«Մասրիկ-1» արևային կայան՝ էլեկտրոնային թափոնների սպասվող ռիսկեր

«Մասրիկ-1» արևային կայան՝ էլեկտրոնային թափոնների սպասվող ռիսկեր

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խորոշացված համայնքում՝ Մասրիկի դաշտում՝ 128.3 հեկտար տարածքում, կառուցվում է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանը: Տեղադրվելու է 165,368 հատ ֆոտովոլտային վահանակ: 

Այս ծրագրում կարևորագույն խնդիրն առնչվում է էլեկտրոնային թափոնների կառավարմանը: Էլեկտրոնային թափոնների պահման, վերամշակման և օգտահանման հարցերը լուծված չեն:

Էլեկտրոնային թափոնները պարունակում են վտանգավոր տարրեր՝ կադմիում, գալիում, պղինձ և այլն: Կայանը կառուցող «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ի  Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությունում նշված է. «Ֆոտովոլտային տեխնոլոգիան հիմնված է որոշ նյութերի մոլեկուլյար կառուցվածքի վրա արևի լույսի (ֆոտոներ) ազդեցության վրա: Այդ նյութերը պետք է լինեն կիսահաղորդիչներ, ինչպես օրինակ՝ սիլիկոնը, կադմիումի տելուրիդը, պղնձի ինդիում դիսելենիդը, գալիումի արսենիդը և այլ օրգանական նյութեր: Այդ նյութերն արևի լույսի ազդեցության տակ ունեն հատկություն առաջացնելու էլեկտրոնների շարժ՝ այնուհետ կլանել ֆոտոների էներգիան»:

ՇՄԱԳ-ում սակայն նշված չէ 165,368 հատ ֆոտովոլտային վահանակների վնասման դեպքում կամ շահագործումից հետո դրանց պահման ու վերամշակման մասին: Հայտնի չէ, թե ինչպես և որտեղ պետք է դրանք պահվեն՝ մինչ լիցենզավորված կազմակերպությանը փոխանցելը, ով է պատասխանատու թափոնների կառավարման համար, և որքան գումար ու ռեսուրսներ են անհրաժեշտ դրա համար: Ներկայացված չեն հնարավոր ձնաբքերի, կարկուտների, փոթորիկների, երկրաշարժերի ռիսկերը: Այսինքն, ծրագրի թաքնված ռիսկերից է էլեկտրոնային թափոնների ընդհանուր քանակը, չնայած որ հայտնի է, որ վահանակների ծառայության ժամկետը տատանվում է 15-30 տարի:

Ընկերությունն իր ՇՄԱԳ-ում անդրադարձել է միայն կայանի շահագործման ընթացքում առաջացող շարժիչների բանեցված յուղերի, բանեցված անվադողերի և շինարարական աղբի հետ կապված հարցերին: Ընկերությունը մտադիր է շարժիչների բանեցված յուղերի ու բանեցված անվադողերի թափոնները տրամադրել համապատասխան լիցենզավորված կազմակերպություններին՝ դրանց հետագա վերամշակման և տեղավորման համար: Այս թափոնների կառավարման համար, ըստ ՇՄԱԳ փաստաթղթի, նախատեսվում է.

«- թափոնների կառավարման պլանի մշակում ԲԱԱ Կառավարման պլանի շրջանակներում՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները՝ (i) թափոնների կառավարման հիերարխիա՝ խուսափել-նվազեցնել-վերաօգտագործել-վնասազերծել – հեռացնել, (ii) թափոնների առանձնացում, (iii) նվազեցնել շինարարական թափոնները՝ ճիշտ տեխնիկական պլանի միջոցով, (iv) անձնակազմի վերապատրաստում (3000 դոլլար արժողությամբ):

- Պահել բոլոր վտանգավոր թափոնները (օր. յուղ,վառելանյութ, արտահոսքերից աղտոտված հող և այլն) համապատասխան կազմակերպված պահեստներում:

- Հավաքել բոլոր տեսակի թափոնները՝ այդ թվում կենցաղային և սանիտարական: Համաձայնեցնել համայնքների իշխանությունների հետ թափոնների հեռացման նպատակով կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններից օգտվելու հարցը:

- Սովորեցնել աշխատողներին,թե ինչպես վարվել վերամշակվող, սանիտարական, պինդ, հեղուկ ևվտանգավոր թափոնների հետ:

- Պայմանագիր կնքել միայն թափոնների վերամշակման հավաստագրված ընկերություններ հետ»:

Ինչ վերաբերում է շինարարական աղբին, ապա այն պետք է տեղափոխվի համայնքապետարանի կողմից հատկացված աղբավայր: Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը ԷկոԼուրին հայտնեց, որ ընկերությունը պարտավոր է համայնքի հետ աղբահանության պայմանագիր կնքել, որն առկա չէ: «Այն թափոնները, որոնք այդ ձեռնարկության համար պիտանի են որպես թափոն, կարող է չտալ համայնքին, այլ տենդեր հայտարարի վերաօգտագործման համար»,- ասաց նա ԷկոԼուրի թիմի հետ հանդիպման ժամանակ:

Էլեկտրոնային թափոնների հնարավոր պահման մասին որևէ տեղեկություն չունեին թե՛ Վարդենիսի համայնքապետարանում, թե՛ Մեծ Մասրիկում: Մեծ Մասրիկի բնակիչները ԷկոԼուրին հայտնել են, որ ընկերության հետ հանդիպումներից մեկի ժամանակ վերջինները նշել են, թե այդ թափոնները հնարավոր է նետել աղբավայր: Մինչդեռ վահանակները աղբ չեն, այլ՝ վերամշակման ենթակա թափոն: Շահագործված 1 վահանակի չեզոքացման արժեքը տատանվում է 20-30 դոլարի սահմաններում: «Մասրիկ-1» արևային կայանի վահանակների չեզոքացման ֆինանսական բեռը կրողը նույնպես հայտնի չէ, մինչդեռ այդ գումարը կարող է տատանվել 3,3-5 միլիոն դոլարի սահմաններում: Ավելին՝ Հայաստանում այդ թափոնները վերամշակելու և օգտահանելու որևէ տեխնոլոգիա կամ չափորոշիչ չկա: Այս մասին ԷկոԼուրին հայտնել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը: Մյուս կողմից՝ Հայաստանում դեռ չկան ընկերություններ, որոնք զբաղվում են նմանատիպ թափոնների վերամշակմամբ կամ օգտահանմամբ: Երբ այս հարցը բարձրացվում է պատկան մարմինների մոտ՝ ոլորտի մասնագետները վստահեցնում են, թե բավական ժամանակ կա այդ մասին մտածելու:

Շրջակա միջավայրի նախարարությունն էլ արևային կայանների շահագործման հետևանքով առաջացող թափոնների խնդիրն առհասարակ շրջանցել էր՝ ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան անդրադառնալով միայն բանեցված յուղերին ու անվադողերին, շինարարական աղբին:  

ՇՄԱԳ հաշվետվության մեջ գնահատված չեն նաև էլեկտրոնային թափոններում առկա նյութերի՝ շրջակա միջավայր և մարդու օրգանիզմ ներթափանցման ռիսկերը:

Թափոնների մասով կայանի ՇՄԱԳ-ը չի համապատասխանում ծրագրի ներդրող ֆինանսական կազմակերպության՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) 3-րդ՝ Ռեսուրսների արդյունավետ օգտագործում և աղտոտման կանխարգելում ստանդարտին, որում հստակ նշվում է. «Հաճախորդը կխուսափի վտանգավոր և ոչ վտանգավոր թափոնների առաջացումից: Այնտեղ, որտեղ հնարավոր չէ թափոնների առաջացումից խուսափել, հաճախորդը կնվազեցնի թափոնների առաջացումը, կվերականգնի և վերաօգտագործի մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով: Որտեղ թափոնը չի կարող վերականգնվել կամ նորից օգտագործվել, հաճախորդը կմշակի, կոչնչացնի կամ կտնօրինի այն էկոլոգիապես մաքուր ձևով, որը ներառում է արտանետումների համապատասխան հսկողություն»:

Էլեկտրոնային թափոնների օգտահանման խնդիրը միայն տեղային չէ: Աշխարհում վահանակներ օգտահանող կազմակերպությունների քանակը սակավաթիվ է: 20-30 տարի անց օգտահանման ենթակա էլեկտրոնային վահանակների վերամշակման խնդիրը սուր կլինի, զգալի վնաս կհասցվի շրջակա միջավայրին: www.naukatehnika.com-ը տեղեկացնում է, որ Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսմամբ ներկայիս էներգետիկ քաղաքականության պարագայում մինչև 2040 թ. համաշխարհային ֆոտոգալվանային հզորությունը կաճի մինչև 2000 գիգավատ, իսկ 2040թ. մաքուր էներգիա ստանալու ավելի հավակնոտ գլոբալ նախագծերի դեպքում կարող է նույնիսկ գերազանցել 4000 գիգավատը: Այդկերպ, ֆոտոգալվանային մոդուլների շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կլինի ոլորտի առանցքային խնդիրը: Ենթադրվում է, որ աշխարհում 2050թ. օգտագործված արևային վահանակների թափոնների տարեկան քանակը կկազմի 5 մլն տոննա:

Հիշեցնենք, որ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի կառուցման ծրագիրն իրականացնում է «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V.) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումը: Նախատեսվող գործունեության ձեռնարկող կազմակերպությունը «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ն է:

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Եվրամիությունից (ԵՄ) ծրագրի իրականացման տարբեր փուլերում կտրամադրեն մինչև 38․4 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում:

Սեպտեմբեր 07, 2022 at 11:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր