«Սպիտակ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Սպիտակ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Սպիտակ» փոքր ՀԷԿ: «Սպիտակ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի վարչական տարածքում: Այն շահագործում է «էլիզա Ֆարմ» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ը կառուցված է Փամբակ գետի վրա (երկարությունը՝ 86 կմ):

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2009թ-ին:
  • ՓՀԷԿ-ի պատվարն ունի 7 մ երկարություն եւ 1,6 մետր բարձրություն նախագծային 2.6 մ բարձրության եւ 36 մ երկարության փոխարեն: Պատվարը երկաթբետոնե կառույց է, որի վերին մասում տեղադրված է նաև մետաղյա խողովակ։
  • Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում, և բնապահպանական ելքը  գետ էր բաց թողնվում պատվարով, ձկնանցարանով և տղմազտարանով /ավելցուկային ելքը/:
  • Գլխամասում առկա է 4 աստիճաններով դասավորված մոտ 6.5 մ երկարությամբ, մոտ 1.00  մ լայնությամբ բետոնից կառուցված ձկնանցարան նախագծային 1.1մ երկարությամբ եւ 0.3մ բարձրությամբ ձկնանցարանի փոխարեն: Ձկնանցարանի յուրաքանչյուր աստիճանն ունի 30-35 սմ բարձրություն մեկը մյուսի նկատմամբ, զուրկ է ձկների անցման համար նախատեսված ճեղքերից, իսկ վերին աստիճանը ցածր է գետի հունը փակող խողովակից մոտ 60 սմ, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում գաղթող ձկնատեսակների համար:
  • Ձկնանցարանի վերևի աստիճանի հարևանությամբ տեղադրված է մետաղական կառուցվածք, որը կարող է խանգարել ձկների տեղաշարժը և, ըստ երևույթին, նախատեսված է բնապահպանական ելքի կարգավորման /սահմանափակման/ համար:
  • Գլխամասում բացակայում են ձկնապաշտպան ցանցավանդակները: Դրանց փոխարեն առկա է 6 մ երկարություն ունեցող աղբորսիչ 2 ճաղավանդակ,  որոնց ճաղերի միջև հեռավորությունը 5-5.5 սմ սմ է: Ճաղերի միջև այդքան տարածություն ունեցող ճաղավանդակը չի կարող խոչընդոտել Փամբակում բնակվող ձկների մեծ մասի մուտքը ՓՀԷԿ-ի խողովակաշար:
  • Փամբակ գետի տվյալ տեղամասում հանդիպում են հետևյալ ձկնատեսակները՝ Սևանի կողակ /ընդգրկված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/, կարմրախայտ, արևելյան տառեխիկ, կուրի բեղաձուկ: Ձկնային տնտեսություններից հաճախ այստեղ է ներթափանցում ծիածանախայտը:
  • Ջրօգտագործման թույլտվության տվյալների համաձայն` ՓՀԷԿ-ը կարող է Փամբակից տարեկան վերցնել 91389.000խմ ջուր`ապահովելով գետում 0.5խմ/վ բնապահպանական թողք (Նախագծում բնապահպանական թողքը նշված է 0.65խմ/վ):
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Սպիտակ» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 2200884 կՎտ էլեկտրաէներգիա: Մինչդեռ ՓՀԷԿ-ի աշխատակիցների փոխանցմամբ ոռոգման սեզոնին ՓՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվում է, քանի որ  պոմպակայանների միջոցով ջուրը մղվում է ոռոգման խողովակաշար և գետի ջուրը պակասում է:
  •  Ճնշումային խողովակաշարի երկարությունը համապատասխանում է նախագծի տվյալին: Այն 2685 մ է, տրամագիծը`  1420 մմ:
  • Ճնշումային խողովակաշարը հիմնականում վերգետնյա կամ կիսափակ է, ինչը շեղում է նախագծից /Նախագծով նախատեսված է ստորգետնյա/:
  • Կայանի տարածքը կանաչապատ է:
  • Տեղադրված է 2 տրանսֆորմատոր, որոնք ցանկապատված են, սակայն յուղորսիչներ չկան։
  • Կայանում տեղադրված են 2 չինական արտադրության ագրեգատներ, որոնք դիտարկման պահին չէին գործում՝ ըստ շահագործողների, ջուր չլինելու պատճառով, սակայն նախորդ օրերին ՓՀԷԿ-ը գործել է և արտադրել էլեկտրաէներգիա։
  • ՓՀԷԿ-ի աշխատանքը ապահովում է առավելագույնը 470 կվտ դրվածքային հզորություն՝ ինչը նախագծային հզորության կիսով չափ է:
  • ՓՀԷԿ-ի Էլեկտրաէներգիայի ցածր արտադրողականությունը և քիչ ջրաքանակը պայմանավորված են հետևյալ հանգամանքներով. պատվարից 1.2 կմ հեռավորության վրա ճնշումային խողովակաշարից ձկնաբուծական նպատակով իրականացվում է ջրառ, 1.7 կմ հեռավորության վրա իրականացվում է ոռոգման ջրառ:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Կայանում տեղադրված է էլեկտրական պաշտպանությունների վահանակ:
  • Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ չկա:

 Առաջարկություններ

  •  Ապահովել ջրընդունիչ հանգույցն ավտոմատ կառավարման համակարգով:
  • Կարգավորել չափիչ սարքավորումների միջոցով ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը:
  • Անհրաժեշտության դեպքում /ելնելով ոռոգման և ձկնաբուծական նպատակներով ջրառների քանակից/ վերանայել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ցուցանիշները և ջրատնտեսական հաշվարկները, քանի որ ՓՀԷԿ-ը չի ապահովում նախագծային ջրաէներգետիկ ցուցանիշները /ՓՀէԿ-ի համար օգտագործվող ելք, դրվածքային հզորություն և այլն/:
  • Ջրընդունիչ հանգույցում  իրականացնել վերակառուցման աշխատանքներ ձկների պահպանության և հուսալի տեղաշարժի, բնապահպանական ելքի անարգելք անցկացման  համար:
  • Ավելացնել ձկնանցարանների աստիճանների թիվը ևս մեկով, ջրընդունիչում տեղադրել ձկների մուտքը ճնշումային խողովակաշար արգելափակող ճաղավանդակ:
  • Հանել ձկնանցարանի վերևում տեղադրած մետաղական կոնստրուկցիան։
  • Փոխարինել ագրեգատներն ավելի բարձր  տեխնիկական արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կաշխատեն քիչ ջրաքանակով և կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ և կբարձրացնեն ՓՀԷԿ-ի տնտեսական արդյունավետությունը:
  • Տրանսֆոմատորները կահավորել յուղորսիչ համակարգով:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Հունվար 14, 2016 at 11:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր