Ջերմուկի զարգացման կենտրոնը պատասխանում է «Գեոթիմ» ընկերության հերքմանը

Ջերմուկի զարգացման կենտրոնը պատասխանում է «Գեոթիմ» ընկերության հերքմանը

ԷկոԼուր

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն տարածել է պատասխան` ուղղված «Գեոթիմ» ընկերության հայտարարությանը: «Գեոթիմ» ընկերությունը  24.05.2012թ. տարածել էր մամլո հաղորդագրություն մայիսի 21-ին տեղի ունեցած Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի քննարկման վերաբերյալ: «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի պատասխանում մասնավորապես ասված է. «Ի պատասխան «Գեոթիմ» ընկերության 24.05.2012թ. մամլո հաղորդագրության` տեղեկացնում ենք, որ «Ավիատրանս» հյուրանոցում 21.05.2012թ. մեր կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման օրը երկուստեք եղել է համաձայնեցված, իսկ ուղղարկված հրավերի պաշտոնական պատասխանի մերժումը հետևյալ հիմքով է. ««Գեոթիմ» ՓԲ Ընկերությունը, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, ազդակիր համայնքներում իրականացրել է հանրային լսումներ 2012 թ. մարտի 12-ին և մարտի 30-ին, 2012 թ. ապրիլի 18-ին Ընկերությունը հանրային քննարկում է ունեցել ՀՀ Բնապահպանության նախարարությունում, իսկ սույն թվականի հունիսին նախատեսում է անցկացնել միջազգային բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականի շրջանակներում հանրային լսումներ: Ուստի,  հաշվի առնելով վերը նշվածը, «Գեոթիմ» ՓԲ Ընկերությունը նպատակահարմար չի գտնում մասնակցելու ս.թ. մայիսի 21-ին կազմակերպվող քննարկմանը»: Ընկերության պաշտոնական պատասխանի մեջ որևէ նշում, թե ինչով է զբաղված ընկերության ղեկավար և տեխնիկական անձնակազմերը` չկա, առավել ևս չեն խնդրել հետաձգելու հանդիպումը:

Հիշեցնենք, որ «Գեոթիմ» ՓԲ  Ընկերությունը հրաժարվել էր  նաև ս.թ. մարտի 13-ին մեր կողմից Ջերմուկ քաղաքում կազմակերպված կոնֆերանսին մասնակցությունից` ոչ պատշաճ տեղեկացված լինելու պատճառաբանությամբ:

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպվող աշխատանքային քննարկումները նպատակ ունեն հանրության լայն շերտերին ներկայացնելու անկախ փորձագետների կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի նախագծին տրված գնահատականներն ու կարծիքները, նկատված բացթողումներն ու թերացումները»:

Մայիս 28, 2012 at 15:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր