

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Մեղրի» փոքր ՀԷԿ: «Մեղրի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում: ՓՀԷԿ-ը կառուցված է Մեղրի գետի վրա (երկարությունը 36կմ): «Մեղրի» ՓՀԷԿ-ը գտնվում է «Արեւիկ» ազգային պարկի բուֆերային գոտում: ՓՀԷԿ-ը շահագործում է «ՔՅՈՒ-ՀԱՇ» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- «Մեղրի» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 1936թ-ին:
- Կայանի տիպը հաշվարկային է:
- ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումն, ըստ ընկերության, 50մ է, հաշվարկային ճնշումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 51 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 2.2մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 840կՎտ է: ՀԾԿՀ-ի 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 2.189 մլն.կՎտ.ժամ է, ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 25.06.1999-25.06.2029թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 01.12.2011-01.12.2014թթ..:
- ՓՀԷԿ-ի ՋԹ-ում նշված կոորդինատների եւ իրական կոորդինատների միջեւ տարբերություններն աննշան են, սակայն մեծ են ծովի մակարդակից բարձրությունների անհամապատասխանությունները:
- ՓՀԷԿ-ի բետոնե պատվարի երկարությունը 6 մ է, բարձրությունը՝ 2,5 մ։
- «Մեղրի» ՓՀԷԿ-ի գլխամասում որպես ձկնուղի ծառայում է գետի հունի վրա կառուցված բետոնե պատվարի միջով բացված ճեղքը, որտեղից գետի ջուրն, առվակի նման մոտ 10 մ հոսելով, միանում է պատվարից ներքև գտնվող գետի հունին: Նման կառուցվածը հիշեցնում է բնական սահանք և բավական հեշտ հաղթահարելի է կարմրախայտի, կողակի, Կուրի բեղլուի համար, սակայն որոշ դժվարություններ կարող է հարուցել արևելյան տառեխիկի համար:
- Առկա է մոտ 4.5 մ երկարությամբ հորիզոնական տեղադրված աղբորսիչ ճաղավանդակ, որի ճաղերի միջև հեռավորությունը 5-15 սմ է: Ճաղերի նման հեռավորությունը չի կարող արգելել գետում բնակվող ձկների՝ ճնշումային խողովակում հայտնվելուն:
- Մեղրի գետի այն տեղամասում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, կարող են հանդիպել՝ կարմրախայտը, Կուրի բեղաձուկը, կողակը, արևելյան տառեխիկը:
- Դեպի կայան գետի ջուրը տեղափոխվում է ջրանցքներով և 2 թունելներով (650 և 200մ երկարությամբ), իսկ վերջում 135 մ երկարությամբ եւ 0.66մ տրամագծով 2 զուգահեռ խողովակներով:
- Գետի վրա կառուցված «Մեղրի» (խողովակաշարի երկարությունն, ըստ ՀԾԿՀ-ի, 135մ), «Նժդեհ» » (խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի-ի, 2020մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 5.98%:
- Շահագործման ՋԹ-ի համաձայն՝ «Մեղրի» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 24000.0 հազար խմ ջրառ՝ Մեղրի գետում ապահովելով 0.28խմ/վ բնապահպանական թողք:
- Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում ու հաշվառում ապահովված չէ:
- Գետի հունը բաժանած է երկու մասի, ՓՀԷԿ-ի ջրառի և բնապահպանական թողքի հոսքերը կարգավորվում են բետոնյա պատի և նրա մեջ բացված անցումի միջոցով:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
- ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է ռուսական արտադրության 2 հիդրոագրեգատ, որոնք հնացած են և ունեն տեխնիկական ցածր արդյունավետություն: Դիտարկման պահին աշխատում էր մի ագրեգատը, որը 100լ ջրաքանակով ապահովում էր 100կՎտ դրվածքային հզորություն:
- Կայանում գործում է կիսաավտոմատ կառավարման համակարգ:
- Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Մեղրի» ՓՀԷԿ-ը 2014թ-ին աշխատել է 10 ամիս՝ արտադրելով 2406592 կՎտ էլեկտրաէներգիա:
- Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և կանաչապատված է:
Առաջարկություններ
- Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, չափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում։
- ՓՀԷԿ-ը վերազինել բարձր արդյունավետությամբ նոր, ժամանակակից հիդրոագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ, կաշխատեն քիչ ջրաքանակով և կապահովեն նախագծային հզորություն:
- Ուղղել բոլոր փաստաթղթերում ծովի մակարդակից ջրառի և ջրահեռացման կետերի բացարձակ բարձրությունները։
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Ապրիլ 27, 2016 at 14:26









