

ԷկոԼուր
Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը 4 դրամով կթանկացնի ՀԷՑ-ին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը: Այս մասին սույն թվականի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած մեդիա տուրի ժամանակ ասաց Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի նոր սեփականատեր «Քոնթուր Գլոբալ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արա Հովսեփյանը: «Սակագնի որոշումն ընկերության համար վաճառքի գործարքի հիմնական կետերից մեկն է եղել: Տվյալ դեպքում մեր պայմանավորված սակագինը մինչև 2016 թվականի փետրվարը կմնա անփոփոխ: Հետո՝ փետրվարին, մեկ անգամ ավելանում է: 1 կիլովատի համար 9 դրամը բարձրանում է մինչև 13.2 դրամ և մնում է անփոփոխ 25 տարի: Սա մեր սակագինն է ՀԷՑ-ին», -ասաց նա:
Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի սակագինը քաղաքացիների համար սահմանվող սակագնի վրա, Արա Հովսեփյանը նշեց, որ տվյալ սակագինը սահմանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, և ոչ ոք առանձին չի կարող ասել՝ իր սակագինը որ բարձրանում է՝ ինչ ազդեցություն կունենա ընդհանուր սպառման սակագնի վրա:
Ըստ Արա Հովսեփյանի` «Քոնթուր Գլոբալ» ընկերությունը նախատեսում է առաջիկա 5 տարվա ընթացքում 50 միլիոն եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրում: Հիմանականում վերազինվելու են համալիրի սարքավորումները: Նրա խոսքով, վերազինման արդյունքում համալիրի դրվածքային հզորությունը չի ավելանա, սակայն կավելանա աշխատանքի արդյունավետությունն ու արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը:
«Առաջին խնդիրը հիդրոկայանի անխափան աշխատանքի երկարացումն է, որովհետև շատ սարքավորումներ արդեն մոտենում են իրենց բնական կյանքի ավարտին: Պետք է փոխարինվեն, պետք է ներդրումներ կատարվեն, որպեսզի շարունակեն ևս 40-50 տարի աշխատել, - նշեց Արա Հովսեփյանը եւ հավելեց,- ժամանակին կառավարությունն ու գերմանական KfW հիմնադրամը պայմանավորվել էին մի ներդրումային ծրագրի շուրջ Որոտանի կասկադում, որը չսկսվեց, որովհետև հարց առաջացավ, որ կասկադը պետք է վաճառվի: Մենք այն գնելուց հետո ձեռնամուխ եղանք նույն այդ ծրագիրը վերցնելու, և եթե կառավարությունը և KfW հիմնադրամը համաձայնվեն, մենք նույն ծրագիրը նույն վարկավորման սկզբունքներով կվերցնենք և կիրականացնենք»:
Իր հերթին ընկերության տեխնիկական անվտանգության գծով մենեջեր Նիկոլայ Կոլևը նշեց, որ ընկերությունը «լավ նպատակներով է գնել» Որոտանի կասկադը, և բացի սարքավորումների վերազինումից նախատեսում է նաև բարելավել անձնակազմի անվտանգության հարցերը: «Մեր ընկերության մոտեցումն ու նպատակն է, որ դժբախտ պատահարների և շրջակա միջավայրի վրա նեգատիվ ազդեցության զրո դեպքեր պետք է գրանցվեն», - ասաց Նիկոլայ Կոլևը:
«Քոնթուր Գլոբալ»-ը ամերիկյան ընկերություն է: Այն բաղկացած է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, օֆշորային, ոչ օֆշորային գոտիներում գրանցված բազմաթիվ ընկերություններից: Ընկերությունը գնեց Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր 180 միլիոն դոլարով: Արա Հովսեփյանը նշեց, որ գումարի 50 տոկոսը՝ 90 միլիոն դոլարը, արդեն վճարվել է: Գումարը փոխանցվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին, որի 100 տոկոս բաժնետերը ՀՀ կառավարությունն է: Մնացած 50 տոկոսը կվճարվի մինչև 2016 թվականի հուլիսի 30-ը:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ 403 ՄՎտ հզորությամբ այդպիսի կայան այսօր կառուցելու համար հարկավոր է նվազագույնը 900 միլիոն դոլար: Ըստ նրա` Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի գնորդի ամբողջ շահագրգռվածությունը սակագնային փաթեթն է:
«Տաթև» ՀԷԿ-ի և Սպանդարյանի ջրամբարի լուսանկարները
![]() |
|
![]() |
|
![]() |
![]() |
|
|
|
![]() |
![]() |
|
|
![]() |
![]() |
Հոկտեմբեր 13, 2015 at 17:45








