

ԷկոԼուր
«Lydian International» ընկերության ֆինանսական ներդրողներ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) արձագանքեցին Ամուլսարի նախագծի հետ կապված «ԷկոԼուր»-ի ահազանգին (տե’ս «Ահազանգ «Lydian Intarnational» ընկերության ներդրորողներին` IFC-ին եւ EBRD-ին» բաց նամակը):
EBRD-ի քաղաքացիական հասարակության ներգրավման բաժնի ղեկավար Բիլյանա Ռադոնիչ Կեր-Լինդսեյի նամակում ասված է. «Մենք ցանկանում ենք տեղեկացնել, որ «Lydian International» ընկերությունը պարտավորություն է ստանձնել հետեւել EBRD-ի ամենախիստ բնապահպանական և սոցիալական չափանիշներին` որպես Ընկերության հետախուզման ներկայիս գործողություններին աջակցելու համար Բանկի կապիտալի ներդրման պայման: Առ այսօր նման հետախուզական գործունեությունը սահմանափակ բնապահպանական ազդեցություն է ունեցել: Եթե ընկերությունն անցնի հանքավայրի ամբողջական արդյունահանմանը, «Lydian International» ընկերությունը սերտորեն կհամագործակցի Բանկի հետ Ամուլսար հանքավայրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման համար:
Ինչ վերաբերվում է աշխատակիցների ազատման առանձնահատկություններին, մենք խորհուրդ ենք տալիս անմիջականորեն կապնվել ընկերության հետ: Քննարկելով սույն խնդիրը «Lydian International» ընկերության հետ` մենք հասկացանք, որ ընկերությունն աշխատանքի է ընդունում աշխատակիցներին սեզոնային հենքով` սկսած յուրաքանչյուր տարվա մայիսից մինչև նոյեմբերի վերջը: Աշխատակիցներին նորից աշխատանքի են ընդունում նոր սեզոնի սկզբից, որն ընդունված պրակտիկա է այնպիսի ընկերությունների համար, ինչպիսին է «Lydian International» ընկերությունը»:
IFC-ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքի նամակում նշված է. «IFC-ն աջակցում է աշխատատեղեր ստեղծող եւ Հայաստանի տնտեսական աճին նպաստող մասնավոր հատվածի զարգացմանը, այդ թվում` կայուն հանքարդյունաբերությանը: Մեր կողմից ֆինանսավորվող բոլոր ծրագրերում կիրառվում են բնապահպանական եւ սոցիալական ամենաբարձր ստանդարտները: Ամուլսարի ծրագիրը ենթակա է այդ նույն ստանդարտներին եւ համապատասխանում է հանքարդյունաբերության միջազգային լավագույն փորձին, ներառյալ հետագա բոլոր հանքարդյունաբերական գործողություններին վերաբերող անկախ փորձագիտական զեկույցներն ու դրանց հանրամատչելի հաշվետվությունները»:
Դեկտեմբեր 27, 2011 at 17:02
