

ԷկոԼուր
«ԷկոԼուր»-ը ներկայացնում է Ջերմուկի զարգացման կենտրոնի կողմից մարտի 13-14-ին կազմակերպած «Ամուլսարի ոսկու հանքի ազդեցությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա» համաժողովին նվիրված «Ջերմուկը եւ Ամուլսարի նախագիծը» տեսանյութերի շարքի եզրափակիչ տեսանյութը: Այս թողարկման մեջ կարծիք է հայտնում իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:
«Ու՞մ հետ մենք գործ ունենք»,- իր ելույթը սկսեց Նազելի Վարդանյանը: Նա կանգ առավ իրավաբանական անճշտությունների եւ հակասությունների վրա, որոնք առկա են «Գեոթիմ» եւ նրա գլխավոր բաժնետեր «Lydian International» ընկերությունների տեղեկատվություններում, որոնք տեղադրված են ընկերությունների կայքերում: «Բացում ես «Lydian International»-ի կայքը, ու այնտեղ գրված է, որ «Lydian International» կազմակերպությունը ստեղծվել է 2005թ. եւ ունի շատ հարուստ փորձ հանքավայրերի հետախուզման եւ զարգացման առումով: … Բայց այդ ընկերության միակ նախագիծը Ամուլսարի նախագիծն է,- նշեց իրավաբանը,- որտեղի՞ց է փորձը, եւ ինչ տեխնոլոգիաներով են նրանք պատրաստվում մեզ զարմացնել»: Նա տվեց խիստ գնահատական. «Մենք չպետք է խնդիրները քննարկենք ընկերության հետ, այլ պետք է խոսենք մեր կառավարության հետ, թե ինչու է մեր կառավարությունը մեր երկրում ընդունում անհասկանալի ընկերություն եւ լիցենզիա տալիս նրանց: Մեզ մոտ այդպիսի մի քանի ընկերություններ կան, եւ մենք տեսնում ենք նրանց գործունեության արդյունքները»,- ասաց Նազելի Վարդանյանը եւ կոչ արեց չհամաձայնվել հորդորների հետ եւ ընկերության հետ գործարքի մեջ չմտնել հանուն երեխաների առողջության եւ Ջերմուկի պահպանման:
Մարտ 24, 2012 at 10:16
