«Մարցիգետ ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Մարցիգետ ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Մարցիգետ ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ: «Մարցիգետ ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Մարց համայնքի եւ Թումանյան քաղաքի  վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Մարց գետի վրա (երկարությունը՝ 29կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Արգիշտի -1»  ՍՊԸ -ն:

ՓՀԷԿ-ի ղեկավարությունը չցանկացավ համագործակցել փորձագիտական խմբի հետ եւ թույլ չտվեց մտնել «Մարցիգետ ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ-ի տարածք:

Այդ պատճառով ներկայացնում ենք ջրառ հանգույցի եւ կայանի վերաբերյալ սահմանափակ տվյալներ:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2011թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը նախագծում նշված չէ: Ըստ նախագծի՝ հաշվարկային ճնշումը` 176.4մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 3.50 մ3/վ, դրվածքային հզորությունը  5.134 ՄՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի 2015թ. հունվարի 1-ի տեղեկանքի՝  9.592 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը 19.6 մլն. կՎտ.ժամ: Լիցենզիայի ժամկետը` 28.12.2011- 28.12.2026թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 05.03.2015-05.03.2020թթ.:
  •  
  • Ջրառի և ջրահեռացման կետերի իրական կոորդինատների ու Ջրօգտագործման թույլտվության կոորդինատների միջև կան որոշակի տարբերություններ:
  • Ջրառ հանգույցի կառուցվածքները  չեն համապատասխանում նախագծային լուծումներին: Նախագծով նախատեսված է պատվարը պետք է լիներ՝ 2 սեկցիայից բաղկացած երկաթ-բետոնային ջրթափ կառուցվածք, 25.8մ  երկարությամբ, 5.7 մ բարձրությամբ  4 ջրթափային թռիչք:
  • Նախագծով նախատեսված 1.2մ մուտքամասի  լայնությամբ և 1.5մ երկարությամբ բետոնե աստիճանաձեւ ձկնանցարանի փոխարեն իրականում պատվարի ձախ կողմում թիթեղից անորոշ կառույց է տեղադրված` որպես ձկնանցարան: Նման ձկնանցարանը չի կարող ապահովել գետում բնակվող ձկների բնականոն տեղաշարժը:
  • Պատվարի կառուցմամբ Մարց գետի վրա մեծ լիճ է գոյացել: «Մարցիգետ ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ-ի ձկնանցարանը  որևէ կերպ չի կարող նպաստել Դեբետից գետ մտնող ձկների միգրացիաների իրականացմանը: Արդյունքում գետի ստորին մասից բարձրացող ձկներն անհաղթահարելի արգելքի են հանդիպում այստեղ: Եթե նման կառույցը գործել է տարիներ շարունակ, ապա արդեն իսկ էականորեն նպաստել է գետի ձկնային կենսաբազմազանության նվազեցմանը:
  • Չկա ձկնապաշտպան ցանց, որը նախատեսված է նախագծով:
  • Մարց գետը հայտնի է եղել կարմրախայտի մեծ պաշարներով, սակայն ներկայում այդ ձկների պաշարները պակասել են: Առավել հաճախ հանդիպում են Կուրի բեղաձուկը և արևելյան տառեխիկը:
  • Գետի ափերն ամրացված չեն, ինչը հետագայում կարող է փլուզման պատճառ դառնալ:
  • Բնապահպանկան թողքը, ըստ Ջրօգտագործման թույլտվության, 0.07խմ/վ է, ըստ ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի` 0.09 խմ/վ: Ըստ ՋԹ-ի՝ ՓՀԷԿ-ը կարող է ջրառ իրականացնել տարվա 12 ամիսների ընթացքում:
  • Ավելցուկային ելքը դեպի գետ է բաց թողնվում  ջրթափ պատվարի միջոցով:
  • Ջրառ հանգույցում ջրաչափական սարք չկա:
  • Ջրառում բացակայում է ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգը:
  • «Մարցիգետ ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ-ի դերիվացիոն խողովակաշարն անցնում է Մարց գետի կողքով: Խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 2818 մ և 2962մ է, տրամագիծը՝ 1420 մմ և 1220մմ: Դիտարկած հատվածներում խողովակաշարը վերգետնյա է:
  • Մարց գետի վրա կառուցված «Մարցիգետ 1» (ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը 4850մ) և «Մարցիգետ 2» ՓՀԷԿ-երի (ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը 4850մ)դերիվացիայի գումարային երկարության (2818 մ և 2962մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է (գետը խողովակի մեջ է վերցված գումարային 10630մ տարածքում) 36.65%:   
  • «Մարցիգետ ՓՀԷԿ-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման համար իրականացվել են ծառահատումներ:
  • ՓՀԷԿ-ի կայանը գտնվում է գազալցակայանի անմիջական հարեւանությամբ, չեն պահպանված քաղաքաշինության եւ անվտանգության նորմերը:
  • Ըստ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների` «Մարցիգետ ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը 2014թ-ին աշխատել է տարվա 12 ամիսներին՝ արտադրելով 7653646 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Նախագծով նախատեսված է 4 ագրեգատ: Այցի օրը աշխատում էր 3 ագրեգատ:
  • Աղմուկը մեծ է, խանգարում է Թումանյան համայնքի բնակիչներին: 

Առաջարկություններ` 

  1. Լուծել ՓՀԷԿ-ի եւ գազալցակայանի անվտանգության խնդիրը` ապահովելով նորմերի կատարումը:
  2. Կառուցել ձկնանցարան Մարց գետում բնակվող ձկների կենսական պահանջներին համապատասխան՝ ապահովելով բնապահպանական թողքի անցումը ձկնանցարանով:
  3.    Տեղադրել ձկնապաշտպան կառույց՝ մանրաձկների անցումը դեպի ՓՀԷԿ-ի խողովակաշար բացառելու նպատակով: 
  4. Վերանայել Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված բնապահպանական թողքի չափաքանակը` ապահովելու գետի էկոլոգիական հավասարակշռությունը:
  5. Ջրառում տեղադրել ջրաչափական սարք եւ ջրի մակարդակի կառավարման ավտոմատ համակարգ:
  6. Տեղադրել ՓՀԷԿ-ի շենքում օդափոխության համակարգ,  ձայնամեկուսացման համակարգ` մասնակի նվազեցնելու աղմուկը:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Սեպտեմբեր 01, 2015 at 14:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր