

ԷկոԼուր
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչները ոռոգման ջուր չունենալու պատճառով այս տարի բերք չեն ստացել: Մադինա գյուղի հողերը ոռոգվում են Արգիչի գետի ջրերով: Ըստ բնակիչների՝ ջրի հետ կապված խնդիրները սկսվել են գետի վրա փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումից հետո:
«Երբ Արգիչի գետի ջուրը վերցրեցին ՓՀԷԿ-ն աշխատացնելու նպատակով, ոռոգումը կտրեցին... մեր ոռոգման համակարգը լրիվ խախտվել է, մենք ջուր չունենք, այդ ՓՀԷԿ-ը մեր համար ընդհանրապես վատ է, ոչ միայն Մադինայի, այլ նաև Վերին Գետաշենի, Գեղհովիտի...ջուր չկա», - ԷկոԼուրի հետ զրույցում բողոքեցին Մադինայի բնակիչները:
Այն, որ փոքր ՀԷԿ-ը խնդիրներ է առաջացնելու ոռոգման համար, Մադինայի բնակիչները կանխատեսում էին մինչև ՓՀԷԿ-ի շահագործումը:
«Մենք ժամանակին բարձրաձայնել ենք այս հարցի մասին: Սկզբնական շրջանում իրենք շատ մեծ խոստումներ էին տալիս, որ ջուրը լիարժեք կբավարարի ոռոգման համար, և միաժամանակ կաշխատացնենք հիդրոէլեկտրակայանը: Փաստորեն այսօրվա դրությամբ մեզ մոտ ջրարբիացման համակարգը շատ վատ վիճակում է, - ասաց Մադինայի գյուղապետարանի ներկայացուցիչն ու հավելեց, - մարդիկ հնարավորություն չունեն իրենց հողամասը ջրելու: Ջուրը վերցնում են, տանում են, իրենց ՓՀԷԿ-ը աշխատացնում, իսկ մենք մնում ենք: Ընդհանրապես մենք կարտոֆիլ ենք ցանում: Այս տարի մեր կարտոֆիլի վիճակն ահավոր վատ էր, մարդիկ ոռոգման պատճառով բերք չստացան»: Մեր զրուցակիցներ նշեցին, որ գյուղում ՓՀԷԿ-ի տնօրինության կողմից սոցիալական ծրագրեր չեն իրականացվում:
Մադինա գյուղում, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում է 1055 մարդ: Եկամտի հիմնական աղբյուրներն են հողագործությունն ու անասնապահությունը:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Դեկտեմբեր 11, 2015 at 18:48


