Էդգար Ղազարյան` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը հարվածի տակ է դնում Ջերմուկի զարգացման ծրագիրը

Էդգար Ղազարյան` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը հարվածի տակ է դնում Ջերմուկի զարգացման ծրագիրը

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն անթույլատրելի է Ջերմուկ քաղաքի ռազմավարական զարգացման տեսանկյունից: Այս կարծիքին է Հայաստանի Հանրապետական կուսակցության Ջերմուկի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Էդգար Ղազարյանը:

Ըստ նրա` Ջերմուկ հանքային ջուրը պարբերաբար պայթեցումների դեպքում հնարավոր է` վերանա կամ փոխի իր ուղղությունը, կամ էլ իր բաղադրությունը: «Դա կարող է անշուշտ վտանգել շշալցումը որպես արդյունաբերություն, ինչը քաղաքի տնտեսության կյանքում ունի շատ էական եւ նշանակալի ազդեցություն»,- ասաց Ղազարյանը:

Էդգար Ղազարյանը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին Ջերմուկից մոտ  60 կիլոմետր շառավղով արգելվել է որեւէ տեսակի հանքարդյունաբերություն: Քաղաքից դուրս են կառուցվել անգամ կաթնամթերքի գործարանը, կաթցայատուն: «Բերել, քաղաքից մոտ 7-8 կմ հեռավորության վրա բաց եղանակով հանքավայր շահագործել, ես կարծում եմ, ուղղակի հարված կարող է լինել Ջերմուկ քաղաքի զարգացմանը»,- ասաց նա եւ ավելացրեց,- այն հավաստիացումները, որ պայթեցումները չեն լսվի Ջերմուկ քաղաքում, կամ առաջացող փոշու ամպերը չեն հասնի Ջերմուկ քաղաք, անկեղծ ասած, ինձ լուրջ չեն թվում: Լիբիայում քամուց առաջացած ավազի անձրեւ է տեղում Հայաստանում, ինչպե՞ս կարող է փոշին տարածում չունենալ»:

ՀՀ կառավարությունը 2008թ. սեպտեմբերին որոշում է ընդունել Ջերմուկը տուրիզմի  կենտրոն հռչակելու մասին: Բացի այդ,  կառավարության հավանությանն է արժանացել  նաեւ Ջերմուկ քաղաքի զարգացման ռազմավարական ծրագիրը: «2010թ. հանրապետության նախագահին է ներկայացվել Ջերմուկի զարգացման նոր պլանը: Ըստ նոր հատակագծի` հենց հանքավայրի մոտ գտնվող տարածքում նախատեսվում է ճոպանուղիներ կառուցել լեռնադահուկային սպորտի զարգացման համար: Եթե հիմա այնտեղ հանքավայր շահագործվի, նշանակում է, որ ուղղակիորեն վտանգի տակ է դրվելու քաղաքի հատակագծով արդեն նախատեսված ծրագրերի իրականացումը»,-ասաց Ղազարյանը:

Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանին` Ջերմուկից մոտ 10 կմ հեռավորության վրա: Հանքի շահագործման արտոնագիրը պատկանում է կանադական «Lydaian International» ընկերությանը, որին Հայաստանում ներկայացնում է «Գեոթիմ» ընկերությունը:  Ամուլսարի նախագծի հիմնական ֆինանսավորումն իրականացվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC)   եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից:



Սեպտեմբեր 23, 2011 at 01:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր