Բնապահպանության նախարարությունը չընդունեց հասարակայնության առաջարկությունները` ՓՀԷԿ-երի ոլորտում բարեփոխումների վերաբերյալ

Բնապահպանության նախարարությունը չընդունեց հասարակայնության առաջարկությունները` ՓՀԷԿ-երի ոլորտում բարեփոխումների վերաբերյալ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը չընդունեց հասարակայնության առաջարկությունները` ՓՀԷԿ-երի ոլորտում բարեփոխումների վերաբերյալ, որոնք ներկայացվեցին ՀՀ կառավարությանը «Փոքր ՀԷԿ-երի սոցիալ-էկոլոգիական վերլուծություն» հետազոտական աշխատանքի շնորհանդեսից հետո  (տես http://ecolur.org/hy/news/water/ecolur-to-send-proposals-on-small-hpps-to-head-of-national-water-council-ra-prime-minister-hovik-abrahamyan/6438/). Առաջարկությունների ողջ փաթեթից ՀՀ բնապահպանության նախարարությունը կանգ է առել միայն բնապահպանական թողքերի կարգավորման առաջարկության վրա, որն այժմ կարգավորվում է կառավարության 2011թ-ի հունիսի 30-ի 927-Ն որոշմամբ: նախարարաության`  2014թ-ի օգոստոսի 5-ի 5/12.1/52301 համարով պատասխան նամակում ասված է. «Ի պատասխան Ձեր 2014թ-ի հուլիսի 21-ի գրության հայտնում եմ, որ ՓՀԷԿ-երի կառուցման համար ջրօգտագործման թույլտվությունների հայտերի գնահատումը համապարփակ և նվազ ռիսկային դարձնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվել, այնուհետև ընդունվել են երկու` «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-260-Ն և 2013 թվականի հունիսի 19-ի ՀՕ-89-Ն օրենքները, համաձայն որոնց ՀԷԿ-երի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները տրվում են Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում:

ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Ըստ Հայաստանի Հանրապետության  ջրավազանային տարածքների` խմելու-կենցաղային, գյուղատնտեսական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաև բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին»  N 927-Ն որոշմամբ հաստատված բնապահպանական թողքերի մեծությունների սահմանման մեթոդբանությամբ որպես բնապահպանական թողքի մեծություն ընդունվում է ջրի ելքի այնպիսի մեծությունը, ինչի դեպքում գետն իր ջրաէկոհամակարգով արդեն գործել է բնական պայմաններում: Թողքի մեծության հաշվարկման համար հիմք է ընդունվել տարվա սեզոնային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը:

Մինչ վերոհիշյալ որոշման նախագիծը մշակելը և հաստատման ներկայացնելը կատարվել են համեմատական հաշվարկներ, որոնք ցույց են տվել, որ ՀՀ կառավարության 2011թ-ի հունիսի 30-ի N 927-Ն որոշմամբ հաստատված մեթոդով հաշվարկված տվյալները 30-40%-ով գերազանցում են մինչ այդ որոշումը ընդունված և այժմ չգործող ՀՀ կառավարության 2003թ-ի մայիսի 22-ի «Էկոլոգիական թողքերի և մակերևութային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի համար ջրի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալների որոշման կարգը հաստատելու մասին» N 592-Ն որոշմամբ  սահմանված մեթոդաբանությամբ հաշվարկված էկոլոգիական թողքերի մեծությունները և առավել հուսալի են ու նպաստավոր սակավաջրության ռեժիմից խուսափելու առումով: Միաժամանակ հայտնում եմ, որ Ձեր բարձրացրած հարցերը հաշվի կառնվեն ջրավազանային կառավարման պլանների մշակման ժամանակ, որոնց նախագծերը ՀՀ ջրային օրենսգրքի 20-րդ հոդվածի պահանջների համաձայն սահմանված կարգով կներկայացվեն հասարակայնության ծանուցմանը»:

Ուշադրություն ենք հրավիրում, որ բնապահպանական թողքի վերաբերյալ որոշումը բազմիցս քննադատության է արժանացել և հասարակայնության կողմից, և ՓՀԷԿ-երի ոլորտի բարեփոխման վերաբերյալ հայ-նորվեգիական ծրագրի կողմից, և  փոքր ՀԷԿ-երի Եվրոպական ասոցիացիայի միջազգային փորձագետների կողմից, և ԵԱՀԿ-ի կողմից, և փոքր ՀԷԿ-երի դեմ հանդես եկող տեղի բնակչության կողմից և այլն:

Բացի այդ, որոշման մեջ բացակայում է գետային էկոհամակարգերի գնահատականը, չկան գետերի չափորոշիչների վերաբերյալ և նրանց վրա ծանրաբեռնվածության վերաբերյալ  տվյալներ, չկա վնասի գնահատում:

Հենց դրա համար հասարակայնությունն առաջարկեց կառավարությանը և բնապահպանության նախարարությանը օգտվել Ռուսաստանի Դաշնության կողմից մշակված էկոլոգիական արտակարգ իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիների հայտնաբերման մեթոդիկայից, որի միջոցով հնարավոր է որոշել գտերի ծանրաբեռնվածությունը (http://ecolur.org/files/uploads/pdf/metodika.pdf):

Օգոստոս 14, 2014 at 15:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր