

ԷկոԼուր
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի 2019թ. օգոստոսի 13-ի հրամաններով կասեցվել են Գեղարոտ գետի վրա կառուցված «Էլ-Կաս» ՍՊԸ-ի «Գեղարոտ» և «Վակուֆլո» ՍՊԸ-ի «Արագած-1» ՓՀԷԿ-երի շահագործման նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները (ՋԹ):
Հրամանների համաձայն՝ նախարարությունն ուսումնասիրել է «Էլ-Կաս» ՍՊԸ-ին 2017 թ. հիդրոէլեկտրակայան շահագործելու նպատակով տրամադրված N 000029 և «Վակուֆլո» ՍՊԸ-ին 2012 թ. հոկտեմբերի 12-ին տրված N 000166 ջրօգտագործման թույլտվության պայմանները և պարզել, որ ընկերություններն իրենց պատկանող ՓՀԷԿ-երը շահագործում են ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ: «Պարզվել է, որ ՓՀԷԿ-ի ջրահեռացումից հետո տեղի է ունենում ջրային ռեսուրսի որակական փոփոխություն: Մինչդեռ ՋԹ-ում նշված է եղել, որ ջրահեռացումից հետո ջրային ռեսուրսի որակական փոփոխություն տեղի չի ունենում»,- նշված է նախարարի երկու հրամանների մեջ:
Մինչ ՋԹ-ների կասեցումը՝ հուլիսի 17-ին, Շրջակա միջավայրի նախարարության կողմից երկու ընկերությունները ծանուցվել են 15 աշխատանքային օրվա ընթացքում ՓՀԷԿ-երի գործունեությունը ջրօգտագործման թույլտվության պայմաններին համապատասխանեցնելու վերաբերյալ: Սակայն ընկերությունների կողմից նշված պահանջը չի իրականացվել:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչները բազմիցս բողոքել են «Գեղարոտ» և «Արագած-1» ՓՀԷԿ-երի շահագործումից: 2019թ-ի մարտից նրանք բողոքի ակցիաներ են իրականացրել՝ պահանջելով ընդհանրապես դադարեցնել փոքր ՀԷԿ-երի շահագործումը, քանի որ վերջիններիս աշխատանքի արդյունքում փոխվել է ջրի որակը, և այդ ջրով ոռոգված բերքը փչանում է:
Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն իրականացրել են են Գեղարոտ գետի ջրի մոնիտորինգ: Խնդրի առնչությամբ նախարարությունում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը, ջրի մոնիտորինգի արդյունքներին ծանոթանալով, պետք է ներկայացներ խնդրի կարգավորման իր որոշումը:
Հոկտեմբեր 17, 2019 at 13:58