Արմեն Սարգսյանը հերքում է իր` «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր լինելու խոսակցությունները

Արմեն Սարգսյանը հերքում է իր` «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր լինելու խոսակցությունները

ԷկոԼուր

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հերքել է «Լիդիան Արմենիա» ընկերությունում իր` բաժնետեր լինելու մասին խոսակցությունները: «Շանթ» հեռուստաընկերության տված բացառիկ հարցազրույցում Արմեն Սարգսյանն ասել է. ««Լիդիանի» պատմությունը հերթական սխալ ձևակերպված կամ սուտ լուրերից մեկն է. ես հաճույքով կհստակեցնեմ: Ես, իմ ընտանիքի որևէ անդամ, ընտանիքի hետ կապված որևէ կազմակերպություն, ընկերություն երբեք` նախկինում, այսօր, և, ամենայն հավանականությամբ, վաղը, «Լիդիան Արմենիայի» բաժնետեր չենք եղել, չենք լինելու և չենք: «Լիդիանը» Կանադայում` բորսայում գրանցված ընկերություն է` բաց ընկերություն: Կանադան աշխարհի լավագույնպետություններից մեկն է, որտեղ լեռնաարդյունաբերությունը մեծ համբավ ունի և շատ լավ կազմակերպված է: Բաց ընկերության բոլոր բաժնետերերը հստակ են: Կարող եք «գուգլ»անել և տեսնել` արդյոք ես, կամ ինչ-որ մեկը` իմ հետ կապված, եղել ենք բաժնետեր: Կամ ինչ-որ մեկը կարող է հարցում հղել «Լիդիանին» կամ Կանադայի համապատասխանմարմիններին և պարզել` արդյոք Արմեն Սարգսյանը, իր որդիները, կինը, հորաքրոջ տղան, հորեղբոր որդին, կամ որևէ կապված ընկերություն բաժնետեր եղել են, թե` ոչ:Պատասխանը լինելու է ` ոչ»:

Արմեն Սարգսյանը հայտնել է, որ կապ ունեցել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, բայց դա եղել է հինգ տարի առաջ: Նա նաև ներկայացրել է, թե ինչ հարաբերությունների մեջ է եղել կազմակերպության հետ: ««Լիդիան»-ի հետ իմ հարաբերությունը եղել է շատ պարզ: Լոնդոնում, Փարիզում, Եվրոպայում, որևէ տեղ, եթե կա ընկերություն, որը հետաքրքրված էՀայաստանում ներդրում անելով, ես միշտ պատրաստ եմ եղել և պատրաստ եմ նրանց հետ հադիպել, խորհուրդ տալ: Ընկերությունների օրինակները, որոնց ես աջակցել եմ` շատ են, բայց դա չի նշանակում, որ դրանցից մեկի մեջ ես շահաբաժին ունեցել եմ կամ ունեմ. չունեմ: «Լիդիանի» հետ ինձ ծանոթացրել է 2 մարդ` Կարինե Ղազինյանը` որպես դեսպան և «Լիդիան» ընկերության բաժնետերերից մեկը` Ջոզեֆ Ուղուրլյանը: Նա հայկական ծագում ունի և այն մարդկանցից է, որոնց ես հետ բերեցի դեպի հայ լինելը, որովհետև նա, հայ լինելով, որևէ պատկերացում չուներ: Ես ուրախությամբ կարող եմ ասել, որ նա այսօր Արցախում փոքր ՀԷԿ է կառուցել, և իր ընկերությունը նաև բաժնետեր է «Լիդիան»-ում: Նա ինձ ներկայացրեց և խնդրեց խորհուրդ տալ, թե ինչպես «Լիդիան»-ը աշխատի Հայաստանում և առաջարկեց, որ ես դառնամ խորհրդատվական մարմնի, այսինքն տնօրենների խորհուրդ կա խորհրդատվական, միայն խորհրդատվական ֆունկցիա է կատարում, որտեղ 8 անդամ կա, ես այդ 8 անդամից մեկն էի: Այդ խորհրդի անդամ ես եղել եմ 3 ամիս, այդ ընթացքում, ցավոք սրտի, խորհրդի ժողովներին չեմ մասնակցել, բայց հետազոտել եմ, հանդիպել եմ խորհրդի նախագահին, տնօրենին, իմ կարծիքը շարադրելով հանձնել եմ իրենց և դրանից հետո դիմում եմ գրել և դուրս եկել: Դրանից հետո ես կապ չեմ ունեցել իրենց հետ: Ընդ որում ես անկախ խորհրդատու էի, իսկ ըստ կորպորատիվ օրենքի անկախ խորհրդատուն չի կարող բաժնետեր լինել: Սա էլ մեկ ուրիշ պատճառ որ չէի կարող լինել բաժնետեր»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Նա ներկայացրել է ևս մեկ պատճառ, թե ինչու ինքը չի կարող «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր լինել. ««Լիդիանի» բաժնետեր է եղել Համաշխարհային բանկը, իսկ այսօր`Եվրոպական բանկը: Եվ այդ կազմակերպությունները ներդրում չեն անում այն ընկերություններում, որտեղ նախկին կամ գործող պետական ծառայողներ կան»:

Հիշեցնենք, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը` ի դեմս «Լիդիան Արմենիա» ընկերության, Հայաստանում պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայր: Հանքավայրի շահագործումը մեծ բնապահպանական ռիսկեր է պարունակում:

Լուսանկարը` uk.mfa.am կայքից

 

19:09 Հունվար 31, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news