

ԷկոԼուր
Մայիսի 14-ին` Թբիլիսիում, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) տարեկան ժողովի անցկացման վայրի մոտ, տեղի ունեցավ բողոքի ակցիա ընդդեմ Պարավանի, Շուախեվի, Դարիալի, Նենսկրա ՀԷԿ-երի կառուցման: «EBRD! No funding for Riski Hidros!» (EBRD` մի ֆինանսավորիր ՀԷԿ-երի ռիսկերը), «Dariali killed 10! Who,s next» (Դարիալին սպանեց 10-ին, ով է հաջորդը): Նման պաստառներ էին պարզել ակտիվիստները, ովքեր պայքարում են բանկի կողմից այնպիսի օբյեկտների ֆինանսավորման դեմ, որոնք ոչնչացնում են բնությունը, լանդշաֆտները եւ գետերը, վատացնում են ՀԷԿ-երի ազդեցության տակ գտնվող գյուղերում սոցիալական վիճակը:
Ակցիային միացավ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Աննա Շահնազարյանը: «Ես միացա վրացի ակտիվիստներին ի նշան համերաշխության, քանի որ մեզ մոտ` Հայաստանում, կա Ամուլսարի նախագիծ, որը ցանկանում է զարգացնել մի ընկերություն, որի բաժնետերերից է EBRD-ն: Ինձ համար կարեւոր են էկոլոգիական հարցերը»,- հայտարարեց նա: Азери пресс-ի եւ АТВ-ի լրագրողների հարցին, թե ինչպես է նա վերաբերում տարածաշրջանի` մասնավորապես Ղարաբաղի էկոլոգիական խնդիրներին` Աննան պատասխանեց. «Ղարաբաղում EBRD-ն ծրագրեր չի ֆինանսավորում, իսկ ակցիան ուղղված է բանկի տարեկան ժողովին: Սկզբունքորեն բոլոր տեղերում են էկոլոգիական խնդիրները սուր, եւ ավելի շատ ուշադրություն է պետք հատկացնել այդ խնդիրների լուծման համար, այլ ոչ նրա համար, որ գումար աշխատես եւ ձեւ ընդունես, թե խնդիր չկա: Իմ պայուսակում մարդու իրավունքների պաշտպանության պիտակներ կան, սա Թեղուտի պաշտպանության պիտակ է, իսկ սա Bank on Human Rights –ի կոալիցիայի պիտակն է, որը վաղը նույնպես ակցիա է անցկացնելու եւ բարձրացնելու է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերը»:
Մայիս 14, 2015 at 19:12
