«Գեոթիմը» խոստանում է ուսումնասիրել գնդեվազցիների բողոքը

«Գեոթիմը» խոստանում է ուսումնասիրել գնդեվազցիների բողոքը

www.civilnet.am

Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերությունը խոստանում է ուսումնասիրել գյուղացիների բողոքի հետ կապված խնդիրը և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան տեղեկացրին «Գեոթիմ» ընկերությունում:

Գնդեվազ գյուղի 210 բնակիչներ դիմում-բողոք էին ներկայացրել «Համաշխարհային բանկի պարտականությունների կատարման գծով խորհրդականի/օմբուդսմենի ապարատին»` ուղղված Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ:

«Գեոթիմ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի անունից ներկայացված պարզաբանման մեջ ասված է. «Ամուլսարի ծրագիրը միջազգային կարգի ժամանակակից ծրագիր է լինելու, որից կշահեն համայնքներն ու երկիրը: Այն կունենա բարձրակարգ բնապահպանական և անվտանգության կառավարում, համահունչ, օրինակ, Միացյալ Նահանգներում հանքերի կառավարման խիստ չափանիշներին: Գնդեվազի և մյուս համայնքների հետ մենք սերտ համագործակցել ենք 2007 թվականից, աշխատել ենք բաց և թափանցիկ, միշտ լսել ենք հարցերն ու մտահոգությունները և պատասխանել դրանց հանրային լսումների, հանդիպումների, շարունակական բաց հաղորդակցության և Գնդեվազում մեր ինֆորմացիոն կենտրոնում ծրագրի հետ կապված տեղեկատվության հետևողական տրամադրման միջոցով: Միշտ ունեցել ենք համայնքների աջակցությունը և վստահ ենք, որ մեծամասնությունը ողջունում է ծրագիրը:

Այդուհանդերձ, ունենալով այնպիսի բաժնետերեր, ինչպիսիք են Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, մենք հավատարիմ ենք միջազգային ամենաբարձր չափանիշներին ոչ միայն բնապահպանական կառավարման, այլև թափանցիկության, կառավարման և հաշվետվողականության հարցում: Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք բողոքի հետ կապված խնդիրը և համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք, որպեսզի բողոքի հեղինակները ունենան համապատասխան տեղեկատվությունը: Ընկերությունը նպատակ ունի ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի հողի ձեռքբերման և փոխհատուցման գործընթացը անցնի թափանցիկ, իսկ մտահոգությունները ստանան պատասխան:

Կարևոր ենք համարում նաև հիշեցնել, որ Ամուլսարը դեռևս գործող հանք չէ: Մենք չենք սկսել ո՛չ շինարարությունը, ո՛չ էլ արդյունահանումը, որը սպասվում է 2016թ. ավարտին: Վերջին տարվա ընթացքում մեր հիմնական գործունեությունը որոնողահետախուզական, բնապահպանական վերականգնողական աշխատանքներն էին և սոցիալական ծրագրերը համայնքներում, որոնք իրականացվում են 2007 թվականից` համայնքների ղեկավարների, բնակիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ մշտական խորհրդակցության արդյունքում»:

Գնդեվազի 210 բնակիչներ իրենց դիմում-բողոքում նշել էին, որ «հանքավայրի շահագործման ընթացքում պայթեցումներ կատարելու հետևանքով ծանր մետաղների փոշին կտարածվի գյուղի արոտավայրերի, խոտհարքերի, արտերի, ինչպես նաև գյուղի բնակելի տարածքի վրա, կբարձրանա ռադիոակտիվ ֆոնի մակարդակը»: Նրանք կոչ են անում դադարեցնել հանքավայրի շահագործման ֆինանսավորումը և Գնդեվազի հարակից տարածքում ցիանային հարթակի կառուցումը: 

Օգոստոս 04, 2014 at 15:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր