Ամենայն հավանականությամբ Ամուլսարի նախագիծը մոտ ժամանակներս կստանա բնապահպանության փորձաքննության եզրակացություն

Ամենայն հավանականությամբ Ամուլսարի նախագիծը մոտ ժամանակներս կստանա բնապահպանության փորձաքննության եզրակացություն

ԷկոԼուր

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հետեւյալ առաջարկություններն արեց «Գեոթիմ» ընկերությանը, որը ներկայացրել է Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը`

  1. սահմանված կարգով ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել հանքի փակման ծրագիրը
  2.  հանքի շահագործման ընթացքում շրջակա տարածքներում կազմակերպել`
    - Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրի որակի մոնիտորինգ
    - շրջակա միջավայրի ճառագայթային մոնիտորինգ
  3. հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում առաջնորդվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով
  4. ոսկու կորզման գործարանի տեղադրման հարցում առաջնորդվել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով ամրագրված պահանջներով
  5. հաշվի առնելով նախատեսվող գործունեության կարևորությունը՝ կապված Սևանա լճի պահպանության, Ջերմուկ առողջարանային քաղաքի, ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի, ինչպես նաև տնտեսական վնասի հաշվարկների հետ և կարևորելով միջազգային առաջավոր փորձի օգտագործումը, առաջարկել «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ իրականացնել հանքավայրի ընդլայնման նախագծի միջազգային բնապահպանական փորձաքննություն՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ նախօրոք համաձայնեցնելով փորձաքննություն իրականացնող կազմակերպության ընտրությունը:

Այս առաջարկությունները հնչեցվեցին հուլիսի 30-ին` Ամուլսարի նախագծի հասարակական լսումների ժամանակ:

Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 18-ին Արամ Հարությունյանը հանձնարարեց Ամուլսարի նախագիծն ուղարկել Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով` եզրակացության համար, հասարակական լսումներ անցկացնել Ջերմուկ առողջարանային քաղաքում, որի բնակչությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում էին իրենց քաղաքը ճանաչել Ամուլսարի նախագծի ազդեցության գոտի: 

Չնայած նրան, որ Ջերմուկում անցկացվել է նախագծի քննարկում, սակայն հասարակական լսումներ, որոնց կարգավիճակը սահմանված են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով, Ջերմուկում չեն անցկացվել: Իրավաբան Արթուր Գրիգորյանի հարցին` արդյոք Ջերմուկը պաշտոնապես ճանաչվել ազդեցության գոտի, թե ոչ, նախարարը հաստատեց, որ չի ճանաչվել:

Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը, մեր տվյալներով,  նախագծին բացասական եզրակացություն է տվել: Չնայած հասարակայնության պահանջին` նախարարության պաշտոնական կայքում հանձնաժողովի գնահատականը չհրապարակվեց: Լսումների ընթացքում հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Թարվերդյանը հայտարարեց, որ եթե ընկերությունը նախագծում որոշակի փոփոխություներ կատարի, ապա հանձնաժողովը պատրաստ է վերանայել իր որոշումը:

Նշենք, որ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը 1-ին գլխում տալիս է Սեւանա լճի ջրահավաք ավազանի նկարագրությունը, որտեղ մտնում են Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները, Արփա եւ Որոտան գետերի ջրահավաք ավազանը: Իսկ Օրենքի 10-րդ հոդվածով արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:  Հարց է մնում, թե ինչի հիման վրա է հանձնաժողովը վերանայելու իր որոշումը, երբ հենց Արփա-Որոտան գետերի ջրահավաք ավազանը ընկնում է Ամուլսարի նախագծի ազդեցության տակ: 

Նաեւ անհասկանալի է միջազգային փորձաքննություն անցկացնելու մասին առաջարկությունը: Կա ստույգ նախագիծ, եւ կան արտահայտած կարծիքներ եւ մեկնաբանություններ: Այսինքն` փորձաքննությունը սրա հիման վրա պետք է տա դրական կամ բացասական եզրակացություն: Դրա հետ մեկտեղ դրական եզրակացությունը կարող է պարունակել նաեւ ցանկություններ, ինչպիսիք, օրինակ, վերեւում նշել ենք:

Այս դեպքում միջազգային փորձագետների եզրակացությունը նույնպես մնում է որպես լրացուցիչ ցանկություն, բայց չի կարող փոխարինել ընդունված եզրակացությանը: Ըստ հավանականության` Ամուլսարի նախագիծը գնում է այդ ճանապարհով, եւ մոտ օրերս` մինչեւ օգոստոսի 4-5-ը, այն կստանա «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի եզրակացությունը:

Հուլիս 31, 2012 at 17:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր