

Ռեգնում տեղեկատվական գործակալություն
Նոյեմբերի 24-ին Ռեգնում տեղեկատվական գործակալության հրապարակած «Ոսկու տենդը մթագնում է հայկական Ջերմուկի տուրիստական հեռանկարները» հոդվածի առնչությամբ Ջերմուկի (Հայաստան) մոտակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնող «Գեոթիմ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ: Ռեգնումի ստացած ընկերության հաղորդագրության մեջ մասնավորապես հերքվում են հոդվածում տեղ գտած էկոլոգների եւ Ջերմուկի քաղաքապետի բոլոր մտավախություններն ու մեղադրանքները:
Ամբողջությամբ հրապարակումենք «Գեոթիմ» ՓԲԸ-ի հայտարարության տեքստը:
«1.Ամուլսարի հանքավայրը Ջերմուկ քաղաքից գտնվում է 13կմ (ուղիղ գծով) հեռավորության վրա, իսկ կոմբինատը եւ հարակից ենթակառուցվածքը` 16կմ հեռավորության վրա, ինչը բացառում է ուղղակի ազդեցությունը քաղաքի էկոլոգիայի վրա: Հանքը Ջերմուկ քաղաքից տեսանելի չի լինի, աղմուկը չի լսվի, փոշով աղտոտումն անհնարին է:
2. Ամուլսարի հանքավայրի մոտավորապես 100 000 մակերեսային եւ ստորգետնյա նմուշներ վերլուծվել են 30 տարբեր պարամետրերով` ներառյալ ուրանի պարունակության համար: Վերլուծությունների արդյունքներից ելնելով` կարելի է վստահությամբ ասել, որ հանքավայրում ուրանի կոնցենտրացիա չկա: Վերցված նմուշները վերլուծության են ենթարկվել Կանադայի ALS Chemex անկախ սերտիֆիկացված լաբորատորիայում, իսկ արդյունքները հրապարակվել են եւ տրվել են բոլոր շահագրգիռ կողմերին: Ավելին, վերջերս հանքավայրում ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքավայրում ռադիացիոն ֆոնն ավելի ցածր է, քան Երեւան քաղաքի կենտրոնում:
3. Հանքանյութը վերամշակվելու է կույտային տարալվացման մեթեոդով, ինչը բացառում է պոչամբարի առկայությունը:
4. Կոմբինատը ծրագրվում է տեղադրել Սպանդարյանի ջրամբարից (ուղիղ գծով) 4կմ հեռավորության վրա: Կոմբինատի աշխատանքի ընթացքում աղտոտման հնարավորությունը կամ որեւէ լուծույթի արտահոսքը բացառվում են:
Կոմբինատի աշխատանքները կանցկացվեն փակ շրջանառության ժամանակակից տեխնոլոգիայով, որտեղ բոլոր լուծույթներն ու հեղուկները մշտապես գտնվում են համակարգի ներսում: Սպանդարյան-Կեչուտ թունելը փակ է եւ երբեք չի գործել:
5. Հայտարարությունն այն մասին, որ հանքավայրի շահագործման ընթացքում կապար կառաջանա, գիտական հիմնավորում չունի, եւ, ըստ էության, անհեթեթություն է:
6. Պայթեցման աշխատանքները իրականացվելու են խիստ վերահսկողության ներքո` պայթեցման ալիքի եւ խոնավեցման նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ պայթեցման ընթացքում փոշին 1 կմ շառավղով տարածքի վրա է նստում: Տվյալ ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ 40 տարվա ընթացքում քամիներն ուղղություն ունեն արեւելքից դեպի արեւմուտք, այսինքն` ոչ Ջերմուկի ուղղությամբ»:
Նշենք, որ Ամուլսարի հանքավայրի ոսկու պաշարները գնահատվում են 2,5 միլիոն ունցիա (ավելի քան 75 տոննա): «Գեոթիմի» 95%-ը պատկանում է բրիտանական Lydian International Limited ընկերությանը: Վերջինս զբաղվում է երկրաբանահետախուզական աշխատանքներով եւ ոսկու արդյունահանմամբ: Կազմակերպության խոշոր բաժնետերերն են Համաշխարհային բանկի կառույցի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) եւ «Նյումոնտ» լեռնահանքային կորպորացիան:
Նոյեմբեր 30, 2011 at 15:16
