ, իսկ երկրոդ անգամ պետք է լիցենզիայից զրկել և վերջ:

Դավիթ Գիրգորյան.

- Դու իրավացի ես. կա այդ խնդիրը, դրա համար մենք այսօր այդ մեխանիզմները մշակում ենք: Գրպանին խփել, լիցենզիայից զրկել՝ մի ճանապարհ է, մյուս ճանապարհը նշել պարտադիր պայմաններ և տեխնոլոգիաների կիրառում, որը հնարավորություն կտա այդ ջրառը վերահսկելու…:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Փետրվար 10, 2015 at 13:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր