

ԷկոԼուր
Հարավային Կովկասում
Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավար
պարոն Թոմաս Լյուբեկին,
Հայաստանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչ
տիկին Աննա Դիրային,
Ներդրումների գծով աշխատակից
պարոն Արման Բարխուդարյանին
Նամակ
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) նման բրիտանական «Lydian International Ltd.» ընկերության բաժնետերերից (համապատասխանաբար 10.23% եւ 6,8% բաժնետոմսերի չափով) է, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հանքային իրավունքը: Լինելով միջազգային ֆինանսական ինստիտուտ՝ IFC-ն հռչակել է սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության սկզբունքներ, որոնց կատարումը մենք` որպես հասարակայնության ներկայացուցիչներ, ցանկանում ենք տեսնել IFC-ի կողմից աջակցություն ստացող կոնկրետ նախագծերում: Ուշադրություն դարձնենք նրան, որ Ամուլսարի նախագծով իրականացվող գործունեությունը չի համապատասխանում այն չափանիշներին, որոնց հետեւելու համար պատասխանատվություն են կրում «Գեոթիմ» ընկերությունը (100% բաժնետոմսերը պատկանում են «Lydian International Ltd.»-ին) եւ IFC-ն, նաեւ խախտվում են ազգային օրենսդրությունն ու միջազգային բնապահպանական կոնվենցիաների դրույթները, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը:
Բնապահպանական փորձաքննություն, ՇՄԱԳ:
Ամուլսարի նախագծի վերաբերյալ երկու անգամ՝ 2009 թ. եւ 2012թ., անցկացվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումներ եւ տրվել են բնապահպանական փորձաքննության եզրակացություններ: Դրանք արտացոլված են պաշտոնական փաստաթղթերում, որոնք արխիվացված են ՀՀ բնապահպանության նախարարությունում:
2009թ-ի բնապահպանական փորձաքննության եզրակացությունն ուժը կորցրել է 2010թ-ին: 2012թ-ին տրվեց երկրորդ եզրակացությունը Ամուլսարի հանքավայրի ընդլայնման նախագծի համար: Բնապահպանության նախարարությունն իր եզրակացության մեջ առաջ քաշեց մի շարք պայմաններ (տես ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը՝ http://www.mnp.am/?aid=592):
1.Պահանջներից մեկը հետեւյալ էր՝ «Ոսկու կորզման գործարանի տեղադրման հարցում առաջնորդվել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով ամրագրված պահանջներով»: Սեւանա լիճը Հայաստանի ազգային եւ ռազմավարական առաջնահերթությունն է` 35 միլիարդ խորանարդ մետր քաղցրահամ ջրի պաշարով:
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված արգելքն արտացոլված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում՝ «Հոդված 3… Սեւանա լճի ջրհավաք ավազան ՝ տարածք, որի մակերեւութային եւ ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սեւանա լիճ: Սեւանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաեւ Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները, Արփա եւ Որոտան գետերի ջրհավաք ավազանները՝ մինչեւ Կեչուտի ջրամբար», «Հոդված 10. …1. Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն: 2. Անմիջական ազդեցության գոտում արգելվում են՝ ա) էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ եւ կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը. բ) ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը եւ տեղադրումը. գ) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը. դ) քարածխի եւ հեղուկ վառելանյութի բազայի վրա աշխատող 10 մեգավատտից ավելի հզորությամբ ջերմային էներգիայի աղբյուրների գործարկումը»:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2013թ. հուլիսի 18-ին ընդունել է 746 – N որոշումը, որի համաձայն` Որոտան-Սեւան թունելի երկարությամբ եւ թունելի առանցքից 3000.0-ական մետր հորիզոնական գծային չափերով շերտագիծն ընդունվել է որպես Սեւանա լճի ջրհավաք ավազանի մաս, որտեղ ցանկացած գործունեություն, ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Uեւանա լիճ տեղափոխվող ջրահոսքերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենuաբանական, uանիտարաթունաբանական, հիգիենիկ եւ այլ որակական ու քանակական
ցուցանիշների վրա:
2. Ամուլսար ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն ամբողջությամբ ստացել է պետական իրավասու մարմնի՝ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը: Հանձնաժողովի իրավասություններն ամրագրված են «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 19, 20 եւ 21 հոդվածներում: Հանձնաժողովի պաշտոնական պատասխանում (նամակ N Е/18/2012 ) նշված է. «…հանքավայրի լցակույտերը նախատեսվում է 2570-2360մ նիշերի սահմաններում, 735թ. աղետալի երկրաշարժի էպիկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա 40-50մ բարձրությամբ 4 շերտով շուրջ 100մ միջին բարձրությամբ m=1.0 շեպերի թեքությամբ, առանց միջանկյալ բերմանների: Նախագծում չկան շեպերի կայունությունը հիմնավորող հաշվարկներ` հաշվի առնելով տարածշրջանի 10 բալ սեյսմիկ ուժգնությունը:…
…նախագծում լցակույտի համար նախատեսված իջույթի հիդրոերկրաբանական առանձնահատկությունների շնորհիվ դիտարկվում են գրունտային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք լցակույտում պարունակվող վտանգավոր բաղադրիչները կտեղափոխեն Որոտանի գետահունը, այնուհետեւ Որոտան-Արփա-Սեւան թունելով նաեւ Սեւանա լիճ…
…հանքավայրում պայթեցման գործընթացները կարող են առավել ակտիվացնել սողանքային երեւույթները հատկապես գարնանային ամիսներին իրենց անկանխատեսելի հետեւանքներով…
… Նախագծի Radman Associates հատորում (http://www.geoteam.am/media/documents/Technical%20Reports/Impact%20Assessment%20Reports/Radioactivity_Impact_Assessment_Radman.pdf) նշվում է, որ ռադոնի կոնցենտրացիան գերազանցում է 400ԲԿ m-3 ներգործության մակարդակը, բայց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական» հատորում ոչ մի միջոցառում չի նախատեսված ռադոնի մակարդակը իջեցնելու համար…»:
3. Ամուլսարի նախագծով չի կատարվել բնապահպանական փորձաքննության եզրակացության մեկ ուրիշ պահանջ եւս. «Հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում առաջնորդվել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով» (http://www.mnp.am/?aid=592): «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրք` «Հոդված 26. Ընդերքօգտագործման արգելումը
1. Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի եւ առողջության, պատմամշակութային արժեքների կամ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`
1) գերեզմաններ.
2) բնության, պատմության եւ մշակույթի հուշարձաններ.
3) Հայաuտանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:
2. Ընդերքօգտագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությամբ սահմանված կարգով»:
WWF-Հայաստանի տվյալներով Ամուլսարի նախագծի քարտեզում նշված է ՀՀ կարմիր գրքում գրանցված մեկ բուսատեսակի` Potentilla porphyrantha-ի աճելու վայրը, ինչպես նաեւ նշված են ՀՀ կարմիր գրքում գրանցված երկու տեսակի սողուններ, 18 տեսակի թռչուններ, 4 տեսակի կաթնասուններ: Ամուլսարի նախագծի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեջ (ՇՄԱԳ) նշված է, որ նախագծի տարածքում է ապրում Կարմիր գրքում գրանցված «Կովկասյան գորշ արջը»:
Վտանգներ Ջերմուկ առողջարանի համար: Ջերմուկն Ամուլսարից գտնվում է 12 կմ հեռավորության վրա: Ջերմուկը հարուստ է տաք աղբյուրներով եւ հանքային ջրերով: Կառավարությունը 18.09.2008թ. 1064-Ն որոշմամբ Ջերմուկը հայտարարեց տուրիստական կենտրոն: Ջերմուկի զարգացման պլանով տուրիստական գոտու սահմանն անցնում է Ամուլսարից 2-4 կմ հեռավորության վրա: Ջերմուկում զարգացած է «Ջերմուկ» հանքային ջրի շշալցման արտադրությունը: «Ջերմուկ» հանքային ջուրը համարվում է արտահանվող ապրանք:
Ջերմուկում արդեն միլիոնավոր ներդրումներ են արված: Սակայն բաց հանքի պայթեցումները եւ փոշին, ավելի քան 90 միլիոն տոննայի հասնող լցակույտերից հողի եւ ջրի թունավորումը եւ ցիանային արտադրությունը չեն կարող բացասական ազդեցություն չունենալ Ջերմուկի բրենդի վրա: Բացի այդ, փխրուն հանքային աղբյուրները կարող են անհետանալ պարբերական պայթեցումների արդյունքում: Այսինքն, Ջերմուկը ապագա չի ունենա:
«Գեոթիմ» ընկերությունը պնդում է, որ Ջերմուկ առողջարանը Ամուլսարի նախագծի ազդեցության գոտու մեջ չի մտնում: Հիշեցնենք, սակայն, որ ընկերությունը Ջերմուկ առողջարանը ներառել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2009թ. հաստատված Ամուլսարի նախագծի ազդեցության գոտու մեջ: Այսպես, որպես նախագծի ազդեցության գոտի նշվել է Կեչուտ գյուղը, որն իրականում Ջերմուկ առողջարանի վարչական շրջան է: Պարադոքսը նրանում է, որ 2012թ. Ամուլսարի հանքավայրի ընդլայնման նախագծում Կեչուտը ազդեցության գոտուց անհետացել է:
IFC-ի քաղաքականությունը:
2013թ. հուլիսի 4-7-ին` IFC-ի եւ EBRD-ի պատվիրակությունների Ամուլսար կատարած աշխատանքային այցի ժամանակ, IFC-ի ներդրումային ծրագրերի ղեկավար Ռոբին Վայսմանը հայտարարեց, որ իրենք իրենց հաճախորդներին «շատ ուշադիր» են ընտրում: Նա նաեւ հայտարարեց, որ ընտրելիս հիմնական չափորոշիչը ընկերության պատրաստակամությունն է հետեւելու էկոլոգիական եւ սոցիալական բարձր չափանիշներին:
Նշենք, որ IFC-ն, եւ որոշ ժամանակ անց նաեւ EBRD-ն դարձան «Lydian International Ltd»-ի բաժնետերեր: «Lydian International Ltd»-ն պատկանում է այսպես կոչված Junior ընկերությունների շարքին, այսինքն այն ընկերություններից է, որոնք հանքարդյունաբերության մեջ նախնական փորձ չունեն: «Lydian International Ltd.»-ն ստեղծվել է 2005թ.՝ Ամուլսարում ոսկու պաշարների հետախուզման մեկնարկի հետ գրեթե միաժամանակ: Մինչ օրս ընկերության պորտֆելում հիմնական նախագիծը Ամուլսարն է: Բայց Ամուլսարում ընկերությունը չի զբաղվում հանքի շահագործմամբ, այլ զբաղվում է միայն երկրաբանահետախուզական աշխատանքներով: Հետեւաբար, գաղտնիք է մնում, թե IFC-ի պատասխանատու անձի պատկերացմամբ ինչ է նշանակում «ուշադիր ընտրություն»-ը:
Ինչ վերաբերում է էկոլոգիական եւ սոցիալական բարձր չափանիշների կատարմանը, ապա ՇՄԱԳ-ի եւ այլ փաստաթղթերի դիտարկման գործընթացը վկայում է այն մասին, որ Ամուլսարի նախագիծը մեծ ռիսկեր եւ վտանգներ է պարունակում` ծանր մետաղներով եւ տարրերով աղտոտելու ռազմավարական ջրային ռեսուրսները, գյուղատնտեսական նշանակության հողերը, վտանգ է ներկայացնում ջրաբանակական արգելավայրերի հանքային ջրերի աղբյուրների գոյության (Ջերմուկի ջրաբանական արգելավայր), Կարմիր գրքում գրանցված տեսակների պահպանման համար:
Նաեւ ուշադրություն դարձնենք նրա վրա, որ աստիճանաբար Ամուլսարի նախագծի քննարկումը տեղափոխվում է քաղաքական հարթություն: Սրա վկայությունը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ Համաշխարհային բանկի եւ EBRD-ի պատասխանատու անձանց, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի բանակցությունների շարքն է: Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ամուլսարի նախագծի ներդրումային հարցերը: Այդ մասին են վկայում նաեւ Ուելսի արքայազն Չարլզի` Ամուլսար այցելելու դեմ ուղղված ակտիվ հասարակայնության բողոքի ակցիաները: Սակայն Ամուլսարի նախագիծը քաղաքական նախագիծ չէ եւ քաղաքական որոշումներ չի պահանջում, եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատասխանում է բնության պահպանության համար, այլ ոչ ներդրումների: Եթե Ամուլսարի նախագիծը պահանջեր քաղաքական որոշում, ապա թույլատրող փաստաթղթերի եւ եզրակացությունների ստանալը պետք է լիներ ոչ թե ՀՀ բնապահպանության նախարարությունից, այլ ուրիշ կառույցներից, այդ թվում եւ քաղաքական:
Հաշվի առնելով վերը ասվածը` մենք նշում ենք, որ Ամուլսարի նախագծով իրականցվող գործունեությունը չի համապատասխանում IFC-ի հետեւյալ չափանիշներին` 1. էկոլոգիական եւ սոցիալական կայունության ապահովմանը, 2. ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը եւ շրջակա միջավայրի աղտոտման կանխմանը, 3. առողջության պահպանմանը եւ բնակչության անվտանգության ապահովմանը և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներին, որոնց միացել է Հայաստանը:
Կարծում ենք, որ IFC-ն, այդ չափանիշները կատարելու պարտավորություններ ունենալով, պետք է դադարեցնի իր մասնակցությունը Ամուլսարի նախագծին, մինչեւ այդ չափանիշները չկատարվեն:
«ԷկոԼուր» ՀԿ Ինգա Զարաֆյան
«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնություն Թեհիմնե Ենոքյան
«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ Վազգեն Գալստյան
«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն Աննա Շահնազարյան,
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ Սիլվա Ադամյան
«ԷկոԻրավունք» ՀԿ Արթուր Գրիգորյան
Սոնա Այվազյան, Էկոլոգիական քաղաքականության փորձագետ
Սեպտեմբեր 06, 2013 at 13:31
