Փամբակ գետի սանիտարական վիճակը շատ վատ է (Լուսանկարներ)

Փամբակ գետի սանիտարական վիճակը շատ վատ է (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում ԷկոԼուրի աշխատանքային թիմը ուսումնասիրեց Փամբակ գետի վիճակը եւ գետի վրա կառուցված 2 փոքր ՀԷԿ-երի հնարավոր ազդեցությունը գետի եւ հարակից համայնքների վրա:

Սպիտակ քաղաքում Փամբակ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ի խողովակաշարին միացված փոքր խողովակներով ջուր է մատակարարվում ոռոգման համար: 

«Ամառվա սեզոնին` հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ջրելու սեզոնն է, մարդկանց հո չես կարող` անջուր թողնես: Ոռոգման հարցը տեսաք, խողովակներ ենք տվել մենք մարդկանց համար, ջրում են, հետո որ մենք կանգնում ենք, գետի ջուրն ավելանում է, մարդիկ իրենց համար նասոսներ են դնում, ջրում»,- ասաց ՓՀԷԿ-ի ներկայացուցիչը:

Սոցիալական ծրագրեր ՓՀԷԿ-ը չի իրականացնում: «Մթամ կարում ենք մեր գլուխը քորենք, վարկերի տակ ճռնչում ենք: Դեռ մի տարի էլ պիտի վարկ մուծենք: Երբ որ վարկը փակենք, սոցիալական էլ կանենք, ամեն ինչ էլ կանենք», - խոստանում է ՓՀԷԿ-ի ներկայացուցիչը:

Բացի ոռոգումից փոքր ՀԷԿ-երը սոցիալական ազդեցություն ունեն նաեւ Փամբակ գետի սանիտարական վիճակի վրա:

Փամբակի վրա կառուցված մյուս ՓՀԷԿ-ը Արջուտ համայնքի վարչական տարածքում է: Մոտ 2 կմ տարածքում հատկապես ամռան սակավաջուր շրջանում ՓՀԷԿ-ը գետի ջուրը մղում է խողովակաշար: Գետի հունը փակող ՓՀԷԿ-ի պատվարը ամբողջովին վթարային վիճակում է, իրարից մասնատված պատվարի բետոնե սալիկները կանգուն  պահելու համար սալիկների վրա իրար գլխի լցրել են մեծ քարեր: Բացի այն, որ ՓՀԷԿ-ը էկոլոգիական թողք չի ապահովում գետի էկոհամակարգի հավասարակշռության պահպանման համար, այն նաեւ չունի ձկնանցարան: ՓՀԷԿ-ի պատվարն արգելք է հանդիսանում գետում տարածված ձկնատեսակների հոսանքն ի վեր բարձրանալու համար: Բացի այդ, ՓՀԷԿ-ի աղբորսիչ ճաղավանդակների մոտ դրված է հարմարանք, որտեղով աղբորսիչի վրա կուտակված աղբը կարող է հեշտությամբ սահել եւ կրկին հայտնվել գետում: 

Փամբակ գետը Հայաստանի ամենաաղտոտված գետերից է: Գետի ջուրը ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության  մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի  2014 թվականի տեղեկանքի համաձայն, համարվում է ամենակեղտոտը` 5-րդ դասի վատ ջուր:

 
 
 
 
 
 
 
 
 


Սեպտեմբեր 04, 2015 at 13:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր