Ալեքսանդր Քանանյանը 16-րդ օրն է՝ շարունակում է հացադուլը, Արցախի կառավարությունը անկախ հանձնաժողով է ստեղծում

Ալեքսանդր Քանանյանը 16-րդ օրն է՝ շարունակում է հացադուլը, Արցախի կառավարությունը անկախ հանձնաժողով է ստեղծում

ԷկոԼուր

Արդեն 16-րդ օրն է՝ քարվաճառցի մտավորական և հանրային գործիչ Ալեքսանդր Քանանյանը շարունակում է հացադուլը Արցախում ՀԷԿ-երի կառուցման դեմ: 9-րդ օրն է հացադուլը շարունակում է նաև Քանանյանին միացած Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանը:

Հացադուլավորների պահանջները նույնն են. դադարեցնել Տրտու (Թարթառ) գետի վերին ավազանում ընթացող բոլոր ՀԷԿ-երի շինարարությունը, հրաժարվել Քարվաճառի շրջանում որևէ նոր փոքր ՀԷԿ կառուցելու մտադրությունից, ձևավորել հատուկ հանձնաժողով, որը լիակատար թափանցիկությամբ պետք է ուսումնասիրի Արցախում Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի համատեղ կառավարման տարիներին կառուցած յուրաքանչյուր ՀԷԿ-ի համապատասխանությունը գործող բնապահպանական կարգավորումներին, գործող ՀԷԿ-երը բերել բնապահպանական կարգավորումների համապատասխանության դաշտ, իսկ 2019 թ-ի վերջի դրությամբ կառուցվող և գործել չսկսած ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները սառեցնել:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի կառավարությունը տարածել է հայտարություն, որում հայտնում է. 

«Ներկայումս գործունեություն է իրականացվում սեղմ ժամկետում մասնագիտական հանձնաժողով ձևավորելու ուղղությամբ: Աշխատանքներ են տարվում տարբեր փորձագետների, բնապահպանների, ջրային ռեսուրսների կառավարման, տնտեսագետների ու էներգետիկ համակարգի մասնագետների հետ՝ ներգրավելով նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան ներուժը:

ԱՀ կառավարությունը երաշխավորում է, որ մասնագիտական, անկախ հանձնաժողովի գործունեության ընթացքում կառուցվող փոքր ՀԷԿ-երի շինարարությունը չի վերսկսվելու:
Կառավարությունը, կառուցողական ու հիմնավոր գնահատականների ակնկալիքով, կոչ է անում հասարակական եւ փորձագիտական շրջանակներին իրենց առաջարկները ներկայացնել բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն՝ Արցախի էներգետիկ ոլորտի զարգացման և շրջակա միջավայրի պահպանության շուրջ»:

Իր հերթին Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում հույս է հայտնել՝ չնայած նրան, որ բանակցությունները դժվար են ընթանում, հույս կա, որ այսօր կամ վաղը իրավիճակը կհստականա:

Այնուամենայնիվ, Քանանյանը շեշտում է. «Անկախ բանակցությունների ելքից՝ իմ ձևակերպած, Քարվաճառի բնակչության պաշտպանած և Հայաստանի ազգային անվտանգության հրամայականից բխող բոլոր պահանջները լիովին ուժի մեջ են և չեն փոխվելու։ Քարվաճառում ոչ մի նոր ՓՀԷԿ չի կառուցվելու, իսկ կառուցման փուլում գտնվողներն ապամոնտաժվելու են։ Այս պահանջից երբեք նահանջ չի լինի։ 2019 թ-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ գործող ՓՀԷԿ-երը ենթարկվելու են խստագույն վերահսկողության և առկա օրենսդրական պահանջների»։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը Արցախի կառավարության հայտարարությունը դիտարկում է որպես «մանիպուլատիվ հնարք»՝ հայտարարելով, որ եթե մինչև փետրվարի 5-ը հացադուլը դադարեցնելու համաձայնություն ձեռք չբերվի, ՀԲՃ-ն կհայտարարի մոբիլիզացիա:

«...Արցախի կառավարության հայտարարած հանձնաժողովը հայտնի չէ, թե ինչով է զբաղվելու, ինչ կանոնակարգով, ինչի մասին է եզրակացություններ տալու, կոնկրետ ովքեր են անդամները (անուն, ազգանուններով) և ինչ եղանակով են կայացվելու որոշումները:

Մենք սա գնահատում ենք՝ որպես հանրությանը խաբելու, մոլորեցնելու, ժամանակ շահելու և պատասխանատվությունից խուսափելու հնարք: Հացադուլի լուրջ պահանջների նման մեկնաբանությունը պարզապես ծաղր է՝ հանուն էկոլոգիական արդարության, բնական միջավայրի պահպանության և սերունդների կյանքի արված այս մեծ անձնական զոհողության նկատմամբ։

Եթե մինչև փետրվարի 5-ը, հացադուլը դադարեցնելու համաձայնություն ձեռք չբերվի, ապա Հայկական բնապահպանական ճակատը մոբիլիզացիայի կոչ է անելու ՀՀ և ԱՀ տարածքում, իսկ ՀԷԿ-ատեր պաշտոնյաների և օլիգարխների բիզնեսներն ակտիվ բոյկոտի են ենթարկվելու:

Մենք իսկապես լիահույս ենք, որ Արցախի կառավարությունն իրական, այլ ոչ ձևական քայլեր կձեռնարկի ու կհարգի հանրային պահանջը: Արդեն հստակ է, որ սա ոչ միայն հացադուլ հայտարարած երկու անձանց ու Քարվաճառի շրջանի բնակչության ճնշող մեծամասնության պահանջն է, այլև Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրային լայն շրջանակների»:

 

Փետրվար 04, 2020 at 15:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր