3 ՓՀԷԿ-երը Մարց գյուղի համար չափից շատ են

3 ՓՀԷԿ-երը Մարց գյուղի համար չափից շատ են

ԷկոԼուր

Հունիսի 20-ին «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի աշխատանքային թիմը այցելեց Մարց գետ, որտեղ միմյանց հաջորդում են  «Մարցիգետ ՓՀԷԿ 2» եւ «Մարցիգետ 1» ՓՀԷԿ-երը: «Մարցիգետ 1» ՓՀԷԿ-ից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա` Մարց գետի Սարաջուր վտակի վրա աշխատում է «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ը:

«Մարցիգետ 1» եւ «Մարցիգետ ՓՀԷԿ 2» ՓՀԷԿ-երը Մարց գետը խողովակաշարի մեջ են վերցրել 10630մ գումարային տարածքում, ինչ կազմում է գետի 36.65%-ը: Եւ քանի որ ՓՀԷԿ-երի միջեւ հեռավորությունը մեծ չէ, ապա գետը մի տեղից խողովակից դուրս գալով եւ նորից խողովակ մտնելով, կորցնում է էկոհամակարգային հավասարակշռությունը:

 Մարց գյուղը գտնվում է վերը նշված երեք ՓՀԷԿ-երի ազդեցության տակ:

«Երեք ՀԷԿ է կառուցված մեր գետի վրա, մեր գյուղի տարածքում, գոնե հոսանքը մի քիչ էժանանար…Գետում ձուկը վերացել է…. Ամռանը գետում ջուր չի մնում, երեխաները արդեն չեն կարող լողալ գետում, մենք կորցրինք մեր հանգստի գոտին…»,- ասացին Մարցի բնակիչները: Հարցին, թե ինչ սոցիալական ծրագրեր են անում այս ՓՀԷԿ-երը գյուղի համար, Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը  պատասխանեց. «Մարցիգետ 1» ՓՀԷԿ-ը 3 միլիոն է ծախսել եւ լուսավորել է Մարցի կենտրոնական փողոցը, հաջորդ տարիներին խոստացել է մեկ միլիոնի չափով համայնքին գումար տալ»: Գյուղապետի խոսքով` «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ն էլ  սիմվլիկ գումար է տալիս հուշարձանի վերանորոգման, կամ դպրոցականներին տոնական նվերներ գնելու համար:

ԷկոԼուր.
-Մարց գետից ինչպե՞ս եք օգտվում:

Գյուղապետ Ռոբերտ Գալստյան.

-Երեխաներն են օգտվում ընդամենը` ամռանը լողանալով, հանգստի, և անասունների խմելու համար:

ԷկոԼուր.

-Ամռանը ջուր լինո՞ւմ է լողանալու համար:

Գյուղապետ Ռոբերտ Գալստյան.
- Բավարարում է:

ԷկոԼուր.
-Ոռոգման սեզոնին խնդիրներ չե՞ն առաջանում:

Գյուղապետ Ռոբերտ Գալստյան.

-Մենք ընդհանրապես ոռոգման տարածքներ չունենք:

ԷկոԼուր.

-Իսկ Ձեր այգիները ինչպե՞ս եք ոռոգում:

Գյուղապետ Ռոբերտ Գալստյան.

- Մեր բնական խմելու ջրով, եթե բավարարում է, ոռոգում ենք:



Հուլիս 01, 2015 at 15:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր