«Դարանակ» ՓՀԷԿ-ի սեփականատերը պատրա՞ստ է խնդիրը լուծել ի վնաս իրեն

«Դարանակ» ՓՀԷԿ-ի սեփականատերը պատրա՞ստ է խնդիրը լուծել ի վնաս իրեն

ԷկոԼուր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Դարանակ բնակավայրի բնակիչները ոռոգման ջուր չունեն. «Ամռանը չոր, ցամաք է, անձրևով ենք ոռոգում: Ուզում ենք մեր ծառն էլ կանաչ լինի, մեր գյուղի երեխեն էլ օգտվի մի բանից»,- բողոքում են Դարանակի բնակիչները: Ըստ նրանց` խնդիրը ծագել է, երբ համայնքի տարածքում սկսեց շահագործվել «Դարանակ» փոքր ՀԷԿ-ը. Դարանակ գետի հունը չորացավ:

Դարանակ գետը «Դարանակ» ՓՀԷԿ-ի շահագործման ժամանակ (Լուսանկարը` 2017թ-ի)

«Դարանակ» փոքր ՀԷԿ-ը կառուցված է Սևանա լիճ թափվող Մասրիկի վտակ Դարանակ գետի և վերջինիս ձախակողմյան վտակ Տանալիխ գետի վրա «ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» ԲԲԸ –ի կողմից:

 Սևանա լիճ թափվող Դարանակ գետը` լուսանկարված 2019թ-ի ապրիլի 18-ին, երբ ՓՀԷԿ-ը չէր աշխատում

«Դարանակ» ՓՀԷԿ-ի կառուցումը համաֆինանսավորվել է Գերմանա-Հայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգետիկա» ծրագրի 2-րֆ փուլի շրջանակներում գերմանական KfW բանկի միջոցներով: ՓՀԷԿ-ը վերավաճառվել է: Այն գնել է «ՀԷԿ շին» ՓԲԸ-ն:

«Դարանակ» ՓՀԷԿ-ի երկու գլխամասերը (Լուսանկարները` 2017թ-ի)

Ապրիլի 18-ին «Դարանակ» ՓՀԷԿ-ի նոր սեփականատեր Լաերտ Գևորգյանը հանդիպել է Գեղամասարի համայնաքապետ Հակոբ Ավետյանի և Դարանակ գյուղի բնակիչների հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել այն մասին, որ ամռանը` ոռոգման սեզոնին, ջրի սակավության դեպքում ՓՀԷԿ-ը չի շահագործվի:

«Ամռան սեզոնին, երբ ջուրը պակասի, ՓՀԷԿ-ը կփակեն, ՓՀԷԿ-ի խողովակներով համայնքի երեք թաղամասի ջուր կտան: Խողովակներով է տալու, որովհետև չորացած գետի հունով ջուրը չի հասնում գյուղացիներին: Երեք ամիս է` ՓՀԷԿ-ը չի աշխատում` նոր-նոր ջուրը հասնում է գյուղ: Եթե ամռանը ՓՀԷԿ-ի խողովակները դատարկվեն, ոռոգման ջուր ընդհանրապես չենք ունենա: Պետք է խողովակները լիքը թողնի, որպեսզի էդ խողովակներով ջուրը ճնշումի հաշվին գա գյուղ», - ԷկոԼուրին հայտնեց Դարանակի վարչական ղեկավար Հովհաննես Կարապետյանը:



ՓՀԷԿ-ի սեփականատեր Լաերտ Գևորգյանն էլ ասաց. «Ես պատրաստակամություն եմ հայտնել ոռոգման ջրի խնդիրը լուծել: Եթե ջուրը չբավականացնի, պատրաստ եմ չշահագործել ՓՀԷԿ-ը: Ոռոգման սեզոնին պատրաստ եմ վնաս կրել հանուն նրա, որ ժողովուրդը ջուր ունենա, ժողովրդի բույսը, տնտեսությունը վնաս չունենա»:

ԷկոԼուրի հարցին, թե ՓՀԷԿ-ի չշահագործման հետևանքով տուգանքներ չի՞ ստանա, Գևորգյանը պատասխանեց, թե ՋԹ-ի համար տրված բնապահպանական ցուցանիշները միջինացված են, որևէ տուգանք չի լինի: Իսկ վնասով աշխատելու վերաբերյալ էլ նշեց, թե ՓՀէԿ-ը ձեռք են բերել վարկով և նախորդ տարի նույնպես վնասով են աշխատել:

«Մեր ընկերությունն այլ արտադրություն էլ ունի, և մեկը մյուսով փակում ենք: Վեց տարի դեռ պիտի փակենք վարկը: Սեզոն ունենք, որ գետում վայրկյանում 40-60 լիտր ջուր է հոսում, իսկ բնական թողքը պահանջում է 80 լ թողնել: Միգուցե մենք էլ ենք ինչ-որ տեղ մասնագիտորեն վրիպել, որ առել ենք, բայց էլ հետադարձի ճանապարհ չկա: Պետք է աշխատենք: Եղել է նպատակ, որ մեր դրած գումարը հետ կգա 10 տարում, հիմա սենց հետ գալու է 20 տարում»,- նշեց նա:

Գևորգյանն անդրադարձավ նաև այն խնդրին, որ ՓՀէԿ-ի վրա տեղադրված չէ ջրաչափ։
«Ունենք ջրաչափի հետ կապված խնդիր, վերևում կապի միջոց չկա: Վերևում՝ թողքի մոտ, չենք կարող ջրաչափ դնել, պետք է դնենք ՀԷկ-ի տարածքում»,- նշեց նա:

19:43 Ապրիլ 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news