

ԷկոԼուր
«Գեոթիմ» ընկերությունը հայտարարեց, որ մտադիր է հանքարդյունաբերության ոլորտում իրականացնել, այսպես կոչված, «կանաչ» քաղաքականություն: Այդ մասին «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնեց «Գեոթիմ»-ի տնօրեն Հայկ Ալոյանը: «Ընկերությունն աշխատում է` ամենաժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ, արեւմտյան չափանիշներով, եւ այդ փորձը ներդնում է Հայաստանում: Դա Միջազգային ֆինասական կորպորացիայի (IFC) պահանջն է, որը մեր հիմնական բաժնետերն է»,- ասաց Ալոյանը:
IFC –ի չափանիշների համաձայն` ընկերությունը պետք է, մասնավորապես, գնահատի նախագծի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, անցկացնի սոցիալական եւ բնապահպանական միջոցառումներ, խորհրդակցի տեղական բնակչության հետ եւ այլն:
Ըստ նախագծի` ընկերության սոցիալական պատասխանատվության ներքո են մի քանի համայնքներ` Գորայքը, Գնդեվազը, Կեչուտը, Սարավանը: Մարդիկ գոհ են: Գորայք համայնքում վերանորոգել են ճանապարհները եւ գյուղապետարանի տանիքը: Գյուղին նվիրել են ջրի ֆիլտրացման սարք, նույնիսկ աղբն են գյուղից մեքենայով տանում, ինչը Հայաստանի համար աննախադեպ երեւույթ է: Բացվել են աշխատատեղեր: «Դեռ չեն սկսել ոսկի արդյունահանել, բայց մեզ արդեն օգնում են»,- ասում է Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանը:
Ընկերության հաշվետվություններում նշված է, որ «Գեոթիմ»-ը փոխանցել է 17 հազար դոլլար Սյունիքի մարզի բնակիչների համար` ենթակառուցվածքների բարելավման նպատակով: Բարելավման գործընթացների ցանկում են Ամուլսարի ճամբար տանող հիմնական ճանապարհի վերանորոգումը, որտեղ գտնվում են աշխատողները եւ տեխնիկան: Ճանապարհներ են գցվել, որոնք Ամուլսարը կապում են մոտակա գյուղերի, այդ թվում եւ Ջերմուկ քաղաքի հետ: Միեւնույն ժամանակ, այդ ճանապարհները մտնում են հենց ընկերության ենթակառուցվածքի զարգացման մեջ: «Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանում լինի ընկերություն, որը կարող է լավ օրինակ դառնալ, թե ինչպես է պետք կազմակերպել հանքադյունաբերական գործը»,- նշեց «Գեոթիմ» ընկերության շրջակա միջավայրի եւ համայնքների հետ կապերի մենեջեր Արմեն Ստեփանյանը:
Սոցիալական միջոցառումներն նշված են տեղեկատուում, որը ընկերությունն ամեն ամիս բաժանում է համայնքներում: Այս տեղեկատուում կա նաեւ էկոլոգիական բաժին: Դրանում նշված է օրինակ, թե ջրի, օդի, հողի որքան նմուշ են վերցրել եւ հետազոտվել: Բայց, ցավոք, ոչ տեղեկատուում, ոչ «Lidian International»-ի պաշտոնական կայքում, որը «Գեոթիմ» ընկերության 100 %-անոց բաժնետերն է, ասված չէ, թե այդ նմուշներում ինչ է հայտնաբերվել: Իսկ դա կարեւոր է, քանի որ նմուշների պարունակության շնորհիվ կարելի է ենթադրել, թե ստույգ ինչ է արտանետվելու շրջակա միջավայր, երբ սկսվի հանքավայրի բաց եղանակով շահագործումը:
«ԷկոԼուր»-ի հարցին, թե որոնք են նախագծի գլխավոր ռիսկերը, Հայկ Ալոյանը պատասխանեց` փոշին: Փոշին առաջանում է պայթեցման եւ մանրացման աշխատանքների արդյունքում: Իսկ փոշու մեջ ծանր եւ տոքսիկ մետաղների խառնուրդի պարունակութան եւ տարածման մասին հարցին ի պատասխան Արմեն Ստեփանյանը հավաստիացրեց, որ ծանր խառնուրդները 15 րոպե անց նստում են եւ մնում են հանքավայրից մոտակա հեռավորության վրա` չհասնելով հեռավոր տարածքներ: «Մենք փոշու տարածվելը հաշվել ենք, այն տարածվում է մինչեւ 6 կմ շառվղով, այդ սահմանից այն կողմ փոշին չի տարածվում»: Ա. Ստեփանյանը նաեւ նշեց, որ փոշու նստելու համար օգտագործվում են ջրման մեքենաներ, ինչպես նաեւ լինելու է անտառապաշտպան գոտի, որի համար Գնդեվազ գյուղում ստեղծվում է տնկարան:
Մեր հերթին նշենք, որ նստում են փոշու ծանր ֆրակցիաները, իսկ թեթեւները տարածվում են մեծ տարածության վրա: Թե ինչ են պարունակում այդ ֆրակցիաները, մեզ հայտնի չէ, քանի որ ապացույցները կարող են ներկայացվել միայն անալիզների, աղյուսակների արդյունքների տեսքով, որոնք ոչ մի տեղ ներկայացված չեն: Ճիշտ է, որ IFC-ի չափանիշներում ոչինչ չի ասվում ընկերության գործունեության թափանցիկության մասին: Իսկ ինչ վերաբերվում է անտառապաշտպան գոտուն, ապա անտառը կաճի մի քանի տասնամյակ անց, իսկ նախագիծն արդեն ընթանում է ամբողջ թափով:
Փետրվար 17, 2011
