

ԷկոԼուր
Վայոց ձորի մարզի Վայք համայնքում շահագործման է հանձնվել 43 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Այն սպասարկում է Վայքի համայնքապետարանին, թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներին, մշակույթի տանը, գրադարանին ու արվեստի դպրոցին:
Կայանի կառուցման և տեղադրման ընդհանուր ծախսը կազմել է մոտ 15 միլիոն դրամ: Վայքի համայնքապետարանը կայանի կառուցման նպատակով տրամադրել է 7 միլիոն դրամ: Մնացած` 8 միլիոն 485 հազար դրամը, հատկացրել է ՀՀ կառավարությունը:
Վայքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Մուշկամբարյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ համայնքային ենթակայության կառույցների վրա տեղադրված արևային համակարգերը մոտ մեկ ամիս են շահագործվել, սակայն արդեն իսկ նկատելի տնտեսումներ ունեն:
«Յուրաքանչյուր շենքի տանիքին տեղադրվել է երկկողմանի հաշվիչ` արտադրությունն ու սպառումը ֆիքսելու համար: Որպես առանձին աբոնենտ են հանդիսանում: Արտադրած էլեկտրաէներգիայի ավելցուկը տալիս են էլեկտրոցանցին, պակասորդը` վերցնում էլեկտրոցանցից: Եթե ավել լինի արտադրած էներգիան էլեկտրացանցը մեզ գումար կփոխանցի, պակաս կլինի` մենք էլեկտրոցանցին գումար կտանք»,- ասաց նա:
Ըստ համայնքապետարանի աշխատակցի՝ դեռևս եղանակային պայմանները թույլ չեն տալիս ամբողջ հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրել, սակայն մասնագետները վստահեցրել են, որ 5 միլիոն դրամ ծախս ունենալու դեպքում առնվազն 4 միլիոն դրամ խնայողություն կունենան: Թվային հաշվարկներով խնայողությունն այդ դեպքում կկազմի մոտ 80 տոկոս:
Լուսանկարը` Վայքի համայնքապետարանի կայքից
Դեկտեմբեր 16, 2019 at 13:57