

ԷկոԼուր
«Արև և Ջուր» ՍՊԸ-ն նախատեսում է «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» մեջ ընդգրկված «Զանգեզուր» պետական արգելավայրում` Ողջի գետի Կապուտջուղ վտակի (երկարությունը 8630 մ) վրա կառուցել «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ը: Վարչական պատկանելության տեսակետից ՓՀԷԿ-ի կառուցվածքները տեղակայվելու են Քաջարան գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների սահմաններում` զբաղեցնելով 0.384հա:
Ըստ հայտի` դիտարկվող տարածաշրջանում հանդիպում են Կարմիր գրքում գրանցված հետեւյալ կենդանատեսակները` Սյունաձև խխունջ, Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ, Կապանյան երկարաμեղիկ, Ապոլոն, Բրենթիս Ինո, Ալկոն կապտաթիթեռ, Արիոն կապտաթիթեռ, Հուբերտի կապտաթիթեռ, Պրոզերպինա իլիկաթիթեռ, Հարավային պայթաքիթ:
Կապուտջուղ գետակի վրա ՓՀԷԿ-ի կառուցումը կարող է ունենալ հետևյալ բացասական ազդեցությունները`
- ՓՀԷԿ-ի շահագործման ժամանակ գետի ջրային հոսքի նվազեցման արդյունքում փոփոխության կարող է ենթարկվել գետի էկոհամակարգը, իսկ գերնորմատիվային ջրառը կարող է առաջացնել զգալի վնաս:
- Հնարավոր ազդեցությունները գետային էկոհամակարգի վրա կարող են արտահայտվել.
- ջրառի պատճառով գետի որոշակի հատվածում ջրի ելքերի զգալի նվազմամբ և վերջինիս պատճառով հիդրավլիկական, ջերմային, նստվածքաբերման, նստեցման և հունալվացման, ինչպես նաև ջրի ինքնամաքրման ռեժիմների խախտմամբ,
- տեղական ձկների բնակեցման, սնման, ձվադրման և բազմացման պայմանների փոփոխմամբ
- գետի հունում անմիջական շինարարական աշխատանքներ կատարելիս (պատվարի և ՓՀԷԿ-ի շենքի կառուցում),
- գետի ջրի աղտոտմամբ` կախված նյութերով, առարկաներով և նավթամթերքներով,
- ջրի որակի հնարավոր վատացմամբ՝ շինհրապարակներում կուտակված շինարարական աղի և վառելիքաքսայուղային նյութերի ողողման և մակերևութային հոսքով գետի մեջ տեղափոխման պատճառով:
ՓՀԷԿ-ի կառուցման տարածքում ծառահատումներ չեն նախատեսվում:
Նշենք, որ ՓՀԷԿ-ի բնապահպանական թողքը սահմանված է 0.03խմ/վ: Դերիվացիոն խողովկաշարի երկարությունը 1000մ է, տրամագիծը` 820մմ:
«Կապուտջուղ» ՓՀԷԿ-ի համար անհրաժեշտ ջրառն իրականացվելու է գետահովտի 2168.0մ նիշ ունեցող գետահատվածում`Քաջարան համայնքում: ՓՀԷԿ-ի շենքը կառուցվելու է Քաջարան համայնքում /նիշը`2048.0մ/:
«Կապուտջուղ« ՓՀԷԿ-ի ջրաէներգետիկ ցուցանիշներն են`
- Էներգետիկ օգտագործվող հոսք 44.28մլն.մ3
- Դրվածքային հզորությունը 1227ԿՎտ
- հաշվարկային ելք 1.4մ3/վրկ
- հաշվարկային ճնշում 109.6մ
- Հիդրոագրեգատների քանակը 2 հատ
- Միջին տարեկան արտադրված էլեկտրաէներգիայի քանակ` 4.037մլն. ԿՎտԺ:
«Կապուտջուղ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները տեղի կունենան սույն թվականի ապրիլի 30-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետարանում:
Այս բաժնում տեղադրված նյութերը պատրաստվել են «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Ապրիլ 28, 2015 at 17:56
