

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»
«GeoProMining» ընկերության կողմից Սեւանի ավազանում ոսկու վերամշակաման ձեռնարկության եւ պոչամբարի կառուցման մասին լուրերի արդյունքում ապրիլի վերջին Սեւանը հայտնվեց իշխանությունների եւ լայն հասարակայնության ուշադրության կենտրոնում: S.O.S. Սեւան նախաձեռնող խումբը կոչ արեց ողջ հանրությանն իրենց ձայնը բարձրացնել հանուն Սեւանա լճի՝ որպես երկրի ռազմավարական առաջնահերթության պաշտպանության, կանգնեցնել Սոտքի նախագիծը եւ երաշխիքներ ստանալ, որ «Սեւանի մասին» ՀՀ օրենքը, որն արգելք է դնում Սեւանի ավազանում հանքարդյունաբերակական ձեռնարկությունների գործունեության վրա, չի փոփոխվի:
Ապրիլի 29-ին Սեւան ժամանեց ՀՀ նախագահը Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի հետ միասին, որը ՀՀ նախագահի հրամանով ստեղծվեց 2008թ. դեկտեմբերին, եւ նախագահը հայտարարեց այն մասին, որ նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում Սեւանի ծրագրի ֆինանսավորումը չի կրճատվելու:
Այցելության ընթացքում Սոտքի նախագծի հարցը երկու անգամ բարձրացվեց: Տեղի բնակիչների հետ նախագահի հանդիպման ժամանակ բնակիչներից մեկն իր անհանգստությունը հայտնեց Սոտքում ոսկու գործարան կառուցելու կապակցությամբ:
Նախագահ.
-Կարող է՝ դու էդպես ես կարծում, գուցե Սոտքում, Վարդենիսում ապրողներն այլ կերպ են մտածում…
Բնակիչ.
-…Որ ոսկու գործարան կառուցե՞ն…
Նախագահ.
-…իսկ որտե՞ղ են աշխատելու…
Բնակիչ.
-…թող ուրիշ գործարան կառուցեն, արտադրամաս կառուցեն, ոսկու գործարան տեղում կա…
Նախագահ.
-Եթե դա օգուտ է տալու, հավանություն տալու ենք, եթե վնաս՝ չենք տալու…
Հաջորդ դրվագում լրագրողի՝ ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին ուղղված հարցին, թե ինչպես նա կմեկնաբանի Սոտքի նախագիծը, Վլադիմիր Մովսիսյանը պատասխանեց. ««Սեւանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «գ» կետն արգելում է Սեւանի ավազանում հանքավերամշական ձեռնարկությունների տեղադրումն անմիջական ազդեցության գոտում, եւ եթե դա օրենքով արգելված է, ապա ես եւս չեմ մեկնաբանի: Սակայն, մենք հիմա ուսումնասիրում ենք ոչ միայն հանքավերամշական ձեռնարկությունների ազդեցությունը Սեւանի վրա, այլ կոյուղաջրերի, գյուղատնտեսական արտադրության թափոններըի…»:
Ապրիլի 30-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի հյուրը ՀՀ ԱԺ-ի Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն էր: Վարող Նվեր Մնացականյանի՝ Սոտքի նախագծին վերաբերող հարցին պարոն Հարությունյանը պատասխանեց, որ հանդիպել է S.O.S. Սեւան շարժման ներկայացուցիչների հետ եւ կարծիք հայտնեց, որ հարցը քննարկվում է ավելի շուտ հասարակական կազմակերպությունների դաշտում, քանի որ ոչ մի պաշտոնական փաստաթուղթ ո՛չ հանձնաժողովը, ո՛չ կառավարությունը չի ստացել եւ, հետեւաբար, չի դիտարկվել: Այնուամենայնիվ, Խաչիկ Հարությունյանը հայտնեց, որ իր տեղեկությունների համաձայն, «GeoProMining» ընկերության պատվերով աշխատում են 3 ակադեմիական ինստիտուտներ, եւ հետազոտությունները պետք է ավարտվեն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
ՀՀ բնապահպանության նախարարության տեսակետն արտահայտվեց ապրիլի 30-ին Հանրային հեռուստաընկերության «Եվրապոլիս» հաղորդման ընթացքում տեղի ունեցած բանավեճի ընթացքում: ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը թվարկեց բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Սեւանա լճի էկոհամակարգին վտանգավոր օբյեկտի կառուցման դեպքում` լճի ջրահավաք ավազանի գրունտային եւ ստորգետնյա ջրերի աղտոտում, սեյսմիկ վտանգ, սողանքներ, թունավոր թափոններ եւ այլն՝ ընդգծելով, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը հրաժարվել է համանման նախագծին դրական եզրակացություն տրամադրել, որը ներկայացրել էր Արարատի ոսկու արդյունահանման գործարանի նախկին սեփականատեր «Vedanta Recourses» ընկերությունը, եւ եթե Սոտքի նախագծի վերաբերյալ կրկին դիմում ստանա, ապա նորից կմերժի:
Մայիս 05, 2009
