

ԷկոԼուր
«Արտավան ՀԷԿ» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել «Արտավան» 2 ՓՀԷԿ-երի նախագծերը: Նախագծերի համաձայն` ՓՀԷԿ-երը կառուցվելու են Արտավան գետի վրա` միմյանցից ընդամենը 70 մետր հեռավորության վրա: Մի ՓՀԷԿ-ն օգտագործելու է Արտավան գետի 1725-1805մ անկումները, իսկ մյուսը` Արտավան գետի 1875-2026մ անկումները: ՓՀԷԿ-երի մեկն արտադրելու է տարեկան միջինը 3մլն կՎտ ժ էլեկտրաէներգիա, մյուսը` 4.73մլն կՎտ ժ: Բնապահպանական թողքը մի ՓՀԷԿ-ի դեպքում կազմելու է 0.23մ3/վ, իսկ մյուսի դեպքում` 0.17մ3/վ:
Մի ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի երկարությունը կազմելու է 1326մ, մյուսինը` 1620մ: Նշենք, որ ընդամենը 19 կմ երկարություն ունեցող Արտավան գետի վրա արդեն իսկ գործում է «Արտավան-1» ՓՀԷԿ-ը: Այն շահագործում է «Ջահուկ» ՍՊԸ-ն: Այս ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի երկարությունը 3721,5 մետր է: Միայն այս ՓՀԷԿ-ը խողովակի մեջ է վերցրել գետի 19,58%-ը` գետը մոտեցնելով ճգնաժամային վիճակի: Այս 2 նոր ՓՀԷԿ-երի կառուցման դեպքում գետը խողովակի մեջ կվերցվի գումարային 6667.5 մետր տարածքում, ինչը կկազմի Արտավան գետի 35.09%-ը: Նշենք, որ ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն, որը մշակվել է Ռուսաստանի Դաշնության Բնապահպանության նախարարության կողմից հաստատված «Տարածքի էկոլոգիական վիճակի գնահատման կրիտերիաներ՝ հայտնաբերելու արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական աղետի գոտիները» մեթոդիկայի հիման վրա, Արտավան գետը կհայտնվի խորը ճգնաժամային վիճակում:
«Արտավան» ՓՀԷԿ-երից մեկի 1 կիլոմետրից ավելի երկարությամբ ճնշումային խողովակաշարի տեղադրման դեպքում նախագծով նախատեսվում է. «…շինարարության ընթացքում ճնշումային խողովակաշարի ծավալներում գրունտի լիցքի դեֆիցիտը օրենքով սահմանված կարգով կլրացվի մոտակա տարածքներում գործող հանքերի թափոններից»: Չի նշվում, թե մետաղական, թե ոչ մետաղական հանքերի թափոններ պետք է օգտագործվեն: Մյուս կողմից չեն գնահատված այս գործողության արդյունքում առաջացող ռիսկերը: Հաշվի առնելով այն, որ ՓՀԷԿ-երի կառուցման տարածքը գտնվում է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժային գոտում, երկրաշարժի դեպքում հնարավոր է խողովակաշարի վթար, ինչի արդյունքում հանքերի թունավոր թափոնները ջրերի միջոցով կտարածվեն շրջակա միջավայրում` աղտոտելով այն:
Կենսաբազմազանության վերաբերյալ ՓՀԷԿ-երի 2 նախագծերում էլ ուսումնասիրություններ չեն արվել, օգտվել են գրական աղբյուրներից: Ըստ այդմ` այդ տարածքի գետափնյա հատվածներում տարածված է ծառային և թփուտային բասականություն: Բնորոշը և գերակշռողը կաղնու անտառներն են: Չնայած սրան, նախագծերում հստակ նշված չէ, որ ծառահատումներ չեն լինելու, սակայն կառուցապատողները խոստանում են ծառեր տնկել:
«Ուսումնասիրվող տարածաշրջանում հանդիպող բույսերի էնդեմիկ տեսակներից նշված են՝ ցախակեռասազգիներից` կտտկենի Տիգրանի, շնդեղազզիներից` Շնդեղ Նինայի»,- նշված նախագծերում: Սակայն նախագծերում բացառում են ՓՀԷԿ-երի կառուցման տարածքում էնդեմիկ եւ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների եւ կենդանատեսակների առկայությունը: Սա այնքան էլ համոզիչ չէ, քանի որ 2 նախագծերի գրականության ցանկերում բացակայում է Հայաստանի բույսերի Կարմիր գիրքը, իսկ գրականության ցանկում առկա Հայաստանի կենդանիների Կարմիր գրքերի հրատարակությունները 1987 եւ 1989 թվականների են: Մինչդեռ Հայաստանի բույսերի եւ կենդանիների նոր Կարմիր գրքերը լույս են տեսել 2010 թվականին` հարստացած նոր տեսակներով: Օրինակ, նախագծերում կենդանական աշխարհին վերաբերող բաժնում կաթնասունների մեջ հիշատակվում է անդրկովկասյան գորշ արջը եւ չի նշվում, որ այն գրանցված է Կարմիր գրքում, որպես Կարմիր գրքում գրանցված տեսակներ նշվում են միայն` հարավային պայտաքիթը եւ մեծ պայտաքիթը:
Հասարակայնությունը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն` պահանջելով մերժել «Արտավան» ՓՀԷԿ-երի նախագծերը:
Օգոստոս 07, 2014 at 15:20
