ԷկոԼուրը Ջրի ազգային խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացրեց առաջարկություններ փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ

ԷկոԼուրը Ջրի ազգային խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացրեց առաջարկություններ փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ

ԷկոԼուր  

ԷկոԼուրը Ջրի ազգային խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ուղարկել փոքր ՀԷԿ-երի ոլորտը բարելավելու վերաբերյալ առաջարկություններ: Առաջարկություններն արվել են ինչպես ԷկոԼուրի թիմի կողմից, այնպես էլ ԷկոԼուրի անդամների հրատարակած «Փոքր հիդրոէլեկտրոկայանների (ՓՀԷԿ) սոցիալ-էկոլոգիական ազդեցության վերլուծություն» զեկույցի շնորհանդեսին ներկա մասնակիցների կողմից: Նամակում ասված է.

«Հարգարժան պարոն Հովիկ Աբրահամյան,

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի թիմը 2013թ-ի հոկտեմբերից մինչեւ 2014թ-ի ապրիլն ընկած ժամանակաշրջանում ուսումնասիրություններ է անցկացրել փոքր ՀԷԿ-երի ոլորտում, ինչի արդյունքում հրատարակել է «Փոքր հիդրոէլեկտրոկայանների (ՓՀԷԿ) սոցիալ-էկոլոգիական ազդեցության վերլուծություն» զեկույցը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ։ Զեկույցի շնորհանդեսի ժամանակ հնչեցին մի շարք առաջարկություններ փոքր ՀԷԿ-երի ոլորտը բարելավելու վերաբերյալ: Ձեզ ենք ներկայացնում բոլոր առաջարկությունները, ինչպես նաեւ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի թիմի առաջարկությունները: Կից ուղարկում ենք նաեւ զեկույցը եւ ՌԴ-ի «Տարածքի էկոլոգիական վիճակի գնահատման կրիտերիաներ՝ հայտնաբերելու արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետի գոտիները» մեթոդիկան, որից օգտվել ենք` ՓՀԷԿ-երով գետերի ծանրաբեռնվածությունը  որոշելիս:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լևոն Գալստյան, Համահայկական բնապահպանական ճակատ.

1.Վերանայել ՀՀ կառավարության ՀՀ կառավարության 30.06.2011թ. «Ըստ ՀՀ ջրավազանային տարածքների՝ խմելու-կենցաղային, գյուղատնտեսական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաև բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին» հ. 927-Ն  որոշումը, և բնապահպանական թողքի գնահատման ու հաշվարկման եղանակի հիմքում դնել գետավազանի հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական, սեզոնային և այլ առանձնահատկությունները՝ ընդունելով այն անհերքելի փաստը, որ գետը երկարաժամկետ էկոհամակարգային ծառայություն մատուցող բնական տարր է, այլ ոչ թե միայն հոսող ջրի ֆիզիկական զանգված։

2. Բնապահպանական թողքի հաշվարկման նոր եղանակի ընդունումից հետո՝ վերանայել նախկինում տրված բոլոր ջրօգտագործման թույլտվությունները:

3. Կասեցնել կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի շինարարություններն ու նոր լիցենզիաների տրամադրումը, մինչև ՀՀ կառավարության կողմից մշակվեն դրանց շինարարության և շահագործման ընթացքում առաջացող տարատեսակ ազդեցությունների համալիր և գիտականորեն հիմնավորված մեթոդաբանություններ:

4. Մեթոդաբանության մշակումից հետո պետք է վերանայվեն արդեն իսկ գործող (շահագործվող) բոլոր փոքր ՀԷԿ-երի գործարկման թույլատրելիությունը`ելնելով մշակված համալիր չափանիշներից:

5. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հաշվարկի, հիմնավորի և սահմանի իրատեսական սակագին, որը ներդրումները վերադարձնելուց հետո պետք է աստիճանաբար նվազի՝ ինչի շնորհիվ խնայված միջոցները պետք է ուղղել էլեկտրաէներգիայի արտադրության էկոլոգիապես մաքուր այլ աղբյուրների զարգացմանը: Այլընտրանքային էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներ ունենալու պահանջը պետք է լինի մեր մոտակա տարիների հրամայականը:

6. Իրականացնել ստուգումներ, այդ թվում նաև մշտադիտարկում ՀՀ բնապահպանական փորձաքննության ՊՈԱԿ-ում, թե ինչ ծավալով են քննարկվում փոքր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքային նախագծերը, և ինչ հիմքերի ու մասնագիտական վերլուծության հիման վրա են համատարած տրամադրվում դրական եզրակացություններ:

7. Շատ վտանգավոր և անընդունելի ենք համարում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մեջ մեզ համար անհասկանալի պատճառներով փոքր ՀԷԿ-երի տեղափոխումը «Բ» կատեգորիայից «Գ» կատեգորիայի, ինչը թույլ է տալու պարզեցված ընթացակարգով և առանց լուրջ գնահատման տալ եզրակացություններ:

8. Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից փոքր ՀԷԿ-երի կառուցման նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները:

9. Բոլոր գործող փոքր ՀԷԿ-երը պետք է զինված լինեն բնապահպանական թողքի քանակը կարգավորող ավտոմատ համակարգով, որը պետք է միացված լինի մեկ ընդհանուր համակարգչային ցանցի, որը թույլ կտա ցանկացած պահի տեսնել և գրանցել գետի մեջ թողած ջրի քանակը: Այդ տեղեկատվությունը պետք է առցանց հասանելի լինի ցանակացած քաղաքացու համար:

10. Ընդունել համապատասխան իրավական ակտեր, որով ամրագրված կլինի դրույթ, որ ցանկացած փոքր ՀԷԿ-ի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն և բնապահպանական դրական եզրակացություն կտրվի կառուցապատողին միայն ազդակիր համայնքի, բնապահպան-մասնագետների, քաղաքացիական հանրության դրական կարծիքի առկայության դեպքում: Եթե համայնքը միանշանակ դեմ է, ապա պետական լիազոր մարմնի կողմից կառուցապատողին պետք է տրամադրվի բացասական եզրակացություն:

11. Պետք է միանշանակ արգելել փոքր ՀԷԿ-երի կառուցումը բնության հատուկ պահպանվող տարածքներում և այն գետերի վրա, որոնք հանդիսանում են ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիիների և բույսերի բնակավայր:

12. Անհապաղ սկսել մշտադիտարկման աշախատանքներ այս ուղղությամբ և տալ մասնագիտական հիմնավորումներ ու եզրակացություն, արդյոք թույլատրելի է ամբողջ գետը վերցնել խողովակի մեջ կամ մեկ գետի վրա կառուցել մի քանի փոքր ՀԷԿ: Վերջապես պետք է հասկանալ և գնահատել, թե ինչպիսի բացասական էկոլոգիական հետևանքների կարող է բերել 300-ից ավելի փոքր ՀԷԿ-երի կառուցումն ու շահագործումը Հայաստանի նման փոքր երկրի համար: Մեր կարծիքով սա ամենակարևոր խնդիրններից մեկն է, որն այսօր անհանգստացնում է ոչ միայն քաղաքացիական հանրությանը, այլ նաև բնապահպան-մասնագետներին»:

Աննա Շահնազարյան, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն.

Խնդիրը դիտարկել էներգետիկայի քաղաքականության համատեքստում և տալ էներգետիկ անվտանգությանն ուղղված ՀՀ քաղաքականության գնահատական, որպեսզի երևա, թե ՓՀԷԿ-երի կառուցումը որքանով տեղավորվում էներգետիկ անվտանգություն ապահովելու համատեքստում։ Ակնհայտորեն էներգետիկ անվտանգությունը ՀՀ կառավարությունն ավելի է խոցելի դարձնում, ինչը նշանակում է, որ ՓՀԷԿ-երի կառուցմանը զարկ տալու նրա հիմնավորումներն առնվազն երկերեսանիություն են, և որևէ այլ պահի, երբ պետք է էներգետիկ այլընտրանքների ուղղությամբ քայլ տարվի, այս վարչակազմը այդ քալերը չի կատարում»։

Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ անդամ, տնտեսագետ.

Մեզ մոտ հաշվարկված չէ ջրի արժեքը: Ահա այս խնդիրն է, որը լուծված չէ, ջրի արժեքը պետք է մտնի էլեկտրաէներգիայի սակագնի մեջ:

Աշոտ Մարկոսյան՝ Ջրի ազգային խորհրդի անդամ, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր.

Պետք չէ փակել ՓՀԷԿ-երը, պետք հստակ հարց դնել, որպեսզի ջրի համար վճարվի: Ինչու է կապիտալը լցվել այդ ոլորտ, մի պարզ պատճառով, դա խիստ եկամտաբեր է: Պետք է այնպես անել, որպեսզի հասարակությունն էլ իր մասն ունենա դրանից:  Պետք է այն բանկերը, որոնք ֆինանսավորում են այդ ՓՀԷԿ-երի կառուցումը, պահանջեն նաև էկոլոգիական ծրագիր: Քանի որ մեր բանկերը նման պահանջ չեն դնում, պետք է պետությունը դա անի: Բանկերը նաև պետք է ունենան վերահսկելու հատկություն՝ տեսնելու համար, թե ինչպես են իրականացվում այդ ծրագրերը։

ԷկոԼուրի թիմի առաջարկություններ՝

1. Համաձայն ՀՀ Ջրային օրենսգրքի` պահպանել գետի էկոհամակարգի հավասարակշռությունը` էկոլոգիական թողքի սահմանային թույլատրելի քանակը որոշելիս: Առաջարկում ենք օգտվել ՌԴ-ի «Տարածքի էկոլոգիական վիճակի գնահատման կրիտերիաներ՝ հայտնաբերելու արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետի գոտիները» մեթոդիկայից: Մեթոդիկայի գլուխներից մեկ վերաբերում է վերգետնյա ջրային ռեսուրսների հյուծմանը։ Այն սահմանում է. «Որպես ջրային ռեսուրսների հյուծման աստիճանի գնահատման հիմնական ցուցանիշ ընդունված է վերգետնյա հոսքի անվերադարձ վերցնելը։  Որպես նորմա ընդունված է վերգետնյա հոսքի անվերադարձ վերցնելու սահմանային թույլատրելի ծավալը, որը կազմում է  բազմաթիվ տարիների միջինը՝ բնական հոսքի 10-20 տոկոսը։ Այս նորմայից մինչեւ 2 անգամ ավելի վերցնելը հանգեցնում է արտակարգ էկոլոգիական իրավիճակի, իսկ 2 անգամից ավելին` էկոլոգիական աղետի»։ Սրանից ելնելով` առաջարկում ենք փոխել ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի «Ըստ ՀՀ ջրավազանային տարածքների՝ խմելու-կենցաղային, գյուղատնտեսական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաև բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին» թիվ 927-Ն որոշումը էկոլոգիական թողքի վերաբերյալ: 

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության  2011թ. սեպտեմբեր 8-ի «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» 1300–Ա որոշումը, որով ՓՀԷԿ-երի հզորության չափն ավելացել է 10-ից մինչև 30 Մվտ:

3. Որոշել ՓՀԷԿ-երի համար արգելված գոտիները, որոնք ընդգրկում են հատուկ պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ, սողանքային գոտիներ, ջրաբանական խոցելի տարածքներ:

4. Արգելել նոր ՓՀԷԿ-երի կառուցումը եւ չերկարացնել կառուցված ՓՀԷԿ-երի լիցենզիաներն այն գետերի վրա, որոնք գտնվում են ճգնաժամային եւ աղետալի վիճակում գետի գերշահագործման պատճառով:

5. Սահմանել հստակ կարգ, որը թույլ կտա հաշվի առնել ազդակիր համայնքի բնակչության կարծիքը ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ:

6. Միջազգային ֆինանսական ինստիտուտները մյուս շահագրգիռ կողմերի` ՀՀ բնապահպանության նախարարության, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ միասին պետք է պատասխանատվություն կրեն ՓՀԷԿ-երի գործունեության հետեւանքով առաջացած բացասական էկոլոգիական, սոցիալական հետեւանքների համար եւ ազգային ու միջազգային օրենսդրության խախտումների համար:

7. Ազատել Սեւանա լիճ թափվող գետերը փոքր ՀԷԿ-երից, արգելել այդ գետերի վրա նոր ՓՀԷԿ-երի կառուցումը, ապամոնտաժել անօրինական ՓՀԷԿ-երը եւ չերկարացնել գործող ՓՀԷԿ-երի լիցենզիաները:

8 Հրապարակային դարձնել ՓՀԷԿ-երին վերաբերող բոլոր պաշտոնական փաստաթղթերը` նախագիծ, հասարակական լսումների արձանագրություն, բնապահպանական փորձաքննական եզրակացություն»:

Հուլիս 21, 2014 at 14:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր